Էլ ի՞նչ պիտի աներ Սերժ Սարգսյանը

Էլ ի՞նչ պիտի աներ Սերժ Սարգսյանը

Ավետիսյանների ընտանիքի հանդեպ կատարված ոճրագործության նկատմամբ Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ սառնասիրտ մնաց ու բավարարվեց պաշտոնական ցավակցական ուղերձով: Նա չմասնակցեց անգամ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանը, չսրբագրեց իշխանության առաջին օրերի սխալները: Իսկ քաղաքական ողջ դասը՝ որոշ նախարարներ, պատգամավորներ, վարչապետ եւ մարզպետներ, ռուսաց թագավորի ցավակցական հեռագրից գոտեպնդված, երեկ ու առաջին օրը սգացող դեմքերով շտապել էին Գյումրի ու փորձել պարզերես անել իշխանությանը: Ոմանք էլ, Սերյոժայի թաղման արարողությունից իրենց բացակայությունն «արդարացնելու» համար, դիմել էին անհեթեթ քայլերի, ինչպես, օրինակ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը. փոքրիկին հողին հանձնելուց րոպեներ առաջ հոգեւորականներից մեկը գերեզմանոցում հայտարարեց.



«Սիրելի ազգականներ, Ավետիսյան ընտանիքի հարազատներ, ցավակցական հեռագիր է ստացվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից»: Եվ հոգեւորականը սկզբից մինչեւ վերջ կարդաց նախարար տիկնոջ սրտառուչ հեռագիրը, ապա նշեց, թե բազմաթիվ այլ հեռագրեր էլ են ստացվել, որոնք «երեւի թե» հարմար չէ այդ պահին ընթերցել: Այդպես էլ չհասկացվեց, թե նախարարի հեռագիրն ընթերցելու անհրաժեշտությունն ինչից էր դրդված: Փոքրիկի դիակի շուրջ հավաքվածներից մեկի նյարդերը տեղի տվեցին, եւ նա վրդովված դիմեց հոգեւորականին. «Հիմա մենք 20 հատ նախարար ունենք, ի՞նչ կարեւոր է, թե ինչ հեռագիր են ուղարկել»: Հոգեւորականը տեղում պատասխանեց. «Քեզ չի վերաբերում»: «Ո՞նց չի վերաբերում»: Բարեբախտաբար, տհաճ միջադեպը շարունակություն չունեցավ: Հետո պարզվեց, որ տիկին նախարարը Հայաստանում չէ եւ պետական այցով գտնվում է Ավստրիայում:



Թերեւս Սերժ Սարգսյանը սովորելու բան ունի Հասմիկ Պողոսյանից: Նա այդպես էլ չկարողացավ, բացի ստանդարտ ցավակցական տողերից, որեւէ քայլ ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ ինքն էլ սգում է ողջ հայ ժողովրդի հետ: Թեպետ դժվար է ասել, թե ինչպես կընդունեին գյումրեցիներն իշխանությունից եկող քայլերը: Երեկ լուրեր տարածվեցին, որ նրանք ծվեն-ծվեն են արել Սերժ Սարգսյանի անունից ուղարկված ծաղկեպսակը:



Նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից երեկ հետաքրքրվեցինք՝ չի՞ փորձել գոնե ինքն այս օրերին Սերժ Սարգսյանին խորհուրդ տալ այցելել Գյումրի, կիսել համազգային դարձած սուգը, եւ ո՞րն է վերջապես պետության ղեկավարի նման պահվածքի պատճառը: Ալիկ Սերգեյիչը վստահեցրեց, որ նման խոսակցություն չի եղել նախագահի հետ, ու սրտնեղեց՝ ասելով, թե դրա կարիքն էլ չկա: Իհարկե, իսկ ո՞վ է կասկածում, որ ՀՀ նախագահի իշխանական շրջապատը բառացիորեն վախենում է նրան որեւէ խորհուրդ տալ, քննադատել կամ անգամ առաջարկ անել:
«Նախագան ամեն ինչը շատ լավ գիտի, եւ տվյալ պարագայում իմ խորհրդի կարիքը չի եղել»,- ասաց հաստիքով խորհուրդներ տվող Ալիկ Սարգսյանը: Խորհրդականին հարցրինք՝ այսինքն, նորմա՞լ է, որ նախագահն անտարբեր է այս ցավի նկատմամբ:



«Ես չեմ կարծում, թե անտարբեր է, ես ամեն ինչ էլ տեսնում եմ, նրա միջամտությունը, նրա տրամադրությունը, տրամադրվածությունն այս ամեն ինչին, դրսի հետ կապերը, պրոցեսը եղել է ի օգուտ էս ամեն ինչի բացահայտման, արդարադատության հետ կապված, հսկողության եւ այլն, եւ այլն, ես չգիտեմ՝ ի՞նչ է եղել, որ նախագահը չի արել մաքսիմալը, ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի աներ նախագահը: Եթե չի գնացել Գյումրի, ու միայն դրանով եք դնում-գնահատում, ես չգիտեմ ինչ ասեմ, կարծում եմ՝ ճիշտ չէ»: