«Ա»-ից անդին

«Ա»-ից անդին

 



News.am-ի խնդրանքով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը եւ այն որակել «իրավիճակի, փաստերի եւ փաստաթղթերի խեղաթյուրման հերթական փորձ»:



«Անտեղյակությունից անդին»՝ իմ նախորդ հրապարակումներից մեկին արձագանքելով՝ Էդիկ Անդրեսյանը բարեկամաբար զարմացել էր, թե ինչպես ՞չեմ ալարել, նստել մի քանի փաստաթղթեր եմ՞ կարդացել ու դրանց բովանդակությունը վերաշարադրել՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանն իրեն «անտեղյակի» տեղ է դնում:



Մեր բացթողումներից է, որ մեկ անգամ ասվածը կրկնել չենք սիրում: Գոնե՝ տեղեկատվական ՞պատերազմի՞ մակարդակով: Մինչդեռ արտգործնախարար Նալբանդյանը, որպես պրոֆեսիոնալ դիվանագետ, նույնպես «չի ալարել» եւ հիշեցրել է, որ 1993թ.-ին ՄԱԿ-ի ԱԽ ընդունած չորս բանաձեւերից եւ ոչ մեկը Հայաստանին ոչ միայն «օկուպանտ», նույնիսկ հակամարտության կողմ չի ճանաչել:



Ավելացրել է, որ դրանցում Հայաստանի մասով ասված է, որ պետք է օգտագործի Լեռնային Ղարաբաղի վրա իր ազդեցությունը՝ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման գործընթաց սկսելու համար: Իրոք, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը Հայաստանի վրա այլ պարտավորություն չեն դնում:



Էդվարդ Նալբանդյանը ի պաշտոնե ավելին չի կարող ասել: Նրա խոսքը կարելի է համարել «Ա»՝ սկիզբ, նախաբան, ուղեցույց, որ անպայման պետք է շարունակություն ունենա: «Բ» եւ մյուս «տառերն» ասելու պարտականությունը պետք է ստանձնեն մամուլը, քաղաքագետները, վերլուծաբանական հանրությունը: Բոլոր նրանք, որ իրոք չեն ալարում եւ առիթ-անառիթ խոսում են ԼՂ կարգավորումից:



Ժամանակն է շրջանառելու երկու առանցքային գաղափար: Նախ՝ զարգացնել, տարածել, որ հայկական զինուժը, ինչպես ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքն է օրերս ձեւակերպել՝ «ոչ մեկի տարածքում» են միանգամայան օրինական, ընդ որում՝ Ադրբեջանի հետ ԼՂՀ ձեռք բերած համաձայնության արդյունք հանդիսացող հիմքերով, ինչն ամրագրված է Զինադադարի մասին անժամկետ պայմանավորվածությամբ:



Ամենատարբեր հարթակներից եւ լրատվամիջոցներից պետք է միջազգային հանրությանը հիմնավորված ներկայացնել, որ ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության գոտում հայկական զինուժը փաստացի իրականացնում է խաղաղապահ առաքելություն: Որ Հայաստանի հանրապետությունը ոչ միայն Արցախի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է: Եւ եթե չկատարի կամովին ստանձնած այդ դժվարագույն պարտավորությունը, ապա Հարավային Կովկասը պարզապես «կպայթի վառոդի տակառի պես»:



Պետության պարտքն է ասել «Ա» եւ զգուշացնել, որ հնարավոր է նաեւ «Բ» տարբերակը: Այդ «Բ»-ին, կարծես, շատերն են սպասում: Բայց «Ա»-ից անդին գործելու համար պետությունը պետք է ունենա «Բ» -ի եւ ներքին, եւ, մանավանդ, արտաքին ընկալում:



Ահա այդ պատասխանատվությունն է, որ պետք է մեզ վրա վերցնենք: Անխտիր բոլորս: Հայությունն իրեն եւ համաշխարհային կարծիքը չորս տարի անընդմեջ նախապատրաստել է , որ եթե Արցախի հարցին արդարացի լուծում չտրվի, պատրաստ է սեփական ճշմարտացիությունը պաշտպանել զինված ինքնապաշտպանությամբ: Պատերազմական հաջողությունների համար մեծապես պարտական ենք նաեւ այդ հզոր քարոզչությանը: