Ամերիկյան երազանքի պատրանքը. «Լևոն. փակուղի»

Ամերիկյան երազանքի պատրանքը. «Լևոն. փակուղի»

Նորանկախ Հայաստանի մեր օրերի մարդն է ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի հերոսը, իրական` զուրկ ավելորդ հերոսականությունից, իր կյանքը տանուլ տված, մի քիչ նեղացած, մի քիչ վիրավորված, իր արմատից կտրված, բայց ամերիկաներում արմատներ ձգած, իր տեսակից անվերջ փախչող, բայց օտարության մեջ տեսակը պահող, ինքն իր հետ անհաշտ ու կռիվ տվող Մարդը: Թատերական ռեժիսոր Հայկը, ավտոմեխանիկ Լեւոնը, նկարիչ Վահանը, պոետ Ռուբենը. նրանք բոլորը Հարություն Խաչատրյանի հերոսներն են` փախուստի եւ վերադարձի ճանապարհը բռնած մարդիկ, որոնց կյանքն արդեն 25 տարուց ավելի վավերագրում է ռեժիսորը:



Ասել, թե ֆիլմաշարն արտագաղթի մասին է, նշանակում է շատ քիչ բան ասել, «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» հայ կինոյի պատմության մեջ բացառիկ գործ է. դա քառորդ դարից ավելի ձգվող մարդկային փոխհարաբերությունների, ազգային առանձնահատկությունների, կեցության խնդիրների, մեր ներսի ու դրսի կռիվների, հոգեւորի ու նյութեղենի անտես շերտերն ընդգրկող համապարփակ վերլուծություն է:
Ահա նա` ավտոմեխանիկ Լեւոնը, ջարդված մեքենաների թափոնների ֆոնին պատմում է իր ձախողված կյանքի մասին: «1996թ. հունիսի 20-ին եկանք Ամերիկա: Շատ ոգեւորված էինք, նոր երկիր էր, ուրախ էինք, ուտելիքը շատ էր, հերթ չկար խանութներում… հետո տեսնում ես, որ աշխատանք ունես, ամեն ինչ կա, բայց խաղաղություն չկա, էլի մնում ես սթրեսների մեջ եւ գնում ես դեպի անկարողություն: Եկել ենք ազատ երկիր, բայց ազատություն չունենք, ազատության մասին խոսք չկա, շաբաթը 6 օր աշխատում ես, ու մենակ կիրակի օրն է, որ հնարավոր է միասին հաց ուտեք, բայց դա էլ միշտ չի ստացվում:Հայ ժողովուրդն իր դաստիարակությունն ստանում է սեղանի շուրջ, բայց ստեղ չկա այդ սեղանը, որ երեխան դաստիարակվի, ու քեզ զգաս քո ամանի մեջ…, սենց կիսատ-պռատ ապրում ես, տեսնում ես, թե ինչքան պարտքեր ունես ու արդեն ժամանակ էլ չունես բժշկի գնալու…»,- ասում է Հարություն Խաչատրյանի հերոսը` Լեւոնը, ում կյանքի 27 տարիների (1988-2015) շուրջ 120 ժամ տեւողության վավերագրությունը հիմա փորձում է մոնտաժել ռեժիսորը:



«Լեւոն. փակուղի». այսպես է կոչվելու «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի 2-րդ ֆիլմը, որը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի եւ հանդիսատեսին կներկայացվի ամռանը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ, իսկ մինչ այդ մոնտաժային սենյակում դիտում ենք Լեւոնի մասին պատմող տարբեր տարիներից կադրեր:



Ինքը` Հարություն Խաչատրյանը, իր հերոսի մասին այսպես է խոսում. «Քավոր Լեւոնը, որը հանկարծ ստացավ «գրին քարտ», բավականին դժգոհ գնաց Երեւանից, նա ասում է` Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը խոստացավ հացը, որ 1 կգ-ի փոխարեն 700 գրամ է վաճառվում, մեկ շաբաթում ուղղել, բայց անցավ 1 տարի, 2 տարի, 3 տարի՝ չուղղեցին: Իսկ ինքը շատ խիստ մարդ է, թողեց գնաց Ամերիկա, որովհետեւ հիասթափվել էր այդ խոստումներից, որ չեն կատարում, հացի հարցով, ազնվության հարցով, հազար ու մի հարցով»: Լեւոնի կյանքին զուգահեռ, Հարություն Խաչատրյանը ներկայացնում է նաեւ ամերիկահայության կյանքը, կա 2 տեսարան` նարկոդիսպանսերում եւ բանտում, որոնք ինքնին կարող էին առանձին ֆիլմեր դառնալ, բայց, Լեւոնի անձնական դրամայի հետ զուգորդվելով, դրանք ամբողջացնում են այսօրվա ամերիկահայության պատկերն ու միջավայրը:



Ի վերջո, ինչո՞ւ է փախչում մարդը, ինչի՞ց է փախչում, ինչո՞ւ է ուզում վերադառնալ եւ ո՞ւր է վերադառնում: Հերոսներից ամեն մեկը փախչելու իր պատճառներն ու արդարացումներն ունի, եւ գրեթե միշտ մեկ միլիոն պակասում է մեզ՝ երջանիկ լինելու համար: Ֆիլմաշարի առաջին՝ «Հայկ. փախուստ» ֆիլմի հերոսը թատերական ռեժիսոր Հայկն է, նա ասում է. «Ինձ շատ փող պետք չի՝ մի 2-3 մլն, ու ես արդեն կգամ, ու դա հերիք ա էն, ինչ որ մտածել եմ անեմ»: Հայկը հույսը դեռ չի կորցրել, բայց Ամերիկայում ապրող Լեւոնը կորցրել է նաեւ լոտոյով միլիոն շահելու հույսը, ասում է՝ շատ մարդիկ այստեղ «հոմլեսններ»` անտուններ դարձան, ուզում են վերադառնալ, բայց հնարավորություն չունեն, որովհետեւ 30-40 տարով արդեն պարտք են բանկերին:



«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» մեր` հայի տեսակի ուսումնասիրությունն է` հակասություններով լի, իրարամերժ: «Ի՞նչ տարբերություն, թե որտեղ ես, կամ ինչի եմ եկել ստեղ… Ինչքան հեռու լինես քեզանից, էնքան լավ, երեւի բնությունը մեզ բոլորիս ստեղծել ա նենց, որ մեզնից պիտի փախնենք»,- ասում է հեռավոր Կամչատկայում աշխարհից փակված Հայկն ու քիչ հետո իր խոսքին վրա բերում. «Ես մի բան գիտեմ, որ ավելի լավ ա քո հողում մնաս չքավոր, քան մեկ ուրիշ տեղ՝ որպես թագավոր»:



Թե «Հայկ. փախուստում» եւ թե «Լեւոն. փակուղիում» հայկականության պահպանման միակ ու անփոփոխ միջավայրը հայկական եկեղեցին ու հայկական գերեզմանատունն են: Լոս Անջելեսի անսահմանորեն ձգվող հայկական գերեզմանների տապանաքարերի վրա տեսնում ես հայի ազգային ու հոգեւոր ինքնության զույգ հենարանները` Արարատն ու Էջմիածինը, որ թվում է՝ հայ մարդու վերջին հույսն են օտարության մեջ: Այդպես «Հայկ. փախուստի» վերջին կադրում հայկական գերեզմանոցում շրջող Հայկի կերպարից արդեն հասկանում ես, որ գուցե նրա համար էլ չգա հայրենի տուն վերադառնալու օրը, եւ նա էլ դատապարտված է այդ շարքը համալրելու:



«Հայերը կոլոմբոսներ են, մարտիրոսներ, որոնք ճամփորդում են՝ փնտրելու եւ գտնելու այն, ինչ իրենց մեջ կա: Սա հայ ազգի դարդն է, ու չի պրծնում այդ դարդը, որովհետեւ հա գնում են ու գնում, հա փախնում են ու փախնում, վախն անընդհատ կա մարդկանց մեջ: Գնում են ընտանիքներ ու կործանվում են, շատ քչերն են հաջողվում, սուտ է այդ երազանքը գանձերի կղզու մասին»,-ասում է Հարություն Խաչատրյանը:



«Հարություն Խաչատրյանն իրեն հատուկ կինոտարրերի իրական զգացումով եւ դրանց գիտակից ու զգուշավոր կիրառությամբ հանդիսականին պատումի հերթագայման եւ կենդանագրված իրականության ֆիզիկական մասնակիցը դառնալու հնարավորություն է ստեղծում: Պատկերապատումի խորին գեղագիտության, ժամանակի զգացողության, ազդեցիկ հնչյունաշարի եւ երաժշտության նուրբ համադրությունը Մարդու աշխարհիկ մենությանը մետաֆիզիկական որակ է փոխանցում, որտեղ հանդիսականը հաղորդակից է դառնում երջանկություն, ազատություն եւ կապվածություն որոնող խեղճ հերոսին»,- սա Թուրինի 32-րդ միջազգային կինոփառատոնի Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի (Ֆրեդ Քելեմեն, Մարեկ Հովորկա, Ժան-Բապտիստ Մորեն) գնահատականն է «Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչված «Հայկ. փախուստ» ֆիլմի մասին, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Շվեյցարիայի Նիոն քաղաքի Vision du Reel կինոփառատոնում:



Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ 10 միջազգային կինոփառատոների, այդ թվում՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի վավերագրական ֆիլմերի Cinedoc, Ալժիրի, Ժնեւի միջազգային կինոփառատոներին: Կոսովոյի ՄԿՓ-ում «Հայկ. փախուստ» ֆիլմը, որ առաջադրված էր վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: Իսկ 2012թ. «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում՝ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին:



Ֆիլմն ընդգրկված է նաեւ Հարություն Խաչատրյանի ռետրոսպեկտիվների մեջ եւ, ի թիվս ռեժիսորի այլ ֆիլմերի, մարտ-ապրիլ ամիսներին ցուցադրվելու է Բեռլինում, Փարիզում, Նիոնում եւ Բուլղարիայի 4 քաղաքներում:
Ֆիլմաշարի եւ Հարություն Խաչատրյանի կինոարվեստի մասին կարծիքներ են գրել համաշխարհային մեծության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնը. «Հարություն Խաչատրյանն ազդեցիկ ռեժիսոր է, արվեստի հովհանավոր եւ պարզապես մարդ, որն իր ազգային արմատների պարբերական ուսումնասիրությամբ հարստացնում է կինոն», լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին. «Հարություն Խաչատրյանը միայն լավ արվեստագետ եւ բացառիկ ուսուցիչ չէ: «Ոսկե ծիրանի» յուրահատուկ մթնոլորտն անմիջականորեն կապված է հենց Հարություն Խաչատրյանի անձնական ներդրման հետ»: Աշխարհահռչակ կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Գոդֆրի Ռեջջոն այսպիսի կարծիք է հայտնել. «Հարություն Խաչատրյանը, առաջ գնալով իր ավագ գործընկերների` պատկերի հրեշտակապետեր Սերգեյ Փարաջանովի եւ Արտավազդ Փելեշյանի հետքերով, սեփական ստեղծագործություններով միանում է նրանց հոգու պոեզիային»:



Այսքանով հանդերձ, տարօրինակ է մի բան, նման գնահատանքի, մրցանակների եւ համաշխարհային ճանաչման պարագայում «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» մի տեսակ աննկատ անցավ հայ հանդիսատեսի կողմից: Չնայած ֆիլմն ունեցավ մի քանի երեւանյան ցուցադրություն, այդ թվում՝ «Ոսկե ծիրանի» ժամանակ, մեկ անգամ էլ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, բայցեւայնպես, լայն եւ հանգամանալից լուսաբանում չստացավ անգամ կինոգետների կողմից: Ինչ խոսք, «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը» ցավեցնող ֆիլմ է, դա ոչ «փոփկոռնով» նայելու եւ ոչ էլ «հեփփի էնդով» կինո է, այն մեր մասին ու մեր նմանի կողմից պատմվող ֆիլմ է:



Զարմանալի է, որ աշխարհի լավագույն կինոփառատոներում մրցանակներ նվաճած եւ դեռ նվաճող ֆիլմը չգնահատվեց նաեւ պետական մակարդակով. ֆիլմը, նախանցած տարի ներկայացված լինելով պետական մրցանակի, չստացավ այն: Ինչն ավելի քան տրամաբանական է, հակառակ դեպքում դա կնշանակեր, որ պետությունն ընդունում է իր վարած քաղաքականությունը եւ 25 տարուց ավելի ի վիճակի չէ կանխել արագ տեմպերով թափ առնող արտագաղթը: Այսքանից հետո պարզ է դառնում, որ ֆիլմը չէր կարող պետական մրցանակ ստանալ եւ պետք էլ չէ, որովհետեւ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը, որպես ճշմարիտ արվեստի բյուրեղներ, ժամանակի քննությունն են բռնելու: