Արցախի իշխանությունները փորձել են արդարանալ

Արցախի իշխանությունները փորձել են արդարանալ

Բերձորում տեղի ունեցածը քննարկելու նպատակով Արցախ մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորների երկօրյա այցից հետո, դեպքից 9 օր անց, երեկ վերջապես երկու քրեական գործ հարուցվեց: ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ա.- ին, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Ք. Ղ.-ին, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 1978թ. ծնված Մ. Բ.-ին եւ 1966թ. ծնված Գ. Հ.-ին 2015թ. հունվարի 31-ին` ժամը 13:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու եւ Ք. Ղ.-ին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի եւ Մ. Բ.-ին պատկանող «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ: Այսինքն, գործ է հարուցվել նաեւ Ստեփանակերտից Քաշաթաղ մեկնած Հիմնադիր խորհրդարանի համակիրների նկատմամբ բռնության դեպքի առիթով:



Արցախից վերադարձած պատգամավորները, որոշ տեղեկություններով, համատեղ հայտարարությամբ հանդես կգան:
Իշխանական եւ ոչ իշխանական պատգամավորներից ձեւավորված խումբը հանդիպել է ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ խմբակցությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների եւ այլ պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ խմբի անդամները փողոցում հանդիպել եւ զրուցել են շարքային մարդկանց հետ, լսել, թե նրանք ինչ են մտածում կատարվածի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԺ անցած քառօրյայի ընթացքում Արցախ մեկնելու առաջարկով էր հանդես եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քանի որ, նրա կարծիքով, հանրությունը պատասխանների է սպասում: Արցախ մեկնած խմբում ընդգրկված են եղել առաջարկի հեղինակը, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն ու պատգամավորներ ՀՀԿ-ից:



Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մի շարք հարցեր են բարձրացրել եւ դատապարտել կատարվածը, ինչպես նաեւ լսել, թե մինչ օրս ինչ քայլեր են կատարվել մեղավորներին բացահայտելու ուղղությամբ: Թ. Պողոսյանն ասաց նաեւ, որ իրենց պատմել են՝ շուրջ երկու ամիս շարունակ ԼՂ իշխանությունները «բանակցել» են Հիմնադիր խորհրդարանի եւ մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի հետ ու խնդրել նման այց չնախաձեռնել՝ հաշվի առնելով հունվարյան իրավիճակը, սահմանագծի լարվածությունը եւ ընդհանրապես: Պատգամավորի խոսքով, Արցախի իշխանությունը բացատրել է, որ Արցախը բաց է բոլորի եւ բոլոր հայերի համար, բայց իմաստ չկա Արցախը ներքաշել ՀՀ ներքին խնդիրների մեջ:



Մեր հարցին՝ զգուշացրե՞լ են, որ առաջարկ-խնդրանքը մերժելու դեպքում կդիմեն բռնության, եւ հայկական պատգամավորական խումբը բարձրացրե՞լ է այն հարցը, թե ով է տվել ծեծի հրաման, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ծեծելու հրահանգ որեւէ մեկը չի տվել, եղել է հրահանգ՝ թույլ չտալ նմանատիպ այցն Արցախ, իսկ թե ինչն է եղել խնդիրը, որ դա ավարտվեց ոչ միայն «թույլ չտալով», այլեւ ծեծով, կպարզի դեպքի քննությունը, որովհետեւ մեզ ասացին, որ սադրանքներ են եղել»: Պողոսյանն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, բոլորն էլ ընդունել են իրենց դիտողություններն անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ:



Սադրանքների վերաբերյալ լսեցինք նաեւ Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանին. «Ամբողջ պրոցեսն իրենց կողմից նկարահանվել է մի քանի տեսախցիկով, այդ թվում՝ «Արցախ» հեռուստաընկերության տեսախցիկով: Եթե մենք իսկապես ինչ-որ ոչ պատշաճ բան ենք արել, ապա կարող են հրապարակել տեսագրությունները, որոնցում պարզ կերեւան մեր գործողություններն ու խոսակցությունը: Տեսնելով, որ ճանապարհը փակ է, մենք սկսեցինք օրենսդրությունից մեջբերումներ անել, որ մենք կարող ենք առաջ գնալ, ինձ հետ արդեն «դու»-ով խոսեցին, թե՝ երկար-բարակ մի խոսա, շուռ եկեք ու գնացեք: Մենք, հասկանալով, որ սադրանք են նախապատրաստել, փորձեցինք հետ դառնալ, բայց տեղի ունեցավ այն, ինչ եղավ»:



Ի դեպ, Բերձորի միջադեպի կադրերից երեւում է, որ ոստիկանությունը զինված ուժեր է կենտրոնացրել նաեւ հարակից բլրակի վրա, Արցախի պատկան այրերը Հայաստանից գործուղված պատգամավորների առջեւ արդարացել են, որ իրենք էլ նման ինֆորմացիա են ստացել, թե Հիմնադիր խորհրդարանն է զինված Արցախ շարժվում: «Հա բա կադրերից չե՞ս տեսնում մեր տանկերն ու զինտեխնիկան»,- սրան ի պատասխան, հեգնեց Վարուժան Ավետիսյանը՝ հերքելով իրենց զինված լինելու մասին լուրերը:



Մեր պատգամավորները զրուցել են նաեւ շարքային քաղաքացիների հետ. «Կային տրամադրություններ, որ իսկապես պետք չէ Արցախը ներքաշել ՀՀ խնդիրների մեջ, չեզոք ուժեր էլ կան, եւ կա նաեւ մի փոքր խումբ, որ կողմնակից է նման միջոցառումներին»: Խմբի Արցախ մեկնելու օրակարգում էր նաեւ Արցախի առաջնագիծ գնալը: Պատգամավորները եղել են առաջնագծում, ներկա գտնվել զինվորների երդման արարողությանը: ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը մեզ հայտնեց, որ չնայած սահմանին լարվածությունը չի թուլանում, եւ հիմա բացառապես «մինամյոտներով» են կրակում, բայց մեր զինվորներն աննկուն հսկում են սահմանը: