Քաղաքագրություն. Աբովյան փողոցի մեղեդին

Քաղաքագրություն. Աբովյան փողոցի մեղեդին

Աբովյան փողոցը, նախկինում՝ Ամրոցային, ապա՝ Աստաֆյան (փողոցը 1869 թվականին, ի պատիվ Երեւանի 1864-1869 թվականների նահանգապետ, գեներալ-մայոր Աստաֆեւի, կոչվեց Աստաֆեւսակայա, բայց ժողովուրդն այն անվանում էր հայկական՝ Աստաֆյան տարբերակով, քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր)…



Մեր քաղաքի գլխավոր ճեմուղին՝ Երեւանի արեւմուտքը, եվրոպական նրբավարությունը, որտեղից սկսվում ու ավարտվում է օրվա քաղաքագրությունը:



Հրապարակից մինչեւ Աբովյան պուրակը ձգվող մեղմ բարձունքի մեղեդին, որ ասես սկիզբ է առնում Բակունցի Պրովինցիայի հրաշապատումից. «Երբեմն նրանք, որոնք կեսգիշերից ուշ անցել են այդ փողոցով, լսել են տխուր երգի եւ նվագի ձայն: Ոմանք ենթադրել են, որ այն կույր երաժիշտն է փչում իր սրինգը, ոմանք վերագրել են մենավոր սայլապանին, որը քշել է սայլը դեպի գյուղական ճանապարհը եւ սայլի հետ օրորալով երգել իր միամիտ երգը, ոմանց նույնիսկ թվացել է, որ այդ խուլ ձայնը գալիս է աստղերից, - սակայն ստույգ է, որ երգողն այն վտիտ մարդն էր, որ ուներ մաշված, հնաձեւ վերարկու եւ նիհար մարմին:



Ինչպես լաց, ինչպես մորմոք ու կարոտ, հնչում էր նրա խեղճության երգը, եւ նա գոհ էր, որ իրեն լսում են լեռներից իջնող քամին, ջրերը, բարդիները, այն ձյունոտ գագաթը, որ սահմանն էր նրա անիրական աշխարհի: Այդ վտիտ մարդն իջնում էր փողոցի վրա եւ հիացած փողոցի խաղաղությամբ, ջրերի ձայնով ու ծառերի սոսափով, քայլում էր դանդաղ եւ չէր տեսնում անցնողներին: Նա հասնում էր մինչեւ այն երեք բարդին եւ ապա կորչում էր նեղ փողոցների լաբիրինթում, կարծես մտնում էր գետնի տակ, ինչպես մի ոգի կամ մի սեւ բզեզ»:



Եվ դարից դար փոխանցված այս երգը՝ հիմա Աբովյան փողոցի մայթին, «Մարկո Պոլո», «Սքուեր Ուան» սրճարանների դիմաց՝ ամառվա տապին, անձրեւին, ձյան փաթիլների տակ ակորդեոն նվագող մարդու ստեղնաշար-մատներից պոկված, որ լցնում է, ողողում փողոցի միապաղաղ կեցությունը, թեկուզ երբ մարդիկ երես են թեքում նրա նվագից, ակորդեոնի պատյանից, որի մեջ մեկ-մեկ թպրտում են մեռնող մանրադրամները: Նրա ջրի շիշը, որ դատարկվում է, ապա լցվում «Սքուեր Ուան»-ի բարմենի ձեռքով: Աբովյան փողոցի ակորդեոնահարին սրճարանում բոլորն են ճանաչում եւ վաղուց նրա նվագն աշխատանքի հետ են նույնացրել: Նրա կյանքը նույնացրել են Աբովյան փողոցի կյանքին: Ասես ակորդեոնն այլեւս ակորդեոն չէ, մեղեդին, որ հնչում է, մեղեդի չէ, ջրի շիշը, որ լցվում ու դատարկվում է՝ ջրի շիշ չէ, Ինքն այլեւս Ինքը չէ:



Աբովյան փողոցի փող հավաքող ակորդեոնահարը կա եւ գոյություն չունի:



Միայն փողոցն է, փողոցի մեղեդին՝ մշտատեւ ու անամփոփ:



Արամ ՊԱՉՅԱՆ