Նախկին փոխնախարարը՝ դեսպան

Նախկին փոխնախարարը՝ դեսպան

Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը նշանակվելու է Իրանում ՀՀ դեսպան։ Այսօր Սերժ Սարգսյանը ստորագրել է Ա․Թումանյանի նշանակման հրամանագիրը։



Ուսումնասիրելով Արտաշես Թումանյանի կենսագրությունը մենք պարզեցինք, որ նա բավականին հարուստ կյանքի ճանապարհ է անցել․ մասնագիտությամբ ինժեներ, ծնունդով լոռեցի Արտաշես Թումանյանը տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։



Սովետական տարիներին դասախոսել է պոլիտեխնիկական ինստիտուտում, աշխատել կուսակցական կառույցներում, 1990-99 թվականներին եղել է Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր։ 1992-95 թթ զբաղեցրել է ԳԽ նախագահի տեղակալի, 97-98 թթ․ Հարկային տեսչության պետի, 98-99 թթ ՀՀ նախագահի խորհրդականի, իսկ 2000-2006թթ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։



Արտաքին քաղաքականության խնդիրներին առնչվել է 1999-2000թթ՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ 2001-2006թթ եղել է Հայաստան-Իրան կապերի գծով նախագահի հատուկ լիազոր ներկայացուցիչը։



2006 թվականին նա անսպասելիորեն հրաժեշտ տվեց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին եւ ստեղծեց «Լիսամ» մասնավոր իրավաբանական-խորհրդատվական ընկերությունը, որի խորհրդի նախագահն էր առ այսօր։