2014 թվականը և գրքերը

2014 թվականը և գրքերը

«Վայրի տանձենու պատիժը նրա պտղաբերությունն է». իր էսսեներից մեկում գրում է հունգարացի արձակագիր Պետեր Նադաշը: Եթե Հայաստանում գրականությունը շարունակում է վերարտադրել գրքեր, ուրեմն դրա պտղաբերության ծառն ընտանի լինել չի կարող: Երեւի պիտի խնամել, իրացնել, գործադրել, թրծել վայրի ծառի տված բերքը կամ պարզապես վայելել իր նախնականության մեջ` համը չճանաչելով, ու քայլել առաջ:



2014 թվականը, ինչպես 13-ը, մեր գրականության համար կորստով ավարտվեց: Կյանքից վաղաժամ հեռացավ Սամվել Մկրտչյանը՝ գրադարակներին հանձնելով իր թարգմանությունների փայլուն շարքը՝ Ջեյմս Ջոյս, Լենըրդ Քոհեն, Չարլզ Բուքովսկի, Էզրա Փաունդ, Շեքսպիր, Սարոյան, Էլիոթ, Մելվիլ, Քիփլինգ, Լուիս Քերոլ, Վիլյամ Ֆոլքներ, Քամինգս, անգլիական եւ ամերիկյան բանաստեղծություն… «Արտասահմանյան գրականության» հանդեսի ընտիր շարքը, իր պատմվածքների միակ ժողովածուն… եւ այս ժառանգությունը դեռ նոր պիտի ուսումնասիրվի, ընթերցվածը վերընթերցվի՝ ընկալվի ժառանգության ողջ կարեւորությունը եւ բնույթը:



«Անտարես» գրահրատարակչության կողմից զարկ տրված մատենաշարերի արդեն իսկ զգալի խտությունը («Արգելված գրքեր», «XXI. հայ ժամանակակից արձակ», «Պարտադիր ընթերցանություն», «Օտարագիր գրականություն», «Նոբելյան մրցանակակիրներ», «Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածու», «Պատանեկան գրականություն», «Կողմնացույց», «Լիակատար Շեքսպիր», «Նկարագիր», «Ինչու եւ ինչպես»)… եւ այսպես շարունակ: Եթե մի ժամանակ գրախանութներում հայերեն գրքերի զգալի պակաս կար, եւ եղածն էլ շատ դեպքերում՝ անորակ ու տկար, այսօր «Անտարես» հրատարակչությունն ընձեռում է բազմակողմանի հնարավորություն՝ ընտրելու եւ կարդալու տարատեսակ գրականություն:



Մի քանի տարվա հրատարակչական բուռն գործունեության արդյունքում հայ գրքի դաշտն «Անտարեսի» ջանքերով ասեղնագործվեց: Հուսանք, որ «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հանդեպ եւ դեպի Հայաստանի ամենաակտիվ հրատարակչության դռները հարկային, այսպես ասած, «պատկան» մարմինների տխրահռչակ հարձակումը նրան էլ ավելի ուժ ու եռանդ կտա՝ իր հրատարակած գրքերով լռեցնելու անգրագիտության ձայնը: «Անտարեսի» «Օտարագիր» մատենաշարով մի քանի օր առաջ ընթերցողի սեղանին դրվեց պոստմոդեռնիստական վեպի կարեւոր գործերից մեկը՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» (թարգմանությունն իտալերենից՝ Զավեն Բոյաջյանի):



2014 թվականին իր ակտիվությամբ եւ հետաքրքիր նախագծերով հանդես եկավ նաեւ «Զանգակ» հրատարակչությունը: Մասնավորապես Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծ Գեթսբին» (թարգմանությունն անգլերենից՝ Սոնա Սեֆերյանի), Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին եւ անհետացավ» (թարգմանությունը շվեդերենից՝ Արծվի Բախչինյանի եւ Աշխեն Բախչինյանի), Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» (թարգմանությունն անգլերենից՝ Սոնա Սեֆերյանի)… հարստացրին մեր թարգմանական գրականության պահոցը: Աչքի են ընկնում նաեւ «Զանգակ» հրատարակչության «մանկական գրականության» շարքի գրքերն իրենց բարձր ճաշակով եւ նկարազարդումներով:



«Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչական ինքնատիպ ու կարեւոր նախագիծն այս տարի եւս շարունակեց լույս ընծայել հրաշալի գրքեր` Ինտրայի (Տիրան Չրաքյան) երկհատորյակը, Գրիգոր Պըլտեանի «Կրակէ շրջանակը Դանիել Վարուժանի շուրջ» երկը (հուսանք, որ հրատարակչությունը կշարունակի տպագրել Գրիգոր Պըլտեանի մյուս բոլոր ստեղծագործությունները):
«Նաիրի» հրատարակչությամբ լույս տեսավ 20-րդ դարի ֆրանսիական գրականության խոշոր ներկայացուցիչներից մեկի` Կլոդ Սիմոնի «Ակացիան» վեպը, նաեւ ներկայիս ֆրանսիական արձակի ամենաուշագրավ հեղինակներից մեկի՝ Ժան Էշնոզի «14» վեպը (վեպերի թարգմանությունը ֆրանսերենից՝ Շուշանիկ Թամրազյանի):



«Ակտուալ արվեստ» հրատարակչությունն իր «Ժամանակակից ֆրանսալեզու գրականություն» մատենաշարը համալրեց վիպասանական արվեստում իսկական հեղափոխական, ֆրանսիական «Նոր վեպի» հիմնադիր Ալեն Ռոբ-Գրիեի երկու կարեւոր գրքերով` «Խանդը» վեպով եւ «Ներածություն գրողի կյանքի» էսսե-հարցազրույցների հավաքածուով (թարգամանությունը ֆրանսերենից՝ Անահիտ Ավետիսյանի):
2014 թվականին հայ ժամանակակից գրականության պահարանը նորից համալրվեց: Հրատարակվել են մի շարք բանաստեղծական եւ արձակ ժողովածուներ, վեպեր, էսսեներ, անթոլոգիաներ: Համացանցում շարունակում են գործել նախկինում նույնպես ակտիվ գրական նաեւ հեղինակային-անվանական կայքեր, գրական թեքվածության բլոգներ:



Տպագրվում են «Գրական թերթը», «Գրեթերթը», «Անդինը», «Նարցիսը» եւ ուրիշներ:
Այս տարի «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի շրջանակներում հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները շատ ժամանակ վարկանիշային աղյուսակը գլխավորում էին գրքերի շնորհանդեսներից անմիջապես հետո, այնուհետեւ ամեն ինչ կարծես կրկնվում է: Վարկանիշային աղյուսակներում գրեթե միշտ հայտնվում են նույն հեղինակները` նույն գրքերով (Գաբրիել Գարսիա Մարկես, Գրիգոր Նարեկացի, Պաոլո Կոելյո, Հովհաննես Թումանյան, Ջորջ Օրուել, Սենտ Էկզյուպերի... մեկ-մեկ՝ Հենրի Միլեր, Էլիֆ Շաֆակ…):
Քաղաքի ճանաչելի գրախանութներին («Բուկինիստ», «Բյուրոկրատ», «Նոյան տապան», «Զանգակ», «Հայ գիրք»), երբ օրերի մեջ շրջագայում ես եւ տեսնում ընթերցողական սակավ ու մեծ հոսքեր, դժվար է որեւէ գնահատական տալ, թե տվյալ ժամանակահատվածում մարդիկ ինչ գրքեր են կարդում եւ ինչու են ընտրում դրանք:



Իսկ դասագրքերը, մասնագիտական ու մանկական գրականությունը կրկին ամենապահանջվածն են:
Եվ, ուրեմն՝ 2014 թվականին գրականության բերքն առատ է եղել: Ինչպես Նադաշն էր իր էսսեում գրում` «...պատիժը նրա պտղաբերությունն է»: Եթե տարիներ առաջ լավ թարգմանությունների պակաս էինք զգում, ապա այսօր առհասարակ գոյություն ունի թարգմանական գրականության ընտրանի, գոյություն ունի ժամանակակից գրականության ընտրանի: Պարզապես այս ողջ գրամթերքն իրացման է սպասում, որովհետեւ միայն այդպես հնարավոր կլինի հասկանալ ստեղծվածի իրական խտությունը: 2015 թիվը թող ընթերցանության տարի լինի:
Արամ ՊԱՉՅԱՆ