Դոլար-դրամ աճպարարություն

Դոլար-դրամ աճպարարություն

Հայտնի է, որ ռուս միլիարդատերերը ռուբլու արժեզրկումից միլիարդավոր դոլարների վնաս են կրել: Դրամի արժեզրկումից, որքան մեզ հայտնի է, ոչ մի փողատեր Հայաստանում չի տուժել:



Ինչո՞ւ:



Ռուսաստանում ռուբլու սրընթաց արժեզրկումից ազգաբնակչությունը աղքատացել է: Սա շատ հասարակ բան է: Թոշակառուն, որ ստանում է x ռուբլի և այդ գումարով մի կերպ գոյատևում, ռուբլու արժեզրկման պայմաններում գոյատևել չի կարողանում, որովհետև այդ x ռուբլով չի կարողանում կերակրվել:



Նույնը տեղի է ունենում հայ թոշակառուի և բոլոր այն հայերի հետ, ովքեր աշխատանքի դիմաց ստանում են x դրամ: Դրամի արժեզրկումը առաջին հերթին հարվածում է այս խավերին:



Եվ ուրեմն՝ ինչի՞ց է, որ ազգային արժույթի գահավիժումից Ռուսաստանում թե միլիարդատերերն են տուժում թե ժողովուրդը, իսկ Հայաստանում՝ բացառապես ժողովուրդը:



Այս հանելուկը թերևս պետք է բացատրել հանրությանը, այլապես տպավորություն է ստեղծվում, որ ոմանք Հայաստանում մեկ-երկու օր դոլոր-դրամ աճպարարությամբ են զբաղվել ու հասցրել հարստանալ:



Դոլարը մեկ գիշերում 550 (սև շուկայում նույնիսկ 600) դրամից իջավ 450 դրամ: Այդ ի՞նչ տեղի ունեցավ, այդ ի՞նչ հունարի տեր է մեր կառավարությունը, որ կարողանում է մեկ գիշերում 100-150-ով, կներեք բառի համար, «կզացնել» դոլարին:



Հարցադրումը չի փոխվում նաև հակառակ կողմից խնդրին մոտենալու դեպքում: Ի՞նչ հաշվարկներից ելնելով մերոնք «կզացրեցին» դրամը և ինչո՞ւ այն հասցրեցին մեկ դոլարի դիմաց 550 դրամի սահմանագծին, եթե կարելի էր պահել 450-ի վրա:



Ի՞նչ է տեղի ունեցել դեկտեմբիր լույս 18-ի գիշերը: Ինչպե՞ս կարող էին ՀՀ տնտեսության և ֆինանսների պատասխանատուները, երբ դոոլարը տիեզերական արագությամբ էր աճում, մեկ օր առաջ հայտարարել, թե խուճապի հիմքեր չկան: Այսինքն գիտեի՞ն, որ արդեն դեկտեմբերի 18-ի ցերեկը դոլարը «կզացնելու» են:



Մինչ որևէ մեկը կփորձի այս հարցերի շուրջ հոդաբաշխ պատասխան տալ, մենք կարձանագրենք, որ Հայաստանում նման բաները, սովորաբար, տեղի են ունենում ոչ այնքան համաշխարհային պրոցեսների արդյունքում, որքան մի նեղ կրուգի հայեցողությամբ և ցանկություններով: Սա մի աճպարարություն է, որ միտված էր այդ նեղ կրուգի հարստացմանը, միանգամից տոկոս խփելուն և մի քանի տասնյակ միլիոն դոլար գրպանելուն: Տիգրան Սարգսյան, ականջդ կանչի: Նա շատ վարժ էր այս հարցերում:



Եթե կա մեկը, որ հակառակն է պնդում, ապա թող ուսումնասիրի Թուրքմենիայի օրինակը և փորձի հասկանալ, թե ինչո՞ւ հետխորհրդային այդ հանրապետությունում ռուբլու արժեզրկման պայմաններում ազգային արժույթը ոչ միայն չարժեզրկվեց դոլարի համեմատ, այլև ավելի ամրապնդվեց: