Առաջընթաց չի կարող լինել, որովհետև նորություն չկա

Առաջընթաց չի կարող լինել, որովհետև նորություն չկա

Հարցազրույց բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ



- Պարոն Խառատյան, մեր վերջին զրույցի ժամանակ ասացիք, որ մտադիր եք Ձեր պարախումբն ստեղծել դրսի եւ տեղացի պարողների մասնակցությամբ, նաեւ Արտո Թունջբոյաջյանի հետ համատեղ բեմադրություն անել, կար նաեւ մշակույթի նախարարության աջակցությունը: Հիմա ի՞նչ փուլում է այն:



- Ես մի ծրագիր եմ նախաձեռնել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված, որը պետք է ցույց տա, թե հայ ազգն իր գոյատեւման ընթացքում ինչ արժեքներ է տվել համաշխարհային պատմությանը, եւ ինչով կարող ենք ներկայանալ աշխարհին: Ներկայացման վերնագիրն է՝ «երկու զույգ արեգակներ»՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» տողերից, եւ Նարեկացին էլ կլինի ներկայացման գլխավոր հերոսներից մեկը: Քանի որ իմ նախագծի մեջ ժամանակը խրոնոլոգիա չունի, դրա համար սցենարում Արշիլ Գորկին հանդիպում է Նարեկացու, Թորոս Ռոսլինի հետ: Դրվագներից մեկում Շառլ Ազնավուրի ձայնն է, որը Սայաթ-Նովա է երգում: Հրավիրել եմ նաեւ հայ ժամանակակից կոմպոզիտորների, որոնք ապրում են Կանադայում, Ավստրիայում, եւ նրանց գործերի կողքին պետք է ներկայացնեմ Մաշտոցի շարականները, Նարեկացու տաղերը, նաեւ Տերտերյանի, Ալան Հովհաննեսի գործերից: Այդ բոլորը՝ մի նախագծի մեջ: Դիզայնը կանի դրսից շատ լավ ճարտարապետ Վազգեն Բրուտյանը: Նախագիծը ներկայացրել եմ նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովին, որն ընդունվեց, եւ ինձ բավականին գումար հատկացրին: Բայց գումարը միշտ քչություն է անում, եւ դիմեցինք նաեւ Հովնանյան հիմնադրամին, որոնք նույնպես համաձայնեցին աջակցել նախագծին: Ներկայացումը կներկայացնենք 2015թ. ապրիլին կամ մայիսին: Դա կլինի շատ նորովի, հոլոգրաֆիկ վիդեոներով ներկայացում, որտեղ կներկայացնենք մեր միջնադարյան մանրանկարչությունից մինչեւ մեր աբստրակտ մտածելակերպը:



- Այսինքն՝ ներկայացման մեջ համատեղել եք արվեստի մի քանի տեսակներ՝ վիդեո, երգ, պար…



- Երգ չկա, կա թավջութակահար, որը պատմիչն է լինելու: Հիմնականում այս ամեն ինչն արվելու է բալետի միջոցով եւ այսօրվա լեզվով: Բայց երբ ասում եմ՝ այսօրվա լեզու, բոլորը վախենում են, հասկանում են մոդեռնը, բայց դա մոդեռն չի, այլ դասական հիմքերի վրա ստեղծված ժամանակակից, ինֆորմացիայով խտացած բալետ: Ի դեպ, կատարողների մեծամասնությունը կլինեն տարբեր երկրներից. Ճապոնիայից մոտ 3-4 հոգի կան, պարողներ ունեմ Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, երկու հոգի դիմել են ԱՄՆ-ից, կան նաեւ հայ պարողներ: Խումբը կլինի 22-25 հոգի, ինքը պետք է փոքր լինի, ճկուն, որ կարողանա դուրս գալ եւ դրսում էլ խաղալ: Դեռ վերջնական ընտրություն չեմ արել: Փորձերը կսկսենք հունվարի վերջից: Իրենք աշխատելու են 8 ամիս: Ուզում ենք ներկայացումն անել Օպերայի եւ բալետի թատրոնի հետ համատեղ, որ նախագիծը նաեւ դրսում ներկայացնենք: 2-րդ պրոյեկտը կլինի «Անուշը», որն ուզում եմ Արտո Թունջբոյաջյանի հետ անել: Դա դեռ ընթացքի մեջ է: Իսկ 2015թ. վերջին նախատեսում ենք մեծ գալա համերգ, հիմա բանակցություններ ենք տանում համաշխարհային մեծության բալետի աստղերի հետ, որ գան Հայաստան:



Մեկուկես ամիս առաջ էլ ստեղծեցի բաց դասեր՝ «Բալետը՝ բոլորի համար» կարգախոսով: Տեսականը պրակտիկայի հետ եմ համատեղում, մարդկանց մոտեցնում եմ բալետին, որովհետեւ Հայաստանը կարիք ունի գիտակ հանդիսատեսի: Այդ բաց դասերի ժամանակ ես մասնակիցներին բացատրում եմ, թե ինչ բան է բալետը, այդ շարժուձեւի, ձեռքերի, ոտքերի, գլխի դիրքերը որտեղից են գալիս, ինչ նշանակություն ունեն: Հետաքրքիր է, որ գալիս են լրիվ բալետից հեռու մարդիկ: Նման պրակտիկա վաղուց կա դրսում, եւ ես էլ շատ եմ նման բաց դասեր վարել:



- Ասացիք, որ այսօր մի քանի պարողներ թողել են թատրոնը եւ հեռացել երկրից: Եթե խնդիրը Ձեր մեջ էր, ապա գլխավոր բալետմայստերին փոխելով՝ պետք է որ այն լուծվեր: Ի՞նչը չի ստացվում մեր բալետային խմբի մոտ:



- Ես պահանջում էի, որ նրանք շատ աշխատեն: Հետո մոտ 60 անուն բալետային ներկայացումներ բերեցի՝ 1800թ. մեր դասական գոհարներից մինչեւ ժամանակակից գործեր, բայց արդեն 6 ամիս է՝ դրանցից միայն 5-ն է խաղացվում: Բնական է, որ առաջընթաց չի կարող լինել, որովհետեւ նորություն չկա:



- Այսինքն, մեծամասամբ նոր բեմականացումներո՞վ է պայմանավորված թատրոնի առաջընթացը:



- Նախ՝ շատ պարելով, հետո՝ ամենապակասը, մի սեզոնում 100 ներկայացում պետք է գնա: Իսկ մենք պարում ենք ամիսը 3-4 հատ: Առնվազն 100-150 ներկայացում պետք է լինի, որ պարողը մնա մարզական ֆորմայի մեջ, կարողանա ինչ-որ բաներ կատարել:



- Գուցե այդ 100 անուն ներկայացումները բեմադրվում են այն թատրոններում, որտեղ ստեղծագործական թիմը մեծ է, դա որքանո՞վ նշանակություն ունի:



- Սա է՝ 20-25 մարդ, թատրոնները թույլ չեն կարող տալ իրենց ավելին ունենալ, 20-25 մարդ՝ շատ լավ մարզված, իսկ եթե մեծ ներկայացումներ են անում, գումարած պարարվեստի դպրոցի սաները, որոնք մտնում են ներկայացումների մեջ: Սա ընդունված ձեւ է, եւ այդպես են առաջ գնում, բայց իրենք աշխատում են օրը 8 ժամ, ինչը նշանակում է ամեն օր մկանների հետ կռիվ տալ, ինչի արդյունքում նա արդեն կարողանում է կատարել այն, ինչը պահանջում է բեմադրիչը: Մեզ մոտ ես հենց դա էի պահանջում, իսկ բոլորը դեմ կանգնեցին դրան: Այսինքն ստացվեց, որ մենք չենք ուզում աշխատել, եւ ինձ ստիպեցին դուրս գալ: Ես դուրս եկա, եւ իրենք մնացին իրենց տեղում:



- Վերջին շրջանում գնացե՞լ եք Օպերա, տեսե՞լ եք ինչ եւ ինչպես են պարում նոր թատերաշրջանում:



- Ինձ համար ամեն ինչ տխուր է: Ես տխրում եմ, որ մեր պոտենցիալը չի օգտագործվում, ամենացավալին ինձ համար հենց դա է: Փոխանակ առաջ նայենք ու եղածին ավելացնենք նորը, մենք եղածն էլ պակասեցրել ենք եւ ոչինչ չենք անում: Նոր տնօրինություն է եկել, որն իհարկե՝ ուզում է մի բան անել, բայց չի ստացվում: Ամեն դեպքում, ինչ-որ ձեւ պետք է գտնենք՝ ինչ-որ բան անելու համար, որովհետեւ սա մեր ընտանիքն է, մեր ազգը:



- Իսկ հետաքրքիր է՝ պարողները տեղյա՞կ են Ձեր բալետային նախագծերից եւ ցանկություն հայտնե՞լ են դրանցում մասնակցելու:



- Շատ շատերը: Հիմա շատ հետաքրքիր բաներ են կատարվում, մի մաս կար, որ չէր ուզում աշխատել եւ չի էլ աշխատի, բայց մի մաս կար, որ ընկավ այդ ալիքի մեջ, ու հիմա հասկացան, թե ինչ արեցին: Իսկ ես շատ խիստ եմ, երբ հարցը վերաբերում է աշխատանքին, որովհետեւ այդ մարդիկ պարտավոր են աշխատել եւ այդ աշխատանքով ծառայել այս երկրին: Բոլոր երկրներն էլ այդպես են դառնում երկիր: Օպերայում շատ լավ պոտենցիալ կա, բայց իրենք չգիտեն, թե ինչ կարող են անել, իմ խստությունը դրա մեջ էր, մի քանի հոգի օգտվեցին ու կարողացան ինձ հանել: Բայց ո՞վ տուժեց: