Կայացավ ԱՆԴԻՆ ամսագրի մրցանակաբաշխությունը | լուսանկարներ

Կայացավ ԱՆԴԻՆ ամսագրի մրցանակաբաշխությունը | լուսանկարներ

Փետրվարի 28-ին կայացավ ԱՆԴԻՆ ամսագրի 2013-14թթ. մրցանակաբաշխությունը: Լավագույն պոեզիա, արձակ, էսսե անվանակարգերում առաջադրված էին Անդին ամսագրում 2013-14 թվականներին տպագրված հեղինակները: Լավագույն էսսեի համար ԱՆԴԻՆ մրցանակի արժանացան Վահան Սաղաթելյանը և Թադևոս Խաչատրյանը, լավագույն արձակի համար` Լևոն Ջավախյանը և Արամ Պաչյանը, իսկ լավագույն պոեզիայի ԱՆԴԻՆ մրցանակը ստացան Հրաչյա Սարուխանը և Վահագն Աթաբեկյանը: Անդինը սահմանել էր նաև «Տարվա հերոս» մրցանակ, որը տրվեց հայ զինվորին: Մրցանակը ստանալու համար միջոցառմանը հրավիրվել էր ժամկետային զինծառայող Հայկ Հակոբյանը: Անդինը պատրաստել էր նաև հատուկ մրցանակ` «ԱՆԴԻՆԻ հայտնություն»: Հատուկ մրցանակը ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը հանձնեց երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանին, ով իր ստեղծագործական ուղին սկսել է հենց ԱՆԴԻՆ-ից:
Արարողությանը հրավիրված էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱՆԴԻՆԻ խմբագրական խորհրդի մյուս անդամները, ԱՆԴԻՆԻ հեղինակներ, մշակութային գործիչներ և բազմաթիվ հյուրեր:
Միջոցառումը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյան համերգասրահում, որը, ինչպես նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը, իր պատերի ներսում տեսել է Չարենցին ու Տերյանին և դեռ դեռ տեսնելու է նոր ու տաղանդաշատ հայ գրողների: