«Անդին»-ի մրցանակաբաշխությունից մինչեւ «Անդին TV»

«Անդին»-ի մրցանակաբաշխությունից մինչեւ «Անդին TV»

Ձմռան վերջին օրը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, տեղի ունեցավ «Անդին» ամսագրի 2013-14թթ. մրցանակաբաշխությունը: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կողմից 2012թ․ հիմնադրված ամսագիրը կարճ ժամանակում իր շուրջը հավաքեց մեծ թվով ստեղծագործողների ու դարձավ ամսագիր, որն այսօր ընթերցում են ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ, բաժանորդագրության շնորհիվ, նաեւ հեռավոր գյուղերում եւ զորամասերում։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն «Անդին»-ի հեղինակները, մշակութային-հասարակական գործիչներ, ընթերցասերներ, այլ նաեւ պետական պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։



Մրցանակներ էին սահմանվել «Պոեզիա», «Արձակ» եւ «Էսսե» անվանակարգերում։ Լավագույն էսսեի համար մրցանակի արժանացան Վահան Սաղաթելյանը եւ Թադեւոս Խաչատրյանը, լավագույն արձակի համար` Լեւոն Ջավախյանը եւ Արամ Պաչյանը, իսկ լավագույն պոեզիայի համար՝ Հրաչյա Սարուխանը եւ Վահագն Աթաբեկյանը: «Անդին»-ը սահմանել էր նաեւ «Տարվա հերոս» մրցանակը, որը տրվեց հայ զինվորին՝ ի դեմս ժամկետային զինծառայող Հայկ Հակոբյանի։ Հատուկ մրցանակը` «Անդինի հայտնությունը», տրվեց երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանին: Պատվոգրից եւ դրամական (100 հազար դրամ) մրցանակից բացի, «Անդին»-ը յուրաքանչյուր հեղինակին շնորհեց նաեւ ամսագրի խորհրդանիշով բրոնզե արձանիկ՝ պատրաստված երիտասարդ քանդակագործ Աշոտ Գեւորգյանի կողմից, որոնցից յուրաքանչյուրը չէր կրկնում մյուսին։



Միջոցառման օրը Մերուժան Տեր-Գուլանյանն իր խոսքում հիշեց, թե ինչպես մի օր, երբ ամսագիրն ուշացել էր զորամասերում, զինվորներից մեկը զանգահարել էր ու հարցուփորձ արել, թե «Անդին»-ին հո բան չի՞ պատահել, ինչո՞ւ ամսագիրը չկա, իսկ զորամասի գրադարանում իր աչքով է տեսել, թե ձեռքից ձեռք անցնելուց ամսագիրն ինչքան մաշված է եղել, ինչը նշանակում է, որ ամսագիրը գրադարակում չի մնում եւ իր ընթերցողն ունի։



Թե ինչ չափանիշներով էին ընտրվել հաղթողները, ամսագրի գրական բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը նշեց, որ խմբագրական խորհուրդն է որոշում կայացրել, եւ այն մեկ անհատի որոշում չի եղել միայն, իսկ ընտրության չափանիշը եղել են ստեղծագործության գեղարվեստականությունը եւ արժեքը։ «Այս մրցանակաբաշխությամբ ամեն ինչ դեռ սկսվում է, եւ կարծես թե կարեւորվեց ստեղծագործողը գրական դաշտում, գրողը հասկացավ, որ իր գործն ընթերցվում է, հասնում է սահմանամերձ շրջաններ, եւ ընթերցվելուց հետո էլ գնահատվում է այդ ամենը»։ Մրցանակաբաշխության պարբերականությունը նույնպես պահվելու է, եւ փորձ է արվելու այն դարձնել ամենամյա։



Ինչ վերաբերում է մրցանակների արժանացած, դրանից դուրս մնացած հեղինակներին, ապա Անի Տեր-Գուլանյանը նորմալ է համարում մրցանակաբաշխության ներկուլիսային խոսակցությունները․ «Թող քննարկեն, այլ կերպ հնարավոր չէ, եթե նայենք քննարկումներին կամ քննադատություններին, որոնք իսկապես շատ եղան, եւ եղան անգամ մարդիկ, որոնք խորապես վիրավորվեցին, ապա էշը շալակած պետք է ման գանք, ոչ թե նստենք էշի վրա»։



Անի Տեր-Գուլանյանն ընդգծում է, որ մրցանակաբաշխությունը ոգեւորել է նաեւ շատ հեղինակների, որոնք իրենց գործերն են ներկայացնում «Անդին»։ Իսկ տարվա կեսից ամսագիրը կտպագրվի արդեն 5 հազար օրինակով։ Բացի այդ, 2 ամիս է արդեն, ինչ գործում է «Անդին»-ի կայքը, որը, ամսագրի կայք լինելուց բացի, գործում է նաեւ առանձին։ Առաջիկայում «Անդին»-ը կկազմակերպի նաեւ գրական հանդիպումներ, քննարկումներ, կլինեն հասարակական-քաղաքական թեմաներով վերլուծականներ, որոնք կտեսանկարահանվեն եւ կտեղադրվեն կայքում։ Մինչեւ տարեվերջ այն կդառնա «Անդին TV»` հասանելի կայքի տարածքում։



Անի Տեր-Գուլանյանը նաեւ նշեց, որ ամսագիրն իր տպագրման առաջին օրվանից քայլ է արել գրական դաշտը չբաժանել խմբավորումների եւ դրսեւորվելու հարթակ տալ բոլորին, չնայած բոլորի համար ակնհայտ է, որ գրական դաշտում այսօր շատ են խմբավորումները, որոնցից ամեն մեկն իր նպատակներն ունի․ «Մի խումբ տարբեր գրանտային ծրագրերի տակ ինչ- որ բաներ է իրականացնում, որը դեռ շատ հարցական է, մեկ ուրիշ խմբավորում նպատակ ունի գրականությունը բիզնեսի վերածելու․ դա էլ տարբերակ է, մեկ ուրիշ խմբավորում ծերակույտերի խումբ է դարձել, որ արդեն հոգնած, հիշողությունները կորցրած գրողներ են, իրենք գրում են, իրենք կարդում։ Մենք այնքան ուզում էինք, որ այս խմբավորումները չլինեին, որովհետեւ այդ խմբավորումներում տաղանդավոր մարդիկ կան, որ կուզեինք հավաքվեին «Անդին»-ի շուրջ, մեր դռները բաց են արժեքավոր գործերի առաջ։ Բայց այդ, խմբավորումները շարունակում են գործել եւ ներքին պառակտումների մեջ են»։



Ի դեպ, 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, «Անդին»-ի լոգոյի գունավորումը կփոխվի, եւ ամսագիրն իր նոր՝ «Ցեղասպանություն եւ ցեղասպանված մշակույթ» խորագրի ներքո ամեն համարում կանդրադառնա Ցեղասպանության 100-րդ տարելիցին, թե 1915-ից հետո ինչ կատարվեց մեր գրականության եւ մեզ հետ։