Ծառուկյանը կանչել է, որ ընդհանուր հայտարարի գան

Ծառուկյանը կանչել է, որ ընդհանուր հայտարարի գան

Վաղը՝ փետրվարի 5-ին, տեղի կունենա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այդքան սպասված խորհրդաժողովը, որը մեկ անգամ հետաձգվեց Գյումրիի ողբերգության զոհ փոքրիկի՝ Սերյոժայի մահվան պատճառով: Ինչ է տեղի ունենալու այդ օրը, զրուցեցինք ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանի հետ:



- Պարոն Մախսուդյան, շատերն են սպասում այդ խորհրդաժողովին, ի՞նչ ակնկալել դրանից, արդյոք այդ օրը որոշվելո՞ւ է ամիսներ առաջ սկսված շարժման հետագա ճանապարհը:



- Էդ կազմակերպությունները բոլորը կգան, եւ մենք կներկայացնենք մեր կառավարման ճգնաժամը, կներկայացնենք, մենք իրենց էլ ենք հրավիրել՝ իշխանություններին, թող գան լսեն: Եթե փաստարկ կբերեն՝ կբերեն, եթե չեն բերի, ուրեմն լռությունը համաձայնության նշան է, կասենք՝ ժողովուրդ ջան, էս է իրավիճակը, էս մարդիկ էսպես են կառավարում, ժողովուրդն էլ կհասկանա:



- Իսկ որոշումներ ընդունվելո՞ւ են, թե ինչ եք անելու հետո, կամ ինչ պետք է անել:



- Ինձ թվում է, որ մինչեւ ապրիլի 24-ը չի կարելի որոշակի բաներ անել, գուցե նախապատրաստական աշխատանքներ լինեն: Մեր Նաիրա Զոհրաբյանն էլ, որ Բելգիայում ելույթ ունեցավ, ասաց, որ մենք առանց արյան ենք ուզում անել, եթե չեղավ, մի որոշում կկայացվի:



- Բոլոր դեպքերում, մինչեւ ապրիլի 24-ն ակտիվ պայքար չե՞ք սկսի:



- Դե, չգիտեմ, այդ ժողովին իրենք կորոշեն:



- Որպես ԲՀԿ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք ընդունում խորհրդաժողովին ձեր դաշնակից ՀԱԿ-ի չմասնակցությունը:



- Պետք է երեւի ՀԱԿ-ին հարցնել, թե ինչի է բոյկոտում, իրենք ինձ բան չեն ասել, մենք մեր արածն անում ենք, իմ կարծիքն այն է, որ եթե դուք միավորվել եք, ուզում եք էս ժողովրդի համար մի բան անել, ի՞նչն ա սխալ, էլի, որ մենք հրավիրել ենք մասնագետներ, կուսակցություններ են հրավիրվել, հո պատահական չե՞ն միացել, այդ ցավը, այդ խնդիրը կա, չէ՞: Ես չգիտեմ՝ իրենց ինչի դուր չի գալիս, որ, այսինքն՝ մենք մենակ չորսո՞վ որոշենք:



- Խորհրդաժողով անցկացնելու որոշումը Ծառուկյանը միայնակ է ընդունել, եւ նրա համակիր կուսակցության ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ պատրաստվում են խորհրդաժողովի ժամանակ լիդեր հռչակել Ծառուկյանին, ճի՞շտ է արդյոք նման կերպ գործել դաշնակիցների հետ:



- Պարոն Ծառուկյանը մասնակիցներին չի թելադրում, թե դու ինչ կարծիք հայտնի: Եթե մասնակիցները կգտնեն, որ լրիվ ճիշտ է ղեկավարվում, Ծառուկյանն ի՞նչ կարող է անել: Ծառուկյանը կանչել է, որ բոլորը կարծիքները լսեն, մի ընդհանուր հայտարարի գան: Հիմա ես որ ասում եմ, որ դուք նորմալ լրագրող եք, ճիշտն եք գրում, լավ եք վերլուծում, դա իմ անձնական կարծիքն է, եւ եթե կլինեն մարդիկ, որ կմիանան այդ կարծիքին, ի՞նչ կա, թող լինի, ազատ խոսքի բան չի՞:



- Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր են հարկավոր, որ Ձեր ասած այս ճգնաժամից դուրս գալը հնարավոր լինի, ի՞նչ պետք է առաջարկել ժողովրդին:



- Նոր մեր Միքայել Մելքումյանն էլ նիստի ժամանակ ասաց, որ ամենամեծ բանը վստահության երաշխիքն է: Էսօր ժողովուրդը վստահության երաշխիք ունի՞, իհարկե ոչ:



- Հիմա ինչ, այնպես պետք է անեք, որ ժողովրդի մոտ այդ վստահությունն առաջանա՞ իշխանության հանդեպ:



- Չէէէէէէէ (ծիծաղում է): Օրինակ, այս «Շրջանառության հարկի մասին» օրենք ենք ներկայացրել, թող քննարկեն, ասեն՝ սա ճիշտ է, սա սխալ է: Մենք ժողովրդին ասում ենք, որ դուք եք իշխանությունը ձեւավորում, եթե մենք վաղը կլինենք ու վատ կաշխատենք, եկեք մեր վզից բռնեք:



- Լավ, բայց մինչ դրան հասնելը, հիմա դուք՝ ԲՀԿ-ն, եռյակը, մյուսներն ի՞նչ եք պատրաստվում անել՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ իշխանության դաստիարակչական աշխատանքներ:



- Իհարկե, իշխանափոխություն, թե երբ՝ կորոշի համաժողովը, եթե ասեն, որ ամեն ինչ լավ է, Ծառուկյանը ոչ մի բան չի կարող անել, 50-60 կուսակցություններ են լինելու, եթե էդքանը համաձայն են, Ծառուկյանն էլ համաձայն ա: