Թուրքերը շարունակում են Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու ջանքերը

Թուրքերը շարունակում են Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու ջանքերը

Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը շարունակում է իր ջանքերը, որպեսզի Անի քաղաքը հայտնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը: Համապատասխան առաջարկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կարվի 2016-ին՝ Օսլոյում: Նախատեսվում է, որ մինչ այդ՝ 2015-2016-ը կհռչակվեն Կարսի և Անիի ավերակների տարի:

Աղբյուրը քաղաքի մասին նշում է, որ «5,000-ամյա քաղաքը հայ-թուրքական սահմանին է, բազմաթիվ քաղաքակրթությունների օջախ է հանդիսացել»: Նշվում է նաև, որ 78 հեկտար տարածք զբաղեցնող Անին եղել է միջնադարյան հայկական թագավորության մայրաքաղաքը, թագավորություն, որը զբաղեցրել է ներկայիս Հայաստանի և այսօրվա արևելյան Թուրքիայի մեծ մասը:

Նշվում է նաև, որ այսօր Անին գլխավոր այցելավայրերից է այդ շրջանի զբոսաշրջիկների համար:



Տեղի մշակութային հարցերով ղեկավար Հաքան Դողանայը տեղեկացրել է, որ այս տարի Անիում «փրկարարական պեղումներ» են անցկացվելու: Այժմ ավարտված է քաղաքի հին պարսպի ռեստավրացիայի աշխատանքը: Նույն պաշտոնյան տեղեկացել է նաև՝ «Անին մեր գանձն է» և հայտնել, որ այնտեղ «կբերվի 21 նոր հնություն՝ տարբեր մշակույթներից»: