Դառնադեղին օր

Դառնադեղին օր

Օղորմածիկ մերս ասում էր` քու մերը մի դատարկ խոսքից էլ ուրախանում ա, մի խոսք ասա` սիրտս հովանա…



Ես էդ խոսքն եմ կորցրել…



Դա դեռ չի նշանակում, թե դրա հնարն եմ կորցրել: Փնտրում էի ամենուր, ամենից շատ՝ իմ պատմվածքներում: Գրում էի, ջնջում, ջնջում ու գրում` ողջ օրը մի քանի տող կամ մի քանի բառ: Դա մորս ավելի էր տխրեցնում:



- Տղա՛ ջան,- ասում էր,- չի՞ լինի մի ուրիշը գրի, դու կարդաս…



Խոսքին հասնելու համար խոսքի պես թռչել պիտի կարողանայի: Միայն թե թռչելուց առաջ մի բան էլ պիտի իմանաս: Քայլել: Քայլում ես՝ ոտքերդ ձիգ, մարմինդ՝ շիտակ, կուրծքդ՝ հաղթ, ուսերդ` լայն, պարանոցդ՝ բարձր, գլուխդ՝ վեր, ճակատդ՝ բաց, հայացքդ` հեռվին, աչքերդ՝ ջինջ, թեւերդ թափահարելով ետ-առաջ, ետ-առաջ… Էդպես Աստված գիտի` քանի օր, ամիս ու տարի… Մինչեւ օդ բարձրանաս… Իսկ հիմա՞… Առայժմ քայլում եմ, քայլում… Սա է կատարելությունը, որ անկատար է: Ողջ կյանքում մորս փափագած խոսքն եմ փնտրել: Փնտրել եմ տանը, դրսում` փողոցներում, հրապարակներում, շուկաներում, սրճարաններում… բայց ոչ երբեք երկնքում, մանավանդ որ էնտեղ ո՛չ ասող կա, ո՛չ էլ լսող: Երկինքը վայելքի համար է: Ինչպես տեսնում եք, ես դեռեւս չեմ սավառնում, առայժմ քայլում եմ… Իմ կյանքը եռանկյունի է` տուն-Վերնիսաժ-սրճարան երթուղով: Իմ գրականությունն ապրում է եռանկյան մեջ: Սրճարանը տնից ու Վերնիսաժից անդին մի այլ աշխարհ է: Սուր գագաթի այս փոքրիկ անկյունում ես ինձ զգում եմ այնպես, ինչպես մեր տանը: Սրճարանը ճնշումներից ու ազդեցություններից դուրս ազատ ու անկախ տարածք է, որտեղ անկաշկանդ թեւածում է միտքը: Մեր միտքը անթեւ թռչուն է` ո՛չ տուն ունի, ո՛չ էլ տեղ: Այն երբեմն էլ բերանից բերան է թռչում` համառորեն ոչ մեկի գլուխը չմտնելով: Ամեն մարդ իր էշն է քշում: Ես էլ ինձ ու գյորա իմ էշն ունեմ` թեեւ-ոտից կաղ, բայց ականջները սրած: Ամեն երեկո կաղ ավանակիս հեծած՝ սրճարան եմ ելնում` ասպարեզը թողած իշխանավոր համբակներին: Ինձ տեսնելիս ամենից շատ ախալքալաքցի բանաստեղծ Արզումանն է ուրախանում: Ասում է.



- Սրճարան մտնելիս սիրտս թփրտում է օղիով,



Ես մի ընկեր ունեմ ախալքալաքցու ազգանունով…



Ասում է, գլուխը հակում ու լռվում իր մի բաժակ օղու առջեւ: Լռությունը նրա մունջ խոսքն է: Նստում է՝ առանց մեր զրույցին խառնվելու: Միայն թե մի ռեպլիկ ուներ, որը ինքն իր համար քթի տակ երբեմն մեջտեղ էր բերում: Հետո աննկատ հեռանում էր՝ այնպես, ինչպես հայտնվել էր: Մինչեւ մեր սրճարանում լինելն ուրիշներն էլ են այստեղ եղել, ովքեր, ավաղ, հիմա մի այլ… տեղ են: Ելնեմ զօղորմի տամ Սամսոն Լալաֆարյանին, Սեյրան Խաթլամաճեանին, Ուստա Սեյրանին, Չաղ Ֆելոյին, Խելքով Ֆելոյին, Ֆելիքս Անիմանալիին, Աշոտ Մաշուրյանին, Գագիկ Ստեփանյանին, Վազգեն Սարգսյանին, Սեթ Կուռազյանին, Յալանուզյան Ռաֆոյին, Ռաֆիկ Նահապետյանին, Վիգեն Պավլովիչին, Արմեն Մարտիրոսյանին, Վահան Վարդանյանին, Լեւոն Խեչոյանին, Ռոմիկ Սարդարյանին, Հրաչյա Բեյլերյանին, Վրեժին, Վաչոյին ու բոլոր նրանց, ովքեր խոսքով եկան ու անխոս հեռացան:



Երկրի վիճակն օրհասական էր: Օրակարգում հայրենիքի փրկության հարցն էր: Խո՞սքն էր փրկելու, թե՞ գործը` հայտնի չէր, բայց որ դա մեր պարտքն էր, ակնհայտ էր յուրաքանչյուրիս: Այդ գործում մենք մենակ չէինք: Մասնագետ ունեինք: Նա ժամանակին Ազգային ժողովի պատգամավոր էր եղել, այն էլ՝ սիրելի: Ոչինչ հավերժ չէ: Մանդատի ժամկետի հետ պակասեց նաեւ ժողովրդական սերը: Բայցեւայնպես, մեծ քաղաքականությունում մնալու փափագը երբեք տեղի չտվեց: Երեւանի շենքերի տակ մեկը մյուսի հետեւից առեւտրական կետերի պես կուսակցություններ էին բացվում: Նա էլ իր դուքանն ունեցավ` սեփական կուսակցությունը: Սկզբնական շրջանում սիրված պատգամավորի կուսակցությունը բավականին բազմամարդ էր` ինքն էր, կինը, որդին, եղբոր որդին, զոքանչն ու իր հավատարիմ շունը` Լուլուն: Կուսակցությունն օրըստօրե բարգավաճում էր: Հատկապես երբ Լուլուն երկու քոթոթ ունեցավ: Գիշերուզօր ճառում, հաչում ու կլանչում էին դահլիճներում, փողոցներում ու հրապարակներում, առաջադրում իրենց քաղաքական ծրագրերը… Ավաղ, անցան քաղաքական հասունության երջանիկ տարիները: Բարգավաճմանը հաջորդեց դեգրադացիան: Սկզբում սատկեց Լուլուն: Քոթոթներն անուշադրության մատնվեցին` կուսակցության պատվավոր անդամից վերածվելով փողոցային անտեր շների: Հետո մահացավ սիրելի զոքանչը: Տղան հարազատ կուսակցությունը լքեց ու դարձավ հանրապետական: Եղբոր տղան կուսակցական գույքի բաժանման ժամանակ ծագած բանավեճում ֆիզիկական բռնության ենթարկվեց: Նա, որպես տուժած անձ, քաղաքական ապաստան գտավ Գերմանիայում: Ամենածանր հարվածը, սակայն, վերջում եղավ: Կինը բաժանվեց ու նոր կուսակցություն հիմնեց: Նա ընդդիմադիր դիրքերից անողոք քննադատության էր ենթարկում նախկին ամուսնու գաղափարական պլատֆորմը՝ նրան մեղադրելով բոնապարտիզմի ու նարցիզմի մեջ: Հարազատ կնոջ ու ժողովրդի կողմից լքված նախկին պատգամավորը նիհիլիզմի գիրկն ընկավ: Երկար ժամանակ տառապում էր ընկճախտով: Մինչեւ որ հայտնվեց սրճարանում: Վերջին պատվարը մենք էինք ու մեր շրջապատը՝ իր քաղցր ու անուշ Հայաստանի միակ հասանելի ամբիոնը հանրապետությունում: Նա իր տանն այլեւս տեղ չուներ: Դուրսը որ չլիներ, ներսում կորած էր: Գիտեինք բոլորս: Այնուամենայնիվ, նա լավատես էր: Հայաստանի նկատմամբ սերը չէր պակասում: Ընդհակառակը, գնալով ահագնանում էր: Դա Արզումանին կատաղեցնում էր.



- Ես Ձեր անուշ Հայաստանի…,- քթի տակ մրթմրթում էր:



Բանը հայրենիքի փրկությանը չէր հասել: Սիրված պատգամավորին ուրիշ զրույց էին դեմ տվել: Ղուշչյանը նոր էր գյուղից վերադարձել: Էնտեղի վերջին նորություններից էր պատմում:



- Արա՛,- խնդմնդալով ասում էր,- մեր գյուղից մի կնիկ գնում է իր հիվանդ ընկերուհուն տեսության: Բակում կանգնած մի ղզղնած էշ ա աչքն ընկնում: Էդ անտերը անդերը հանել, դալլաքի ղաիշի պես թառ էր տվել: Մնում, մնում, մեկ էլ թափ էր տալիս ու իր սեւ, հաստ ու երկար հաջաթը զարկում փորին: Բուղը վրից ծուլ էր լինում, ոնց որ շիկացած էրկաթ, էնպես, որ ամեն զարկի հետ էդ կնգա սիրտը դղրդում էր: Էդ տրամադրությամբ էլ մտնում ա ընկերուհուն տեսության:



- Ախչի՛,- ասում ա,- դրան դիմանալ կըլնի՞…



- Ի՜, ախչի՜,- տկար ու ճլորած վզի վրա երերացող գլուխը հազիվ բարձրացնելով` նվաղուն ձայնով ասում ա,- դու առողչութին ասա, թե չէ՝ դրան դիմանալն ի՞նչ ա…
Ասես բոցից կրակ բռնկվեր: Խոսքից հրդեհ էր բռնկվել: Ծիծաղի լեզվակները խժռում էին մեզ:



- Էդ կնիկը կդիմանա, է՜,- ծիծաղն իր մեջ խեղդելով՝ ասաց Աբոն: Նրա բացված ձեռնափը նախկին պատգամավորին էր ուղղված,- դու մեզ ասա, թե սրա պեսներին ո՞նց ենք դիմանում…



- Ես Ձեր անուշ Հայաստանի…,- մրթմրթում էր Արզումանը, քեռիս կասեր` շինած արջի պես:



- Դիմացող եք` թուրքերին դիմանայիք,- նախկին պատգամավորի խոսքն Աբոյին էր ուղղված:



Աբոյի գործածական անունը Օրթախ Աբո էր: Որ ուրիշ օրթախ չունենար, մենք կայինք ու կայինք: Նա խոսք ու զրույցի մեծ սիրահար էր: Սովորաբար մեր վերցրած սուրճի, թեյի, ջրի համար ինքն էր վճարում: Պատրաստ էր էլի վճարել, միայն թե սրճարանում ասող-խոսողի եւ հատկապես վիճաբանողի պակասություն չզգացվեր:



- Թուրքի ինչի՞ն դիմանանք,- դժկամությամբ ականջը նախկին պատգամավորին էր դարձրել:



- Թուրքի ինչի՞ն են դիմանում,- վրա տվեց նախկին պատգամավորը,- Եղեռնին, պատերազմին, բլոկադային, սպանդին, դիպուկահարներին, երեսպաշտությանը, քծնանքին…



- Հա՛, է, հա՛, հասկացանք` թուրքը մեղավոր ա… բա մենք հեչ մեղք չունե՞նք,- Աբոն սեփական կուրծքն էր ծեծում:



- Զոհի մեղքը ո՞րն ա…,- դեմքին չքմեղ արտահայտություն էր տվել նախկին պատգամավորը:



- Խելքի պակասությունը,- Աբոյի մատն ուղղված էր նախկին պատգամավորի քունքին,- երեկ էլ էինք խելքից պակաս, էսօր էլ… Հենա` մեր սազանդարները գնացել են Մոսկվա` ժողովրդական երգի փառատոնի… Տարած երգն էլ ի՞նչ ա` «Ես ու ախպերս»: Թուրքից էլ թուրքերեն կլկլացնում են` «Ես ու ախպերս գնում ենք թուրք սպանելու…», «Ես ու ախպերս գնում ենք թուրք սպանելու…»:



- Արա՛, արա՛,- ոգեւորվեց Հայկունին,- հա՛, է, հա՛, ադրբեջանցիներն էլ բողոքել էին…



- Բա չբողոքե՞ն… Դուք լինեք` չե՞ք բողոքի…,- բորբոքվել էր Աբոն,- մի դար առաջ էլ երգում էինք` «Սարսափը պատեց Օսմանյան զորքին…», «Մարմարա ծովը արյան ծով կդարձնենք…»: Վախ-վախ,- ախ էր քաշում հեգնանքով,- մարդ էլ էսքան անխիղճ լինի՞…



- Ինչի՞, լա՞վ չի…,- աքաղաղի պես կուրծքը փքել էր նախկին պատգամավորը:



- «Զարմանում եմ, թե լուսնի տակ ինչ էշեր են քայլում»,- զարմացել էր Աբոն:



- Ախր, վատը հայի դուխը պահելը չի, է,- ձեռքին պահած թեյը սեղանին դրեց Ղուշչյանը,- վատը էսպիսի հայրենասերներն են. դրանք հայրենասեր չեն, դրանք սրած դանակ են, կռիվ են…



- Արա՛, արա՛,- բարկությունից ջղաձգվում էր Օրթախ Աբոն,- էս մարդկանց էդպես էլ չկարողացա բացատրել, որ լավ ու վատ ժողովուրդներ չեն լինում,- ջրով լի բաժակը, ասես անալիզի անոթ, պարզել էր օդում,- ցանկացած ժողովուրդ անմեղ է, ինչպես էս բաժակով ջուրը… Մի պտղունցն էլ բավական է… Մի պտղունց քաղցրությունը քաղցրացնում է, մի պտղունց դառնությունը` դառնացնում…



- Թուրքին որ չսպանեցիր, ինքն ա քեզ սպանելու,- կայծկլտում էին պատգամավորական աչքերը,- բա ի՞նչ անենք, Լեւոնի պես քիրվա խաղացնե՞նք…



Աշխուժանալու հերթն իմն էր: Աթոռս առաջ քաշեցի: Տխրելու փոխարեն ուրախացել էի: Մտածում էի՝ խոսքը եթե լրջով չի հասկացվում, մեկ էլ տեսար կատակով հասկացվեց:



- Պարո՛ն պատգամավոր,- ցուցադրական հարգանքով դիմեցի էքս պատգամավորին,- ի դեպ, մեր Վերնիսաժում ինձնից քիրվայասերն էլ կա… Բաքվեցի Գուգոն քեզ ղուրբան: Հեռուստացույցով տեսած կլինեք Վերնիսաժի կրակոցները… Առաջին իսկ կրակոցից Գուգոն, առաջի արծաթը թողած, իրեն գցեց մարտադաշտ: Որ վերադարձավ, հարցրինք, թե` ա՛յ ապուշ, ափալ-թափալ քեզ ո՞ւր էիր գցում… Ասաց՝ արա՛, հենց իմանում էի մերոնք էկան… Էն էլ գնացի՝ տենամ ձերոնք են իրար կոտորում…



- Լեւո՛ն,- նախկին պատգամավորի ստորին ծնոտը հուզմունքից ցնցվում էր,- զգո՛ւյշ եղիր, էդ լեզվիդ երեսից մի օր քեզ գյուլլելու են…



Աբոն նողկանքով ժպտաց.



- Հանգի՛ստ կաց,- ասաց,- Լեւոնը չի մեռնի… Ով հիշատակ չունի, նա է մեռնում…



Հայկունը բաժակից մի ումպ զուլալ ջուր կում արեց:



- Դուք մեր տեղական թուրքերին թողած,- ասաց,- արտասահմանի թուրքերից եք խոսում:



Դուք էն ասեք,- ասաց,- որ ամենուրեք կարմիր գծեր են: Եվ էդ գծերը միայն փողոցներում չեն… Կարմիր գիծը մեր մեջ է, մեր ու մեր պետության միջեւ… Կարմիր գծից անդին կաշառակերություն է, կոռուպցիա, թալան, անարդարություն, թշվառություն, անտերություն…



Ուշ էր: Սրճարանի լույսերը թեթեւակի թարթումով օրվա ավարտն էին հուշում: Մեր միջի բանաստեղծն արդեն գնացել էր: Մեկը չկար, որ ասեր.



- «Ես Ձեր անուշ Հայաստանի…»:



- Հարցն էլ էն ա,- ասաց Աբոն,- որ մեր երկրում ամեն ինչ կեղծ ա, նույնիսկ ընդդիմությունը… Ասենք, օլիգարխներից ի՞նչ ընդդիմություն…



- Արեւելյան իմաստությունն ասում ա,- ասաց Հայկունը,- հարուստը չի կարող ազնիվ լինել, ազնիվը` հարուստ…



- Բա ի՞նչ անենք,- ասինք:



Մի հարցում մենք միաձայն էինք:



- Պիտի անենք այն, ինչ չենք կարող չանել…



Անձամբ ես պիտի գրեմ: Պիտի գրեմ այն, ինչ չեմ կարող չգրել… Բայց ի՞նչ, ինչպե՞ս, երբ կորցրել եմ բաղձալի խոսքը…



Միտքս խառնիխուռն բաներ են գալիս: Չէ՛, դժվար թե էս գրությունը մորս դուր գար: Քայլում եմ աննկատ, հայրենիքից հեռու… Ոտքիս տակի հողն եմ կորցրել: Օրնիբուն քայլում եմ` ոտքերս՝ ձիգ, մարմինս՝ շիտակ, կուրծքս՝ հաղթ, ուսերս՝ լայն, պարանոցս՝ բարձր, գլուխս՝ վեր, ճակատս՝ բաց, հայացքս՝ հեռվին, աչքերս՝ ջինջ… Միգուցե մի այլ` իսկական հայրենիք գտնեմ: Կգտնե՞մ արդյոք… Օ՜, այն ժամանակ ես երկինք կելնեմ: Եվ ոչ ոք, աշխարհի եւ ոչ մի բանաստեղծ շուրթերը հայհոյանքով չի պղծի…
Իսկ հիմա աշուն է, դառնադեղին օր:



ՀԳ. Ճշմարիտ խոսքը Մարգարեի բերանում է: Իմ ծննդավայրից հեռուստալրագրողներ էին եկել: Եկել էին՝ ստեղծագործական կյանքիս մասին ֆիլմ նկարահանելու: Մոտ մեկ ժամանոց ֆիլմ նկարեցին: Էս վերջերս ցուցադրվեց տեղական հեռուստատեսությամբ:



Հայրենակիցներիս հրճվանքին չափ չկար: Ասում են` Մարգարեն իր գավառում հարգանք չունի.



- Կարո՞ղ է ես Մարգարե չեմ…



…Թե չէ՝ հայրենի իշխանությունները մի շնորհի էլ ինձ կարժանացնեին: Քավ լիցի:



Վերնիսաժում կողքիս կանգնած Վահագնը ասում է.



- Ջավախյա՛ն ջան, քանի մրցանակ չես ստացել, կայֆ արա…



Էդպես էլ անում եմ: Մորս փափագած խոսքն եմ փնտրում…



Լեւոն
ՋԱՎԱԽՅԱՆ