Սովորե՞լ, թե՞ չսովորել թուրքերեն

Սովորե՞լ, թե՞ չսովորել թուրքերեն

Սա հոդված է այն մասին, թե ինչու փոշմանեցի, որ բաց թողեցի թուրքերենի դասերը Ստամբուլում: Հնարավոր է` փոշմանելս վարակիչ լինի:



Թեեւ Հայաստանում թուրքագիտությունը վաղուց ինքնուրույն գիտակարգ է, բայց դպրոցներում եւ այլ կրթական հաստատություններում, որտեղ անգլերենից եւ ռուսերենից հետո որպես երրորդ օտար լեզու դասավանդվում են գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, պարսկերեն, թուրքերենն իսպառ բացակայում է: Պետք է ենթադրել, որ սա մեր գիտակցված կամ չգիտակցված արձագանքն է Հայոց ցեղասպանության փաստին, սակայն պատասխանը կարող էր հակառակը լինել եւ գիտակցված: Այս հարցը վերջերս սոցիալական ցանցերից մեկում բարձրացրել էր ազատամարտիկ, ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը: Պատմաբան Ժիրայր Լիպարիտյանն իր հարցազրույցներում անընդհատ ընդգծում է նաեւ օսմաներենի լավ իմացության կարեւորությունը` համապատասխան մասնագետներ պատրաստելու գործում:



Հայաստանում թուրքագիտությունը բնագավառ է, բայց, չգիտես ինչու, թուրքագետ դառնում են հիմնականում նրանք, ովքեր պատեհ եւ անպատեհ առիթով ասում են` «թուրքը մնում ա թուրք»:

Թուրքերին կարելի է չսիրել, ի վերջո, ծանրակշիռ պատճառներ ունենք: Բայց եթե թուրքի նկատմամբ ատելությունից այն կողմ չենք գնում, ինչո՞ւ ենք դառնում թուրքագետ: Երբ մեկը լրագրող է դառնում, ենթադրում ենք, որ մարդը պետք է ոչ միայն չատի լրագրությունը, այլեւ սիրի այն, երբ մեկը եվրոպագետ է դառնում, ենթադրվում է, որ պետք է սիրի այն, ինչ կոչվում է Եվրոպա, երբ մեկը թուրքագետ է դառնում, ամենաքիչը, որ ենթադրվում է, այն է, որ նա չպիտի ատի իր նյութը` վերացական կամ հավաքական թուրքին եւ թուրքերենը: Հակառակ դեպքում ինչո՞ւ դառնալ թուրքագետ, միայն ազգային անվտանգության կամ թշնամուց պաշտպանվելու համա՞ր. սխալ մոտիվացիա մասնագիտություն կամ կյանքի հիմնական գործ ընտրելու համար: Նման մոտիվացիան հեռու չի տանի եւ չի տանում:



Մինչեւ վերջերս համոզված էի, որ նոր լեզու պետք է սովորել այն դեպքում, եթե մտադիր ես հեռու գնալ, խորանալ այդ լեզվի մեջ եւ դարձնել այն աշխատանքային, օրինակ, ինչպես անում ենք անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի կամ գերմաներենի դեպքում: Թուրքերենի հետ իմ մակերեսային առնչությունը բացահայտեց կարեւոր մի բան: Անգամ հիսուն բառի եւ արտահայտության իմացությունը փոխում է օտարերկրացու, տվյալ դեպքում թուրքի հետ քո հարաբերության մակարդակը` այն դարձնելով ավելի ջերմ, ավելի մարդամոտ եւ արդյունավետ: Այսինքն, այդ հիսուն բառը նշանակություն ունի: Այս պարզ բանն ինձ համար առաջ այնքան էլ պարզ չէր:



Չնայած թուրքերեն չպարապեցի, բայց աշխատանքի ընթացքում շատ բառեր եւ արտահայտություններ սովորեցի, որոնք օգնում են ամեն օր: Արաբերենից, պարսկերենից, ռուսերենից փոխառած բառերով այս լեզուն իր բառերով հարուստ չէ: Էկլեկտիկության դասական ճակատագիր: «Թեյ»-ը «չայ»-ն է, բայց այն, որ «չայ»-ը ռուսերեն է, նրանք հասցրել են վաղուց մոռանալ, իսկ երբ հիշեցրի նրանցից մեկին, կասկածով ու մի քիչ էլ թարս նայեց ինձ: Ես էլ սկսեցի կասկածել: Հոմանիշները պետք է որ քիչ լինեն այս լեզվում: Ի՞նչ կարիք կա տասը բառ հնարել, որոնք նման բան կնշանակեն, ավելի լավ է մի բառ հնարել, որ տասը բան կնշանակի:



Առաջին տպավորությամբ` թուրքերենը պրիմիտիվ լեզու է, բայց քանի որ այդպես էլ չսովորեցի, համարեք, որ չեմ ասել: Եթե ընտրություն լիներ` հարեւանների լեզուներից մեկը սովորելու, հաստատ կընտրեի թուրքերենը: Սիրել` չգիտեմ, բայց չատել` հեշտությամբ:



Եթե ուզում ես ինչ-որ հայաստանցու թուրքերեն սովորեցնել, պատմիր նրան ոչ միայն քեզ հետ հարյուր տարի առաջ տեղի ունեցածը հասկանալու կարեւորության, այլեւ Եվրոպայի վերջին փակ սահմանի հնարավոր բացման եւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման մասին, միգուցե օգնի: Թող ապագայի թուրքագետներն էլ ասեն` «թուրքը մնում ա թուրք», բայց խնդմնդալով. բա պիտի թուրք մնային, հո կանադացի կամ պորտուգալացի չէի՞ն դառնալու:



Սեդա ՇԵԿՈՅԱՆ
Ստամբուլ