Նեմեսիս գործողությունը՝ կոմիքսների միջոցով

Նեմեսիս գործողությունը՝ կոմիքսների միջոցով

Երեկ Թեքեյան մշակութային միությունում տեղի ունեցավ «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, որն իրականացվել է Ֆրանսիայի «Սիժեստ» եւ երեւանյան «Արեգ» հրատարակչությունների հետ համատեղ: Գրքում Նեմեսիս գործողությունը ներկայացվել է ամբողջությամբ պատկերապատումների՝ կոմիքսների միջոցով, որի հեղինակն է Պաուլո Կոսսին: Հրատարակության մեջ ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաեւ Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:



Գրքի պատկերապատման սցենարիստներն են Ժան-Բլեզ Ջիանը եւ Ժան Վարուժան Սիրափյանը, ով նաեւ «Սիժեստ» հրատարակչության եւ «Չոբանյան» ինստիտուտի տնօրենն է: Շնորհանդեսին ներկա Ժան Վարուժան Սիրափյանը նշեց, որ պատկերագրքի ձեւաչափը լավ հնարավորություն է երիտասարդների ուշադրությունն այդ խնդրի վրա սեւեռելու համար: Եվ ինչն է կարեւոր, ըստ նրա. որ ոչ մի անմեղ մարդ չի մահացել Նեմեսիս գործողության մեջ, միայն այն թուրքերը, որոնք թուրքական դատարանի կողմից էլ դատապարտված էին: Հետեւաբար, Նեմեսիսի գործողությունը չի կարող տեղավորվել տեռորիզմի անվան տակ, որովհետեւ այն ավելի շատ արդարադատություն էր:
Մինչ օրս գիրքը լույս է տեսել 4 լեզուներով. անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ հայերեն, նախատեսված է տպագրել նաեւ թուրքերեն եւ գերմաներեն: Արդեն նախնական պայմանավորվածություններ ունեն թուրք հրատարակչի հետ՝ գիրքը Թուրքիայում հրատարակելու համար:



«Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանն էլ նշեց, որ թեպետ կոմիքսների ժանրը դեռ շատ ընթերցող չունի Հայաստանում, բայց, անկախ դրանից, իրենք 400-ական օրինակով հրատարակել են գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակները: Ապա հիշեց, որ 89թ. հրատարակած Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը 50 հազար օրինակով կայծակնային արագությամբ սպառվեց, մնում է սպասել, թե 400 օրինակն այսօր ինչքան արագ կսպառվի:



Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ նկատեց, որ դեռ Հայոց եղեռնի ժամանակ կատարվածը փորձ է արվել ցույց տալ կոմիքսների միջոցով, իսկ ինչ վերաբերում է Նեմեսիս գործողությանը, ապա թանգարանի ցուցասրահներից մեկն ամբողջությամբ նվիրված է լինելու այդ գործողությանը: