6 օրով Երևանը կդառնա թատերական մայրաքաղաք

6 օրով Երևանը կդառնա թատերական մայրաքաղաք

Առաջիկա 6 օրերին Երեւանը կլինի թատերական մայրաքաղաք: Նոյեմբերի 17-22-ը Երեւանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը` «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով:



Հայաստանում անցկացվող թատերական կոնգրեսին մոտ 300 պատվիրակներ են ժամանել Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից: Միջազգային թատերական ինստիտուտը (ՄԹԻ) կատարողական արվեստի աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է: Այն ունի մոտավորապես 100 կենտրոն եւ կազմակերպության անդամներ ողջ աշխարհով մեկ: Յուրաքանչյուր երկրորդ տարին ՄԹԻ-ի անդամները հավաքվում են համաշխարհային կոնգրեսի ժամանակ` ինստիտուտի ապագա անելիքներն ու նախագծերը պլանավորելու:



Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն նշեց, որ ՄԹԻ կոնգրեսն անցկացնելու համար իրենք շատ տարբերակներ են ունեցել, վերջին ընտրությունը կանգ է առել Ադրբեջանի վրա, բայց որոշել են գնալ մի տեղ, որտեղ կա խոսքի ազատություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որոշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, թե՞ իրենց կազմակերպությունը, ինչին Բիանկոնեն պատասխանեց, որ իրենց կազմակերպությունն այնպիսին է, որ իրենք են որոշում ուր գնալ, եւ որոշեցին գնալ ոչ թե Բաքու՝ գումարի հետեւից, այլ Հայաստան՝ թատրոնի հետեւից, որտեղ սիրտ կա:



Թե ինչ կտա այդ կոնգրեսը հայ թատերական կյանքին, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ընդգծում է, որ միայն մեզնից է կախված, մեր թատերական գործիչների շահագրգռվածությունից, եւ դա շատ լավ հնարավորություն է, որ թատերարվեստի մարդիկ կապեր ստեղծեն, ի վերջո, թատերական աշխարհի 300 ներկայացուցիչ է եկել Հայաստան, ինչն ամեն օր տեղի չի ունենում:
Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային եւ թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, հանդիպումներ: Երեկոյան ժամերին թե պատվիրակները եւ թե հանդիսատեսը կարող են ներկայացումներ դիտել թատրոններում: