Եկեք խավարի մեջ լույսը փնտրենք ու լույսով ապրենք

Եկեք խավարի մեջ լույսը փնտրենք ու լույսով ապրենք

Երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանն այս երկրում ծնված եւ այստեղ ապրող քաղաքացի է: Մարդ, ով սիրում է իր հայրենիքը, մարդուն: Նրա համար չկա մեկը, որն այսօր իրեն տհաճ կամ թշնամի լինի: Արա Գեւորգյանը հորդորում է բոլորիս, այդ թվում՝ լրագրողներին, մի քիչ դրական բաների մասին խոսել ու գրել, նա կարծում է, որ մամուլն այսօր ողողված է առավելապես բացասական ինֆորմացիայով, ինչն էլ ազդում է ժողովրդի տրամադրության վրա: Այս եւ այլ հարցերի շուրջ Ազգային ժողովում զրուցեցինք Արա Գեւորգյանի հետ, ով խորհրդարան էր եկել՝ մասնակցելու Կորյուն Առաքելյանի գրքի շնորհանդեսին:



- Ի՞նչն է խանգարում դիմացինին լիարժեք սիրելու, հարգելու համար:



- Երբ որ մենք հասկանանք, որ երկար չենք ապրելու եւ ոչինչ չենք տանելու մեզ հետ, էդ փոքրիկ բանաձեւը հասկանալուց հետո բոլորիս կյանքը շատ կհեշտանա, էլ չենք վազի նյութի հետեւից, էլ չենք սկսի իրար խաբել նյութի համար, էլ չենք նսեմանա նյութի համար…



- Դուք, հավանաբար, հետեւել եք վերջին զարգացումներին՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը, նախագահի ելույթին եւ այլն: Այդ ամենն ի՞նչ հուշեց Ձեզ, ի՞նչ զգացիք՝ որպես մշակույթի գործիչ, ով կողքից է նայում քաղաքականությանը, այլ աչքերով:



- Ես կարող եմ ասել, որ փառք Աստծո, որ հանդարտվեց ամեն ինչ, որովհետեւ ես չէի ցանկանա, որ բախումներ լինեին, չէի ցանկանա, որ ժողովուրդը՝ մի կողմից, ոստիկանները՝ մյուս կողմից, բախվեին… էստեղ արյունահեղությունն անխուսափելի էր, որովհետեւ, բացի այն, որ մեր ժողովուրդը կարող է ձայնը բարձրացնել, բայց հաստատ ժողովրդի մեջ գտնվում են մարդիկ, որ հատուկ եկած՝ դրսի ուժերի կողմից երեւի, ավելի շատ դրան եմ հակված ասել, որ հատուկ գալիս են խառնելու համար: Իսկ մենք էնքան էմոցիոնալ, մի քիչ տաքարյուն ժողովուրդ ենք, որ ցանկացած բռնկում մեզ տանում է իր հետեւից:



- Բայց, մյուս կողմից էլ, անընդհատ խոսվում է իշխանափոխության, երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, ճգնաժամի եւ արմատական փոփոխությունների մասին:



- Ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ Հայաստանում ապրող մարդիկ լուսնից չեն իջել, եւ ով որ նախագահ է, կամ ով էլ որ լինի, ես կարծում եմ՝ մենք պետք է ինքներս փոխվենք: Մենք ինքներս, եթե հնարավորություն ունենք, պիտի սկսենք ավելի պոզիտիվ նայել ամեն ինչին, հենց նույն լրագրողները… սկսենք մի քիչ պոզիտիվի մասին խոսել, մի քիչ լավ բաների մասին խոսել: Էնպիսի տպավորություն է, որ մամուլը կարդում ես, մեռնելդ գալիս է:



- Բայց չե՞ք կարծում, որ բացասականն այնքան շատ է, խնդիրներն այնքան շատ են, որ դրականը ստվերվում է դրանց ֆոնին:



- Իսկ ո՞վ է դրա մասին բարձր խոսում: Խոսում են լրատվամիջոցները: Ես խոսքի ազատությանը դեմ չեմ, որովհետեւ գլոբալ առումով խոսքի ազատությունն այնքան լավ բան է, որ սաստում է շատ-շատերին, բոլորին դնում է չափի մեջ, որ ամեն մարդ ապրի էս կյանքում պատշաճ, որովհետեւ լրատվամիջոցների աչքը նրանց ու բոլոր բնագավառների վրա է, եթե սխալ ես թույլ տալիս, դա դրոշակ է դառնում, եւ եթե լավ բան ես անում, դա էլ է դրոշակ դառնում, բայց մեր երկրում մի քիչ էդ վատ բանի լուսաբանումն ավելի շատ է, քանի լավինը: Ինչո՞ւ երաժիշտների, ժողգործիք նվագողների, փողային գործիք նվագողների մասին չեք խոսում, ինչո՞ւ չեք պրոպագանդում նրանց, որ երաժշտական դպրոցներում դիմորդները շատանան: Դուք այդ ամենը դրել եք մի կողք ու խոսում եք միայն երգի մասին, պարի մասին ու քաղաքականության մասին:



- Սերժ Սարգսյանը ժամանակին նման մի միտք արտահայտեց, թե երկրում գաղջ մթնոլորտի հիմնական մեղավորները լրագրողներն են: Փաստորեն, Դուք է՞լ եք համակարծիք նախագահի հետ:



- Նախագահի խոսքից շատ առաջ եմ ինքս նույն բանն ասել: Ինչո՞ւ: Որովհետեւ մեզ ինչո՞ւ եք ցուցադրում Շրի Լանկայում շուռ եկած ավտոբուս, եթե մարդ, առանց այն էլ սոցիալական ոչ լավ պայմաններում, հոգնած աշխատանքից տուն է գալիս ու հեռուստացույցը միացնում է, որ նորություններ դիտի, իմանում է, որ Շրի Լանկայում շուռ է եկել ավտոբուս, ու երկու երեխա մահացել է: Տրամադրությունը միանգամից ընկնում է: Եթե կարող ենք օգնել այդ մարդկանց, շատ լավ, հայտնեք էդ մասին, որ գնանք օգնենք… Նորությունները միացրեք, թերթերը բացեք ու կտեսնեք, որ ես ճիշտ եմ ասում:



- Բայց չէ՞ որ այդ նույն մամուլի գործառույթը հենց երկրում առկա խնդիրները վեր հանելն է, դրանց մասին բարձրաձայնելը, որ լուծումներ տրվեն դրանց: Ու հաճախ հենց մեր բարձրաձայնածի արդյունքում են շատ խնդիրներ լուծվում:



- Անշուշտ, բայց ոչ պետական գաղտնիքների մասին: Եթե խոսվում է բանակի, մեծ պետական կառույցների մասին, էստեղ պետք է զգույշ լինել:



- Լավ, Ձեր դրական խոսքը կասե՞ք՝ որպես ամփոփում մեր զրույցի:



- Ես ուզում եմ, որ մենք, այնուամենայնիվ, սկսենք մեր ներսը փոխել: Բոլորս գիտենք, չէ՞, որ մարդու 80 տոկոսը ջուր է, որն ունի հիշողություն: Ուստի, մեր ներսի ջուրը եթե մենք կարողանանք պահել ուրախ, բարձր տրամադրությամբ, իրար բարին կամենալով, բարին իրար մաղթելով, փողոցում իրար ժպտալով… եկե՛ք մի քիչ իրար սիրենք, ամեն մարդ իր դիմացինին նայում է որպես թշնամի: Էսպիսին դարձել ենք մենք: Ամեն մեկս պետք է մտածենք, որ մենք պետք է բարի լինենք, պետք չէ ամեն ինչի մեջ սեւը ման գանք, եկեք խավարի մեջ լույսը փնտրենք ու լույսով ապրենք, ոչ թե հակառակը: