Ոչ մի կենդանի բան ՀԳՄ նորացված կայքում

Ոչ մի կենդանի բան ՀԳՄ նորացված կայքում

ՀԳՄ նորացված կայքն արդեն երկար ժամանակ է՝ ասես փորձարկման շրջանում գտնվի, ոչ միայն չի թարմացվում, այլեւ վերջին «ամենաթարմ» հրապարակումը մեկուկես ամսվա վաղեմություն ունի: Նորացված կայքում կենդանի ոչ մի բան չես գտնի կարդալու համար, այն կարծես շնորհավորանքների, հայտարարությունների, ոգեկոչումների, հոբելյանների լրահոս լինի: Բայց «լրահոսն» էլ մեղմ է ասված, որովհետեւ այն ամբողջությամբ սահմանափակվում է մի 20-25 լուրով:



ՀԳՄ կայքի գլխավոր լուրերի պատուհանում տեղադրված նյութերը մի պահ շփոթության մեջ են գցում գրողների հետքերով կայք մտածներին. տպավորությունն այնպիսին է, թե ԱԺ-ի կամ կառավարության կայքերն ես մտել: Գլխավոր պատուհանում նախ տեսնում ենք նախագահի նկարն ու ջերմագին շնորհավորանքները ՀԳՄ-ի 80-ամյակի առիթով, ապա կաթողիկոսի լուսանկարն ու հայրապետական օրհնությունը Գրողների միության անդամներին, որից հետո գալիս են մանր ձկները. ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեմաղթանքները 80-ամյա կառույցին եւ նրա գրողներին:



Անցնենք նորացված կայքի բաժիններին. «Նոր գրքեր» բաժնում 4 գրքի մասին ինֆորմացիա է տեղադրված, ամենավերջինը հունիսի 22-ին տեղադրված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասիրի» վեպի հրատարակման մասին լուրն է: Մյուս՝ «Շնորհանդեսներ», «Հոբելյաններ», «Հարցազրույցներ», «Հրապարակումներ» բաժիններում տեղադրված նյութերն ավելի մեծ վաղեմություն ունեն եւ դարձյալ սահմանափակվում են մի քանի նյութերով: Իսկ «Հաշվետվություններ» բաժինն ընդհանրապես դատարկ է: «Գրական կյանք» բաժնում էլ ներառված են մարզերը, Արցախը եւ Սփյուռքը, որոնց մեկ տարվա գրական կյանքն ամփոփվում է մի քանի անդրադարձում:



Մոտ 400 անդամ ունեցող ՀԳՄ կայքը ոչ միայն անտեր տպավորություն է թողնում, այլեւ անփույթ. «Աշխատակազմ» բաժնում՝ «Ուղեգրեր» բաժնի տակ կարդում ենք. «Ղեկ.՝ Լյուդմիլա ……. », այսինքն՝ մի քանի կախման կետ մարդու ազգանվան փոխարեն:
«ՀԳՄ անդամներ» բաժինն ավելի քան «տպավորիչ» է. իրար հետեւից շարքով տեղադրված են գրողների մասին տվյալներ՝ առանց լուսանկարների:



Կարելի է կարծել, թե գործ ունես «անդեմ» միության «անդեմ» անդամների հետ, մինչդեռ հենց ՀԳՄ կայքում պետք է գտնես նրանց մասին հնարավորինս ամբողջական ինֆորմացիա: Հետաքրքիր է նաեւ գրողների կենսագրական հատվածը:



Պարզվում է՝ «Երկեր» եւ «Պարգեւներ» տողերի տակ անձնական ինֆորմացիան տեղավորել են ընդամենը 5 կետի տակ: Այսինքն՝ եթե որեւէ մեկը 5-ից ավելի գիրք է հրատարակել եւ 5-ից ավելի պարգեւների է արժանացել, նրան խնդրել են իր ցանկությամբ առանձնացնել 5-ը: Եթե տպագիր տարբերակի հետ գործ ունենայինք, կասեինք՝ տարածքի խնդիր են ունեցել, բայց այս դեպքում մոտեցման սկզբունքն անհասկանալի է:



Կայքում տեղադրված համարով զանգահարեցինք՝ պարզելու, թե կայքն ունի՞ արդյոք խմբագիր, եւ դրանով ինչ-որ մեկը, առհասարակ, զբաղվո՞ւմ է, բայց մի քանի ժամ տեւած մեր զանգերն անպատասխան մնացին:



Հասկանալի է, որ կայքն ամեն օր թարմացնելը ենթադրում է փոքր, բայց, ամեն դեպքում՝ աշխատուժ, ինչն էլ վճարման կարիք ունի, եւ որի հնարավորությունը, կայքի տեսքից ելնելով, հավանաբար, ՀԳՄ-ն չունի, բայց այդ դեպքում ավելի լավ չէ՞ր լինի կայքը չնորացնել կամ ընդհանրապես չպահել, որովհետեւ այն ոչ միայն տեղեկատվական աղբյուր չի ծառայում, որի տեղը ոչ ոք չգիտի, այլեւ ընդգրկում է կիսատ-պռատ ինֆորմացիա: