Դդմի օրը

Դդմի օրը

Երեւանի կենդանաբանական այգու ամենամսյա միջոցառումները, որին մասնակցում են հազարավոր երեխաներ Հայաստանի տարբեր անկյուններից, միտում ունեն ոչ միայն հետաքրքիր ու հագեցած դարձնել պատանի այցելուների օրը, այլեւ համալրել բնության մասին նրանց գիտելիքները, գրագետ վերաբերմունք ձեւավորել շրջակա միջավայրի հանդեպ:



Այդպիսի միջոցառում էր «Դդմի օր» տոն-մրցույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառմանն աջակցում էր հիմնադրամի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Հիմնադրամի բնապահպանական կրթության երկարաժամկետ նախագծի շրջանակում իրականացվող «Դդմի օր» տոն-մրցույթը հնարավորություն է՝ տարբեր կենդանիների սննդակարգի ու կենսակերպի մասին սովորելու, նաեւ գիտակցելու կենդանական աշխարհի հանդեպ մեր պատասխանատվությունը: Շուրջ 1500 երեխա մասնակցեցին աշնանային այս գունավոր տոնին ՝ ստեղծարար ու հնարամիտ լուծումներով ձեւավորելով դդմից, այլ մրգերից ու բանջարեղենից իրենց սիրելի կենդանու համար պատրաստված կերակուրները:
Ամենանորարար ուտեստ պատրաստած խումբը՝ Հայ-ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցը, շահեց օրվա գլխավոր մրցանակը՝ լուսանկարչական ապարատ: Լավագույն գաղափարի համար պարգեւատրվեց Խ. Աբովյանի անվ. թիվ 84 հիմնական դպրոցը, իսկ ամենահամեղ ուտեստը պատրաստել էին Գ. Ստեփանյանի անվ. թիվ 135 հիմնական դպրոցի սաները: Հանձնվեցին նաեւ հատուկ խրախուսական մրցանակներ եւ վկայագրեր:



«Մենք արջի համար ենք կերակուր պատրաստում: Դդմի մեջ լիքը բանջարեղեն ու միրգ ենք լցրել, ու որպեսզի արջուկին ավելի շատ դուր գա, էդ ամենի վրա շա՜տ մեղր ենք լցրել»,- պատմեց իննամյա Արսենը, ով մրցույթին մասնակցում էր իր դասընկերների հետ:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի համար Դդմի օրն ավելին է, քան զվարճալի միջոցառում: «Այս նախաձեռնությունները թույլ են տալիս երեխաներին ընդլայնել գիտելիքներն իրենց շրջապատող աշխարհի, կենդանիների մասին, մասնավորապես՝ ինչպես կերակրել ու խնամել նրանց: Մեր ապագան շատ ավելի լուսավոր կլինի, եթե երեխաները վաղ տարիքից սովորեն հարգել իրենց շրջակա միջավայրը», - նշեց նա:



Միջոցառումն առավելագույնս հասանելի դարձնելու նպատակով, Երեւանի կենդանաբանական այգին նոյեմբերի 15-ին անվճար մուտք էր սահմանել մինչեւ 16 տարեկան երեխաների եւ 70-ն անց թոշակառուների համար:



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության եւ համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարեւորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության եւ դրա հետեւանքների նվազեցմանը, որը նախապայման է Հայաստանի դրական զարգացման:



Հարցերի համար կարող եք դիմել Սյուզաննա Պետրոսյանին.
[email protected], 010 555209, 077933772: