ՀՅԴ-ի առաջարկները ՀՀԿ-ի համար մերժելի չեն

ՀՅԴ-ի առաջարկները ՀՀԿ-ի համար մերժելի չեն

Սահմանադրական բարեփոխումների հարցում Սերժ Սարգսյանի վերցրած թայմաութի ավարտը սարերի հետեւում չէ, մինչդեռ ՀՀԿ-ում, ի տարբերություն հակառակ ճամբարի, չեն շտապում քննարկումներ կազմակերպել եւ լայն կոնսոլիդացիա ապահովել, որն անհրաժեշտ պահանջ է հայեցակարգն ընդունելու համար: Երբ անցած հոկտեմբերին Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ նախագահի վերջնական դիրքորոշումը հայտնի կլինի փետրվար-մարտ ամիսներին, այսինքն` մերժվում է հայեցակարգը, թե դրվում է հանրաքվեի, պարզ կլինի նշված ժամկետից ոչ շուտ, իբրեւ հիմնավորում ներկայացվեց այն, որ հայեցակարգը քաղաքական լայն քննարկում պետք է անցնի. սա այն փաստաթուղթը չէ, որ հապշտապ եզրակացություններ արվեն:



ՀՀԿ-ում, սակայն, երեկ դժվարանում էին պատասխանել՝ կլինի՞ կոնսուլտացիա, թե՞ ոչ հրապարակային հանդիպումների միջոցով հարցերը կլուծվեն: ՀՀԿ-ի պասիվության ֆոնին ուշագրավ է այլ ուժերի նախաձեռնողականությունը, մասնավորապես, նախօրեին Հայ հեղափոխական դաշնակցությունը հրապարակել է սահմանադրական բարեփոխությունների վերաբերյալ իր հայեցակարգը եւ ընդգծել, որ «արժեւորվել են ՀՅԴ-ի նախկինում հրապարակված տեսակետները», որոնք «ընդհանուր առմամբ» ներառված են հայեցակարգում: «Համակարծիք լինելով սահմանադրական մի շարք նոր ինստիտուտների ներմուծման հայեցակարգային առաջարկություններին (օրգանական կամ սահմանադրական օրենքներ, քննիչ հանձնաժողովներ եւ այլն)` գտնում ենք, որ հայեցակարգի մի շարք մոտեցումներ ու լուծումներ առավել հստակեցման կարիք ունեն եւ պետք է իրացվեն Սահմանադրության տեքստը մշակելիս»:



ՀՅԴ-ի «հստակեցումները» չիրացվելու դեպքում հետագա քայլերի մասին որեւէ բան չի հաղորդվում: Իսկ ՀՅԴ-ն հստակ առաջարկում է անցում կատարել խորհրդարանական հանրապետության եւ Ազգային ժողովն էլ ձեւավորել համամասնական ընտրակարգով, ինչպես նաեւ հայեցակարգում նշված «երկբեւեռ քաղաքական համակարգ» հասկացությունը չմեկնաբանել որպես երկկուսակցական համակարգ, ընտրացուցակների հրապարակում, ընդդիմության դերակատարման մեծացում, Սահմանադրությամբ «աշխատանքի իրավունքի» ամրագրում, ինչպես նաեւ հայեցակարգով նախատեսված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քանակական կազմը եւ հանձնաժողովի անդամների ընտրության համար պատգամավորների անհրաժեշտ ձայների քանակը, օրինակ` 3/5-ը եւ այլն: Կարեւորում են նաեւ «արբիտր նախագահի ինստիտուտի սահմանումն ու հայեցակարգային այն մոտեցումը, որի համաձայն` երկրի նախագահի ընտրությունը կարող է կատարվել ոչ միայն Ազգային ժողովի, այլ ավելի լայն ընտրիչների կոլեգիայի միջոցով՝ Սփյուռքի ներգրավվածությամբ»:



Դաշնակցության առաջարկներին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում չցանկացավ առանձին-առանձին անդրադառնալ, առաջարկները «կառուցողական» համարեց: «Բոլորը քննարկվող կետեր են եւ կարելի է քննարկել»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: «Իսկ որքանո՞վ են այդ առաջարկներն ընդունելի, օրինակ, ընդունելի՞ է Դաշնակցության պահանջը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների անմիջական հրապարակման վերաբերյալ» մեր հարցին Վ. Բաղդասարյանն ապշեցնող պատասխան տվեց. «Մեր կողմից էլ ավելի հետաքրքիր առաջարկություններ կան, ես չեմ ուզում դեռեւս բարձրաձայնել, բայց կարծում եմ, որ այդ գործընթացը պետք է էլ ավելի թափանցիկ դարձնենք եւ ավելի վերահսկելի, օրինակ, ամեն քվեարկության ժամանակ կանաչ եւ կարմիր լույսերի վառվելու տարբերակ կա, կամ այնպիսի տարբերակներ, որոնք մեծ ծախսեր չեն պահանջի, բայց ավելի վերահսկելի կդարձնեն, քան այդ ցուցակների հրապարակումն է»:



Բաղդասարյանն ընդգծեց, որ կտրականապես մերժելի չէ ՀՅԴ-ի առաջարկած որեւէ առաջարկ: Ի տարբերություն իր գործընկեր Հովհաննես Սահակյանի, ով մեզ հետ զրույցում չկարեւորեց քաղաքական շրջանակների հետ կոնսուլտացիաներ անելու փաստը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրա անհրաժեշտությունը տեսնում է հենց միայն այն պատճառով, որ «ավելի հասկանալի դարձնեն» հայեցակարգով առաջարկվող փոփոխությունները, իսկ կլինե՞ն, թե ոչ այդպիսի կոնսուլտացիաներ, Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել: Փոփոխություններն ընդունելու համար պահանջվող լայն կոնսոլիդացիայի ապահովման եւ այդ հայեցակարգի դեմ ոչ իշխանական ճամբարի միավորման, մասնավորապես Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի մասին մեր հարցին Բաղդասարյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ կոնսենսուս ասելով՝ չի նշանակում… քաղաքական դաշտի թիթեռի կյանք ունեցող քաղաքական ուժերն ու կայացած քաղաքական ուժերը կարող են բոլորովին տարբեր կարծիքներ ունենալ:



Եթե մարդիկ մերժում են այդ հայեցակարգը՝ առանց ծանոթանալու, դա նպատակային է: Ինչ վերաբերում է պահանջվող կոնսոլիդացիային, ապա դուք ականատես կլինեք քննարկումներից կամ կոնսուլտացիաներից հետո, եթե անենք դրանք, մի խոսքով, անհրաժեշտ կոնսոլիդացիան կունենանք»: