Ո՞ր ճանապարհը կընտրի ՀՅԴ-ն

Ո՞ր ճանապարհը կընտրի ՀՅԴ-ն

Շաբաթ օրն ավարտվել է Հայ հեղափոխական դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը, որ անցկացվում էր Դիլիջանում՝ հունվարի 16-24-ը: Կուսակցության չորս տարին մեկ անցկացվող ժողովը սովորականի պես այս անգամ էլ ընթացավ դռնփակ ռեժիմով, բայց դաշնակցականներն իրենց քաղաքական վարքով մինչ ժողովն էին հասցրել ինտրիգ հյուսել ու հետաքրքրություն բորբոքել իրենց քայլերի եւ ժողովի նկատմամբ: Ընդդիմադիր եռյակի հետ կապերը խզելուց ու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին կողմ «ըլլալուց» հետո այս կուսակցության առանցքային ժողովի մասին մամուլում հակասական լուրերի պակաս չզգացվեց:



Մի մասի համաձայն՝ կուսակցության սփյուռքի շարքերը, խիստ մտահոգ լինելով հայաստանյան կառույցի իշխանական վարքով, մտադիր էին Բյուրոյում «գահընկեց» անել իշխանամետ թեւին՝ գործարար Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, եւ մեկ դարից ավելի կենսագրություն ունեցող կուսակցությունը փրկել ՀՀԿ-ի կցորդը դառնալու վտանգից, մյուս կողմից՝ կային պնդումներ, որ հրանտմարգարյանական թեւը կհաղթի, եւ ժողովից հետո ՀՅԴ-ն կհայտնի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին: Ի դեպ, մեր տեղեկություններով, Հրանտ Մարգարյանը բավականին հանգամանալից է պատրաստվել, որպեսզի ոչ մի բռնվելու տեղ չթողնի ընկերներին: Նախ, նա մոտ 700 էջանոց հաշվետվություն է ներկայացրել ժողովի մասնակիցներին, որոնք մոտ 100 հոգի են եղել, ապա պատասխանել է ներկաների մոտ 300 հարցերին: Ժողովն առաջին օրերին քննարկել է այս հաշվետվությունը, իսկ վերջին օրերին զբաղվել է ընտրություններով:



Թեեւ իշխանական թեւի երկու ներկայացուցիչներ՝ Դավիթ Լոքյանն ու Լեւոն Մկրտչյանը, չեն մտել նոր Բյուրոյի կազմ, բայց Հրանտ Մարգարյանը վերընտրվել է Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնում, միեւնույն ժամանակ նոր «հաստիք» է բացվել՝ Բյուրոյի քաղաքական ներկայացուցչի, որն զբաղեցրել է մարգարյանական թեւին չպատկանող, առավել ընդդիմադիր հայացքներով հայտնի Արմեն Ռուստամյանը՝ ԳՄ ներկայացուցիչը, այսինքն՝ հայաստանյան կառույցի ղեկավարը, ինչից կարելի է եզրակացնել, որ հրանտմարգարյանական թեւը թուլացել է: Ի դեպ, խոսակցություն կա, որ ԳՄ-ում Ռուստամյանին կփոխարինի Աղվան Վարդանյանը, ով ԳՄ փոխներկայացուցիչն է, մյուս փոխներկայացուցիչն Արսեն Համբարձումյանն է՝ երկուսն էլ նախկին սոցապնախարարներ: Մյուս կողմից՝ պաշտոններ ստանձնելու հավակնություններ ունեցող Լոքյանի ու Մկրտչյանի Բյուրոյում չընդգրկվելու փաստը ոմանց անակնկալի է բերել: Ենթադրվում է, որ ՀՅԴ-ն մոտ ապագայում կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ:



Ի դեպ, Բյուրոյի կազմը հիմնովին փոխվելուց բացի, նաեւ համալրվել է երկուսով՝ 9-ից դառնալով 11: Բյուրոյի նոր կազմից դուրս են մնացել նաեւ Գեորգի Պետրոսյանը, Մարիո Նալբանդեանը, Մկրտիչ Մկրտչյանը: Փոխարենը ընդգրկվել են Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Կիրո Մանոյանը եւ Սփյուռքի այլ ներկայացուցիչներ, որոնց թվում է Վիգեն Յակուբյանը՝ Դավիթ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապեր ունեցող եւ նրա հետ մի շարք ձեռնարկությունների փայատեր Վահե Յակուբյանի եղբայրը: Վահե Յակուբյանը նաեւ Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սեփականատերն էր: Ընդհանրապես՝ Բյուրոյի նախկին կազմից մնացել են ընդամենը երեք հավատավոր ընկեր:



Դաշնակցականների հավաքի մասին պաշտոնական հայտարարությունը ՀՅԴ հետագա կողմնորոշման մասին հարցերի պատասխանները չի տալիս: Ըստ այդ հայտարարության, ժողովը նախ «լսել, քննարկել եւ արժեւորել է կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման է ենթարկել առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական եւ հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա»:



Այն, որ դաշնակցականներն ավելի շատ հակված են իշխանությունների հետ համագործակցության, թերեւս վկայում է նաեւ ժողովի վերջին օրը կայացած իրողությունը:
ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության 24 անդամներ շաբաթ օրը հայտարարեցին, որ դադարեցնում են ՀՅԴ կուսակցությանն իրենց անդամությունը եւ միանում են Հիմնադիր խորհրդարանին: «Խոր ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի: Կուսակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը եւ մեր ինքնիշխանությունն օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց:



Տարիների փորձից ելնելով՝ այլեւս համոզվեցինք, որ Հայ հեղափոխական դաշնակցության այլասերման գործընթացն անդառնալի է, ուստի հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին եւ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին: ՀՅԴ անդամ մեր մյուս ընկերներին եւս կոչ ենք անում հետեւել մեր օրինակին»: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Թադեւոսյանը շատ չանցած հերքեց, թե Սպիտակում ՀՅԴ կոմիտե չկա, որ դաշնակցական ընկերների մեծ մասը երկրում չեն, հայտարարությունն ստորագրողները ՀՅԴ-ի հետ կապ չունեն: «Մեկի անուն-ազգանունն իրոք համընկնում է մեր ընկերոջ անուն-ազգանվան հետ, զանգահարեցի, խոսեցինք, պարզվում է՝ ոչ մի հայտարարությունից տեղյակ չէր»,-հայտնեց Թադեւոսյանը՝ դա սադրանք որակելով ՀՅԴ Ընդհանուր ժողովի ֆոնին: Նախախորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը մեզ վստահեցրեց, որ որեւէ սադրանք չկա, ավելին՝ հեգնեց. «125 տարին քիչ ժամանակ չի, մարդ որ այդքան ապրի, բնական է, որ…»: Վարուժանը խոստացավ առաջիկա ժամերին իրենց միացած նախկին դաշնակցականների հաստատման խոսքը տեսանյութով հրամցնել, խոստումը չուշացավ:



Մի խումբ նախկին ՀՅԴ-ականներ, Արմեն Լամբարյանի առաջնորդող խոսքով, տեսախցիկի առաջ վստահեցրին, որ իրենք գոյություն ունեն, եւ ցավալի համարեցին, որ կուսակցական ընկերները չեն փորձել զանգահարել իրենց, ճշտել հեռանալու պատճառները. «Որովհետեւ իրենք մեզանից լավ գիտեն այդ պատճառները»: Նրա ընկեր Արթուր Թորոսյանն էլ իրենց գոյությունը հերքող Լոռու մարզային պատասխանատու Թադեւոսյանին հարց ուղղեց. «Եթե մենք չկանք, ինչո՞ւ եք մարդ ուղարկում, որ գան տարածքային գրասենյակի բանալիները տանեն»: Հետո էլ դաշնակցական վերնախավին հորդորեցին դուրս գալ «տաքուկ գրասենյակներից», որպեսզի շարքերին լավ ճանաչեն: Մի ուշագրավ զուգադիպություն եւս, այն օրերին, երբ ՀՅԴ-ականները Դիլիջանում էին, լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Դիլիջանում փակ քննարկում է կայացել, չի բացառվում, որ դաշնակցականները եւս հանդիպել են ՀՀ նախագահի հետ՝ նրանք դա անում են պարբերաբար: Սերժ Սարգսյանին հիմա շատ է անհրաժեշտ ՀՅԴ աջակցությունը՝ սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու համար: