Հանցագործին պետք է Հայաստանը դատի

Հանցագործին պետք է Հայաստանը դատի

Գյումրեցիների ընդվզումն ու ոստիկանական ջոկատների դեմ առճակատման գնալու քաջությունը ցույց տվեցին, որ ավարտվել է քաղաքական ուժերի եւ լիդերների ժամանակը, եւ որ հանրությունն իր ձեռքն է վերցնում հարցերի լուծման գործը: Հատուկենտ պատգամավորների մեջ էր ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ում ջանքերով վրդովված ժողովրդին համոզեցին տուն գնալ: Ամեն ինչ հանդարտվելուց հետո միայն ԲՀԿ-ն շտապեց ժողով անել եւ խոստանալ այսուհետ՝ հարկ եղած դեպքում, պատգամավորների խումբ գործուղել դեպքի վայր: «Որոշվել է ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի Գյումրի գործուղելու համար»,- նշված է ԲՀԿ-ի անունից տարածված հաղորդագրության մեջ, որով հարկ են համարել հատուկ կոչ անել նաեւ Հայաստանի ժողովրդին` «տուրք չտալ հակառուսական տրամադրություններին եւ կոչերին:



Խնդիրն այդ հարթություն տեղափոխելու փորձերը կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ մեր երկրի համար»: Իշխանության դեմ ամբիոններից հոխորտացող քաղաքական բոլոր ուժերը մի քանի օր ասես ընդհատակ էին անցել՝ իրենց անելիքը սահմանափակել էին Գյումրու դեպքերը դատապարտող հայտարարություններով: Գործողությունների կիզակետում միայն «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր եւ Քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանը, բացակայում էին անգամ քաղաքային ու մարզային իշխանիկները, ՀՀԿ-ի գյումրեցի պատգամավորները: Իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցության ներկայացուցիչները երեկ էլ շարունակում էին ընդհատակում մնալ, ու այս պարագայում պարզապես զարմանալի էին իշխանությունների ծիծաղելի կոչերը՝ քաղաքական դիվիդենտներ չշահելու վերաբերյալ: Գյումրուց պատգամավոր դարձած Աշոտ Աղաբաբյանը երեկ մեզ հետ զրույցում արդարացավ, որ ինքը նախօրեին Հայաստանում չի եղել, բայց հեռուստացույցով տեսել է Գյումրիում տեղի ունեցածը ու լավ չի զգացել այդ վիճակից, որովհետեւ «քաղաքակրթություն չկար»:



- Իսկ քաղաքային ու մարզային իշխանություններն ինչո՞ւ իրենց տեղում չէին:



- Բոլորն էլ իրենց տեղերում են եղել, ճիշտ է՝ հավաքված ժողովրդի մեծ մասն ավելի մեր ժողովուրդն էր, հայ ժողովուրդը, բայց կար քչամասնություն, որը խուլիգանական արարքներ էր ցույց տալիս, եւ ինձ թվում է՝ փողով վարձածներ էին: Ես նաեւ համաձայն եմ այն պահանջի հետ, որ հանցագործին պետք է Հայաստանը դատի եւ դատավճիռ կայացնի Հայաստանը, բայց խնդիրներ կան, որոնց համար լուծման եղանակներ պետք է լինեն, ոչ այն տարբերակով, որ ռուսական դրոշ վառեն, գնան ռուսական հյուպատոսության վրա կամ ռազմաբազայի վրա: Ես դա համարում եմ խուլիգանություն: Իսկ խաղաղ ցուցարարներին, պահանջ ներկայացնողներին համարում եմ… դա յուրաքանչյուրիս խնդիրը պետք է լինի:



- Իսկ չե՞ք կարծում, որ ցուցարարների վրդովմունքի պատճառը նաեւ իշխանությունների վարքն է, նախ, ոչ պատշաճ վերաբերմունքը կատարվածի վերաբերյալ, ապա նաեւ գլխավոր դատախազի հակասական հայտարարությունները:



- Ինչի՞ պիտի իշխանական մարմինները… պիտի շատ լավ հասկանանք, որ դա իշխանական մարմինների ֆունկցիաները չեն: Քննությունը գնում է երկկողմանի, արդյունքներում կերեւա այդ ամենը: Իսկ պահանջել դատախազին հրաժարական, ասելով, որ ճիշտ չեք պահանջում կամ հարցին ճիշտ չեք մոտենում, դա ես համարում եմ նորից էն քչամասնության պահանջը, որոնք էդ պահանջի ազդեցության տակ փորձում են ամերիկյան փողերով մայդան սարքել, որը չստացվեց, իհարկե, եւ չի էլ ստացվի. Հայաստանն իրանց համար ոչ Ուկրաինա է, ոչ էլ, չգիտեմ՝ Ռուսաստան: Հայաստանը Հայաստան է, եւ ՀՀ քաղաքացին իրեն պետք է հայի պես պահի, երկրին համարժեք, իրա երկրի պատիվը չգցի, այդ խուժան, խուլիգանական արարքներն իրենց թույլ չտան: Այդ արարքներն անողներն իրենց անկախ Հայաստանի անկախ զավակներ են ճանաչում, անկախությունը նման խուլիգանական արարքներով չեն ձեռք բերում, քաղաքական որոշումների արդյունք պիտի լինի դա, իսկ քաղաքական որոշում կատարողները «Ասպարեզ» ակումբի ղեկավարներն էին, որոնք վերջում հասկացան, որ խաժամուժը նաեւ իրենց քաղաքական դեմքի վրա է ցեխ շպրտում: Ես այնքանով եմ ռեւանշիստ, որ կուզենամ, որ Ռուսաստանը հասկանա, որ մեր հայ վարորդին անկախ իր կամքով նման բան տեղի ունենալուց հետո պետք չէր հագցնել խալաթ:



- Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ Ռուսաստանի առջեւ պետք չէ այսքան նվաստանալ, իշխանություններն իրենց հստակ ուղերձներով ու պահանջներով պետք է ձեւավորեն մի վիճակ, որ խուսափենք, օրինակ, ինչպես Դուք եք ասում, մեր հայրենակիցներին խալաթներ հագցնելուց: Գյումրու դեպքերի առիթով էլ իշխանությունը բոլորովին ձեռքերը լվացել է…



- Ներողություն, ներողություն, իսկ դուք գիտե՞ք, որ պետությունների ներքին փոխհարաբերությունները դա կատարում են ներքին փոխհարաբերություններով, ոչ թե մարտահրավերներով կամ հեռագրերով, կամ ելույթներով, որպեսզի իրենց ժողովրդի առաջ լավ երեւան: Տենց չի: Երկրի ղեկավարությունն ամեն ինչ ներքին կարգով, հանգիստ, բոլոր հարցերը փորձում է կարգավորել: Չեմ համարում, որ չկարգավորված հարց կա, ուղղակի մեր անվտանգությունը, եթե չեն ապացուցում, որ այդ հանցագործությունը կազմակերպված էր, դա նշանակում է, որ այդ տղան հոգեբանական շատ վատ վիճակում է եղել, եւ նման քայլ է եղել: Հիմա ցուցարարներից մեկն ասում էր՝ բերեք այս հրապարակում կախենք. դա ավելի մեծ հանցագործություն է, քան այդ ռուս տղայի արածը, որովհետեւ նրա հոգեկան վիճակը, իմ կարծիքով… եթե նա միտումնավոր է արել, ապա նրան հարկավոր է վերջին պատիժը տալ, բայց չեմ կարծում: Այսինքն, հարցին չի կարելի մոտենալ ոնց որ ուզում ես, հարցին պետք է մոտենալ տրամաբանության սահմաններում:



- Այսինքն, Ձեզ հայտնի՞ է հանցագործության դրդապատճառը, Դուք հավատում եք, որ տղան հոգեկան խնդիրնե՞ր է ունեցել, թե՞ կա այլ վարկած:



- Հիմնական խոսակցությունն այն է, որ այս ընտանիքի երկու զավակները խոպան էին գնում, հնարավոր է, այդպես են ենթադրում, որ սա վրեժ կարող է լինի: Ասում են՝ իբր խոպանում էդ տղային են հանդիպել, վեճեր են եղել, ֆինանսական հարց է եղել եւ այլն, եկել են՝ վրեժ լուծեն: Բայց ես այնքան էլ չեմ հավատում այդ վարկածին: Եթե դրսի ծառայություններն են կազմակերպել՝ հայ-ռուսական հարաբերությունները խառնելու համար, դա պետք է ապացուցվի: