Մարդն առանց տեղի

Մարդն առանց տեղի

Հրաչ Գալստյանի լուսավոր հիշատակին



Մարտի 1-ը Հրաչի ծննդյան օրն է: «Քաղաքագետ», «վերլուծաբան» բառերը բնորոշում են այն, ինչով զբաղվում էր Հրաչ Գալստյանը: Բնորոշում են, բայց` ոչ դիպուկ: Հրաչը սիրում էր իրեն անվանել հայեցող: Եթե «հայեցողին» ավելացնեմ «համադրող» բառը, ապա ավելի կմոտենամ իրականությանը:



Հիշում եմ Հրաչի հետ իմ առաջին ծանոթությունը, կարծեմ 2007-ին էր: Պատճառը «Պանորամա» թերթն էր, որ, չնայած իր ոչ երկար գոյությանը, անկախության շրջանում Հայաստանում իրականացված ամենահետաքրքիր նախագծերից էր: Դրա մեղավորը միայն Հրաչը չէր, բայց Հրաչը գլխավոր մեղավորներից էր:



Մեր համագործակցության սկիզբը լավ չեմ հիշում: Գնացել էի «Պանորամա» թերթի խմբագրություն` թերթին թղթակցելու նպատակով, բայց դեռ լավ չգիտեի, թե ինչ եմ ուզում եւ ինչ եմ անելու: Պայմանավորվեցինք, որ կգրեմ, ու սկսվեց մեր աշխատանքը, որի սկիզբը ոչնչով աչքի չէր ընկնում. թերթում հիմնականում գրում էի ցուցահանդեսների ու արվեստագետների մասին հոդվածներ: Բայց հետո եկավ մի պահ, երբ սկսեցինք, չգիտեմ որտեղից, բոլորովին ուրիշ բան անել: Դա շատ նման էր կուրատորի` համադրողի աշխատանքին, երբ վերջինս տարբեր տեղերից բերում եւ իրար է կապում առաջին հայացքից կապ չունեցող բաները: Այդպես սկսվեց վիրտուալ թանգարանների եւ վիրտուալ ցուցահանդեսների ներկայությունը թերթում: Այդ ժամանակ էր, որ սկսեցի մտածել կուրատորությամբ զբաղվելու մասին: Դա շատ նման էր այն աշխատանքին, որ սկսեցի անել 2010-ից սկսած, բայց արդեն ոչ թե թերթում, այլ ֆիզիկական տարածքներում:



Լեզվի, հաղորդակցության եւ հարաբերությունների մասին լինելով` կուրատորությունն ամենամարդկային աշխատանքն է: Մարդկային, չափազանց մարդկային` կասեր Նիցշեն: Կուրատոր չլինելով` Հրաչն ինտուիտիվ զգում էր դա. Դավիթ Հովհաննիսյան, Աղասի Թադեւոսյան, Նիկոլ Մարգարյան, Եվա Սարգսյան, Վիոլետ Գրիգորյան, Միսաք Խոստիկյան, Հովհաննես Հովհաննիսյան, Ալինա Պողոսյան, Արա Նեդոլյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Սահակ Պողոսյան, Անահիտ Հայրապետյան, Լեւոն Մարգարյան, Վահրամ Դանիելյան, Վարդան Ոսկանյան` այն մարդկանց ոչ ամբողջական կազմը, ում հետ Հրաչը համադրում էր թերթը, իսկ հետո` նաեւ prm.am կայքը:



Լեզվի, հաղորդակցության եւ հարաբերությունների մասին լինելուց բացի` կուրատորությունը նաեւ սիրո, ընկերության եւ վստահության մասին է: Հանեք սիրո կամ ընկերության բաղադրիչը` կուրատորական պրակտիկայի մարդաբանական բնույթը, եւ այն կդառնա փորձագիտական մի աշխատանք, հետաքրքիր, բայց ոչ ավելի: Արիստոտելն ասում էր, որ ընկերությունն էրոսի էթիկական ֆորման է: Քանի որ կուրատորությունը ստեղծագործական պրակտիկա է, կուրատորն աշխատում է ոչ միայն նրանց հետ, ում վստահում է, այլեւ նրանց, ովքեր իր վրա թողնում են մարդկային եւ էսթետիկական ազդեցություն:



Հրաչը մեծ հույսեր ուներ նաեւ իմ մասնագիտական ապագայի հետ կապված, "high hopes", ինչպես ասում են: Բայց դա կարեւոր չէ: Ամենաիսկական լավությունն այն չէ, որ մարդն անում է քեզ համար, այլ այն դրական էներգիան, որ դու ստանում ես նրանից` ձեր ընդհանուր կյանքից, եւ հետո կիրառում ինքդ` քեզ համար: Ամեն մարդ ունի դրա իր աղբյուրները: Ինձ համար Հրաչն այդ աղբյուրներից մեկն է: Հրաչը ոչ միայն գնահատում էր այն, ինչ անում եմ, այլեւ յուրահատուկ պաշտպանվածության զգացում հաղորդում:



Նմա՞ն ենք Հրաչն ու ես: Չէ, կարծում եմ` տարբերությունները շատ են: Բայց սկզբունքային նմանություններ կան: Օրինակ, տհաճության բնազդային զգացողությունը պոպուլիզմի ամենատարբեր դրսեւորումների նկատմամբ, անգամ ամենաթաքուն, մարդու եւ իր տեղի մասին ընդհանուր պատկերացումները. Հրաչը երեւի ինձ նման ինտուիտիվ զգում էր` չարժի կատարել սեփական պարտականությունն այն տեղում, որը մեզ են հատկացրել: Հսկայական էներգիա ես ծախսում ոչնչի համար: Ամենաիսկական պարտականությունն է՝ ստեղծել սեփական տեղը եւ հորինել հանգամանքները: Մոտավորապես դա էր անում Հրաչը տարբեր տարիներին` սկզբում «Պանորամա» թերթում, հետո` կայքում, հետո` սեմինարներ եւ դասախոսություններ անցկացնելիս:



Հրաշալի է, որ կան մարդիկ, որոնց հիշելու ես միայն լուսավոր հիշողություններով: Ասում են` մարդը երբեք իր տեղում չէ: Մարդը երբեք չի գտնում իր տեղը, պարզապես կան տեղեր, որտեղ նա իրեն ճշգրտորեն զգում է ավելի սիրված` հետեւաբար, ավելի հասկացված եւ պաշտպանված:



Սեդա  ՇԵԿՈՅԱՆ



Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի