Տարածքն իմն է, ինչ ուզենամ, կանեմ՝ ասում է Լևոն Իգիթյանը

Տարածքն իմն է, ինչ ուզենամ, կանեմ՝ ասում է Լևոն Իգիթյանը

«Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանն իրեն դրել է «ցարի» տեղ, գիտի ինքն է այստեղի թագավորը, իսկ մենք՝ նրա կամակատարները, ոնց ասի, տենց պետք է շարժվենք, իսկ եթե չարեցինք, սկսում է սպառնալ, որ աշխատանքից կազատի»,-ասում է կենտրոնի կազմում 30 տարուց ի վեր գործող քարի քանդակի արվեստանոցի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչ Համբարձումյանը: Կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը ցանկանում է իրենց արվեստանոցում շահույթ հետապնդող փայտամշակման ցեխ հիմնել:
«Իգիթյանն ասում է, որ պետք է արվեստանոցը փակվի, տեղը դառնա փայտի ցեխ՝ կենտրոնի համար աթոռ, սեղան արտադրելու համար: Բայց թե ինչու է մեր տարածքն ընտրել, մեզ համար անհասկանալի է: Այդտեղ կան բազմաթիվ այլ տարածքներ, կարող է այդ տարածքներից որեւէ մեկն օգտագործել, ինչո՞ւ է մեր տարածքին կպել ու պոկ չի գալիս, չեմ հասկանում»,-ասաց Հրաչ Համբարձումյանը: Տարածքի համար նույնիսկ տնօրենը եւ ուսուցիչը վիճել են: «Ասում եմ՝ իմաստը ո՞րն է, որ գործող արվեստանոցը փակվի, չէ՞ որ կենտրոնում լիքը դատարկ սենյակներ կան, որոնք կարող եք օգտագործել: Պատասխանում է, որ ինքն է տնօրենը, ոնց ուզի, տենց էլ կանի»,- իրենց կռվի մասին պատմեց Համբարձումյանը: Նրան Լեւոն Իգիթյանը պատասխանել է հետեւյալ խոսքերով. «Я ни перед кем не отчитываюсь». էս աշխարհում ոչ մեկի առաջ չպետք է «отчет» տամ, ես 76 տարի է՝ երեւանցի տղա եմ»: «Բայց իրա երեւանցի տղա լինելը տենց էլ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի խնդրի հետ»,-ասաց Համբարձումյանը: Նրա խոսքով, Իգիթյանը, տեսնելով, որ այս խնդրի շուրջ աղմուկ է բարձրանում, հանկարծ ասել է, որ արտադրամաս չի ստեղծելու, այլ՝ «մուլտիարվեստանոց»:



Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդտեղ դասապրոցես է ընթանում, Իգիթյանը հաստոցներ է արդեն բերել, տարածքում տեղադրել, որի պատճառով քանդակի բաժանմունքի երեխաները դասերի չեն հաճախում: Այս ամենից հետո Իգիթյանը Համբարձումյանին ասել է, որ ինքն իր որոշումից հետ չի կանգնելու, եթե համաձայն չէ՝ կարող է գնալ, կամ էլ ինքը նրան աշխատանքից կազատի: «Եթե համաձայն չես, դիմում գրի՝ դուրս արի, կամ էլ ես քեզ կազատեմ: Նրա առաջարկած սենյակն ընդհանրապես հարմարություններ չունի, եթե մենք էս մեր սենյակում մեր ջանքերով որոշ չափով բարեկարգել ենք, հարմարեցրել քանդակագործության պահանջներին, միջավայրին, իսկ Իգիթյանի առաջարկած սենյակը լամինապատ է, առաստաղը ցածր, ինչպե՞ս այդ պայմաններում աշխատենք»,-ասաց ուսուցիչը: Այդտեղ սովորելու համար վճարում են 7 հազար դրամ, որի 50 տոկոսը փոխանցվում է պետական բյուջե: «Մենք պահանջում ենք, որ մեզ մեր տարածքից չտեղափոխի մեկ այլ տարածք: Եթե նրա տրամադրած տարածքը լավն է, թող ինքն այն օգտագործի, մենք մեր տարածքից շատ գոհ ենք»,-ասաց Համբարձումյանը:



Նույնիսկ այս հարցով դիմել են Հանրային խորհուրդ, որտեղ տեղի կունենա քննարկում: «Ես իրան աշխատանքից հեռացնելու եմ, այ, էդ լուրերը տարածելու համար, իմիջիայլոց, հրամանը սեղանիս վրա դրած ա, բայց էս մի ամիս ա՝ դրա պատճառով դաս չի անցկացնում»,-ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը՝ ավելացնելով, որ իրենց ամենաթույլ մանկավարժին տեղափոխում են բարեկարգ սենյակ: Նրա խոսքով, դեռ որոշված չէ, թե ինչ բաժանմունք է գործելու՝ արտադրամա՞ս, թե՞ մանկական կինոստուդիա: Նա չթաքցրեց ոչ իր նպատակները, ոչ էլ մտադրությունները. «Տարածքն իմն է, եւ ինչ ուզենամ՝ այնտեղ կարող եմ անել: Կարող եմ խանութ բացել, էդ իրավունքն ինձ մեր կանոնադրությամբ տրված է»: Իսկ վերջում էլ առաջարկեց դիմել Պան Գի Մունին, ինչու չէ՝ նաեւ Ստրասբուրգ՝ խնդրին լուծում տալու համար: