Նկարել եմ գրողների, որոնց մեծությունից ամաչում էիր

Նկարել եմ գրողների, որոնց մեծությունից ամաչում էիր

Բախշի Խաչատրյանը Հայաստանի գրողների միության լուսանկարիչն է տարիներ ի վեր: Միության դիմաց կանգնեցված ֆոտոյի ցուցանակն էլ, արդեն 2 տասնամյակ, հուշում է, թե որտեղ փնտրել լուսանկարչին, ով հարցազրույցի առաջարկից անակնկալի է գալիս ու համեստորեն մատնանշում իրենից ավելի «մեծերին», բայցեւայնպես, մեր զրույցն ստացվում է ինքնաբերաբար:



Մարտիրոս Սարյան, Հրանտ Մաթեւոսյան, Զահրատ, Օհան Դուրյան, Մհեր Մկրտչյան եւ էլի շատ մեծությունների է լուսանկարել Բախշի Խաչատրյանը, բոլորին միանգամից թվարկել դժվարանում է, հետո հիշում է, որ մի անգամ էլ Շիրազին է նկարել` դպրոցում հանդիպման ժամանակ, բայց մինչեւ հիմա չի հիշում, թե այդ ժապավենը որտեղ է դրել:



Շուրջ 50 տարվա լուսանկարչական փորձ ունի Բախշի Խաչատրյանը, պատմում է, որ 16 տարեկան էր, երբ գնաց «Պիոներ կանչ», սկզբում աշխատում էր որպես ցրիչ, հետո ծանոթացավ լուսանկարիչ Պողոս Պողոսյանի հետ, ումից էլ սովորեց լուսանկարելու արվեստը: Ասում է՝ այն ժամանակ չէր էլ պատկերացնի, որ ամբողջ կյանքն այս գործի մեջ է անցկացնելու. «Եթե հիմա ասեն գնա, ուրիշ գործ արա, չեմ կարողանա: Եղել է ժամանակ, որ, տարբեր հանգամանքներից ելնելով, ուրիշ գործեր եմ արել, որոշ ժամանակ թողել եմ անգամ լուսանկարչությունը, բայց էդքանից հետո նորից եկա այս գործին, որովհետեւ իմը սա էր, սրանով եմ շնչել: Այս սենյակ որ գալիս եմ, հանգստանում եմ, սա եթե չլիներ, երեւի երկար չապրեի, առավոտը հենց աչքերս բացում եմ, ասում եմ՝ ե՞րբ եմ հասնելու գործի տեղ»:



Վերջին 20 տարին հենց այդ սենյակում է աշխատում` նկարելով հիմնականում փաստաթղթային, անձնագրային ֆոտոներ եւ դիմանկարներ: Ասում է՝ չնայած պավիլյոնային լուսանկարչությունը երբեք չի սիրել, բայց, տարիքից ելնելով, ստիպված է սենյակում աշխատել. «Ամենաճիշտը դրսում աշխատելն է, լուսանկարիչը երբեք ներսը չպետք է նստի: Ժամանակին ամբողջ քաղաքը ոտքով էի ման գալիս, չհաշված կողքից մի 20 կգ կշռող տեխնիկան»:



Նրա կարծիքով, անկախ իրադարձություն լինել-չլինելուց, լուսանկարիչն ինքը պետք է թարմ բան գտնի` թեկուզ իր ամենօրյա ճանապարհին: Ասում է` ամեն մարդու նկարելուց առաջ պիտի իրեն գտնես իր մեջ, որ կարողանաս նկարել, հետո՝ մեկ-երկու նկարով չես կարող որոշել, թե ինչ բնավորություն ունի այդ մարդը: Փորձերը կարող են անթիվ լինել, մինչեւ ուզածդ կադրը չստանաս:



Պատմում է, որ այն, ինչ իրենք էին նկարում ամսագրերի, թերթերի համար, ամբողջությամբ տարբերվում է այսօր նկարածից. «Հիմա թերթերում լուսանկար չկա, իսկ մենք այն ժամանակ մտածում էինք՝ 1-ին էջի համար ինչ նկար անենք: Հիմա ինտերնետից քաշում տպում են ու վերջ, այդ պատասխանատվությունն էլ չկա, այն ժամանակ լուսանկարն ավելի շատ էին գնահատում, քան հիմա»: Հետաքրքրվում եմ, թե իրենց ժամանակներում թերթերում կայի՞ն ֆոտոխմբագիրներ, ասում է` կար իլյուստրացիայի բաժնի վարիչ, ով սովորաբար նկարիչ էր լինում:



«Պետք էր լինում՝ սիրահար զույգերի էիր նկարում, պետք էր լինում՝ գարուն, արագիլներով կամ աշուն»: Բայց արագիլներով գարունն ու աշունն 1-ին էջում տեղ գտնո՞ւմ էին, ասում է` անպայման, այն էլ մեծ մասշտաբով, հետո նկատում է, որ այսօր առաջին էջում նման «ռոմանտիկ» նկարներ էլ չեն տպում, փոխարենը քաղաքական՝ ինչքան ուզես, իսկ ամսագրերի դեպքում էլ պահանջված են էրոտիկ լուսանկարները: Հարցնում եմ` այն ժամանակ չկայի՞ն ամսագրեր, որ էրոտիկ լուսանկարներ տպագրեին, ասում է` ոչ, հետո մանրամասնում է. «Կարող է ես նկարեի, բայց ոչ մի տեղ չէի տպում, նման լուսանկարների պահանջարկ չկար»:



Լուսանկարիչ Բախշին զրույցի ընթացքում նաեւ նկատում է՝ իրենց ժամանակ այդքան աղջիկ լուսանկարիչներ չկային, որքան հիմա, ինչի համար ուրախ է: Միակ մտահոգությունն ու ցավն այն է, որ Եվրոպայի վատը չընդօրինակեն երիտասարդները ու «մեր տարազը, հայկական օրենքները» պահեն: Հետո հավելում է՝ հատկապես հայ կանայք, որովհետեւ, ըստ նրա, հիմա դա չկա: Հարցնում եմ` ի՞նչ են անում հայ կանայք, որ չկա, ազա՞տ են, բա՞ց են հագնվում, ասում է` այո, ու պատմում, որ վերջերս առանց ներքնազգեստի մեկը եկել էր անձնագրի համար լուսանկարվելու, բայց ճանապարհ էր դրել այդ աղջկան, չէր նկարել, ինչպես ինքն է ասում՝ պարկեշտությունը թույլ չէր տվել:



Բախշի Խաչատրյանն աշխատել է հայաստանյան համարյա բոլոր թերթերում` «Պիոներ կանչ», «Գարուն», «Երկիր», «Շինարար», «Ֆիզկուլտուրնիկ», «Էպոխա», «Երեկոյան Երեւան», «Հայաստան», ասում է՝ այնքան քնած պատգամավոր է նկարել ու թերթերին տվել, որ ասելու չէ:



Բախշի Խաչատրյանը նաեւ այն ֆոտոլրագրողներից է, ով նկարել է Ղարաբաղի պատերազմը: «Շատ դժվար էր պատերազմի ժամանակ նկարել, որովհետեւ ամեն րոպե կարող էիր նշանառության տակ ընկնել»,-ասում է ու ընթացքում ցույց տալիս այդ տարիներից լուսանկարներ:



Ինչպես շատերը, լուսանկարիչն էլ չի սիրում ու դժվարանում է այդ տարիներից պատմել. «Դժվար էր, անգամ եղել է, որ շրջափակման մեջ ենք մնացել, շատ լուսանկարներ կան, որ ոչ մեկի ցույց չեմ տվել, բայց պահում եմ»:



Օրինաչափ է դարձել, շատ լուսանկարիչներ պատերազմից հետո սկսում են փնտրել իրենց հերոսներին, Բախշին էլ ցույց է տալիս դատարկ պարկուճները ձեռքին տղայի լուսանկարն ու պատմում, որ պատերազմից հետո գնացել գտել է այդ տղային, անգամ բերել է իր աշխատավայր ու տարիներ անց նորից նկարել նրան:



Գրողների միությունում լուսանկարչի կենսագրությունն սկսվում է 95թ.-ից, երբ միության նախագահն էր Հրանտ Մաթեւոսյանը: Ասում է՝ բոլոր ՀԳՄ նախագահների հետ էլ հեշտ էր աշխատել, թե Հրանտ Մաթեւոսյանի, թե Լեւոն Անանյանի եւ թե ներկայիս նախագահ Էդիկ Միլիտոնյանի հետ. «Որ ասեմ Հրանտ Մաթեւոսյանը սիրում էր նկարվել, չէ՛, բայց գտնում էինք պահեր, իսկ հատուկ որ ասեր՝ արի ինձ նկարի, չի եղել»:



ՀԳՄ լուսանկարչին հարցնում եմ` քմահա՞ճ են մեր գրողները: «Չէի ասի, ուղղակի ժամանակին նկարում էի գրողների, որոնց մեծությունից դու ամաչում էիր, որովհետեւ էն ժամանակվա գրողները մեծություն էին, հարգանք ունեին: Հիմիկվա գրողներն ուրիշ են, էն ժամանակվա գրողները՝ ուրիշ: Գիտե՞ս դա ինչ էր, երբ Շիրազ կամ Սեւակ էիր տեսնում… ուրախություն էր այդ օրը»:



Իր տասնամյակների փորձառությունից Բախշին ցավով է նշում, որ ֆոտո գնալու ավանդույթը վերացավ հեռախոսների ի հայտ գալով. «Բոլորին թվաց, թե հեռախոսով որ նկարեցին, որակ տվեցին, բայց պետք է յուրաքանչյուր ընտանիք որակով լուսանկարներ ունենա, որ, Աստված չանի՝ վաղը մի բան լինի, այդ ընտանիքը կարողանա մի նկար ունենալ»:



Թվային տեխնոլոգիաների դարում, ինչպես բոլոր լուսանկարիչները, Բախշին էլ 10 տարի է արդեն, ինչ ժապավենից անցում է կատարել թվայինին, բայց արխիվը դեռ թվայնացված չէ: Սկզբի տարիներին, երբ սկսել է նկարել, շատ բաներ չի արխիվացրել, վերջին 30 տարվա լուսանկարներն են միայն արխիվացված, որոնց մեծ մասը ժապավեններ են: Դրանք կազմում են մոտ 50 արկղ: Հետո մատնացույց է անում սենյակի ձեղնահարկն ու նշում, որ կեսն աշխատասենյակում է պահում, կեսն էլ՝ տանը:



Բախշին, զարմանալիորեն, մեծ հավակնությունների լուսանկարիչ չէ, ասում է՝ լուսանկարել է, իր գործն է արել, մրցույթների չի մասնակցել, բայց հիշում է, որ ֆոտոներից մեկն Անգլիայում, մյուսն Ամերիկայում, երրորդն էլ «Սովետսկի ֆոտո» ամսագրում են տպվել, հետո հանկարծակի մտաբերում է, որ 2 անգամ էլ պատվոգրերի է արժանացել ՀԳՄ-ի կողմից, մի անգամ Անանյանի, մի անգամ էլ՝ Միլիտոնյանի ժամանակ:



Իր գրեթե կեսդարյա կենսագրության մեջ լուսանկարիչ Բախշին ընդամենը մի քանի տարի առաջ է անհատական ցուցահանդես ունեցել, որտեղ ցուցադրել է տարբեր տարիների եւ տարբեր ժանրերի իր աշխատանքները: Ասում է՝ կուզեր նաեւ ֆոտոալբոմ հրատարակել, բայց այդ ամենը փող է, իսկ դիմել մշակույթի նախարարությանը կամ որեւէ մեկին, չի փորձել. «Եթե Աստված հաջողի՝ ողջ մնացի, գիրք կհրատարակեմ»: