Վարդան Դևրիկյանը՝ գրականության ինստիտուտի տնօրենի թեկնածու

Վարդան Դևրիկյանը՝ գրականության ինստիտուտի տնօրենի թեկնածու

Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Ավիկ Իսահակյանը 65 տարին լրանալու պատճառով այլեւս չի կարող պաշտոնավարել, ինչը նշանակում է, որ առաջիկայում Գրականության ինստիտուտը կունենա նոր տնօրեն: Բայց մինչ տնօրենի ընտրությունը, նախատեսված է թեկնածուների առաջադրման փուլը:



Ըստ կանոնակարգի, մեկ թեկնածու առաջադրում է Գրականության ինստիտուտը, մեկ թեկնածու՝ ԳԱԱ համապատասխան բաժանմունքը, ինչպես նաեւ թեկնածուներ կարող են առաջադրել գրականագետ ակադեմիկոսները: Մինչեւ 65 տարեկան բոլոր գիտությունների թեկնածուներն ու դոկտորները, ովքեր ինստիտուտում են աշխատում, կարող են առաջադրվել ոլորտի ակադեմիկոսների կամ բաժանմունքի կողմից: Գրականության ինստիտուտից էլ տեսականորեն 31 հոգի իրավունք ունի առաջադրվելու կամ ինքնառաջադրվելու, բայց ինստիտուտի կողմից տնօրենի պաշտոնի համար, այնուամենայնիվ, մեկ հոգի պետք է ներկայացված լինի: Որից հետո առաջադրված թեկնածուների կազմից ընտրությունը կատարելու է ակադեմիայի նախագահությունը, ընդ որում՝ բոլոր առաջադրված թեկնածուները երբ գրանցվում են, ինստիտուտում վարկանիշային քվեարկություն է անցկացվում, որպեսզի ակադեմիայի նախագահությունը կողմնորոշվի, թե ինչպիսին է կոլեկտիվի տրամադրվածությունն արդեն գրանցված բոլոր թեկնածուների նկատմամբ, որից հետո ընտրում է բոլորի միջից մեկին: Մարտի 18-ից հետո, երբ ավարտվի թեկնածուների առաջադրման ժամկետը, ակադեմիայի նախագահությունն արդեն կկատարի տնօրենի ընտրությունը:



Իսկ մինչ այդ երեկ Գրականության ինստիտուտում կայացել է ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը, որի համար, ինչպես նախապես հայտնի էր, առաջադրվելու է ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը: Մեզ հետ զրույցում Դեւրիկյանը նշեց, որ իրենից բացի առաջադրվել է եւս մեկ հոգի, բայց չի ուզում նշել անունը, քանի որ արդյունքում արդեն ինքն է ընտրվել ինստիտուտի կողմից. 49 հոգուց 34-ը կողմ են արտահայտվել իր թեկնածությանը, 11-ը՝ դեմ, 5 ձայն էլ անվավեր է ճանաչվել: Թե ակադեմիան իր թեկնածուին երբ կառաջադրի, մինչեւ մարտի 18-ը դեռ ժամանակ կա:



Թեկնածուների առաջադրումը, ըստ Դեւրիկյանի, շատ դեմոկրատական, կշռադատված սիստեմ է, որտեղ լսվում է թե ոլորտի նշանավոր գիտնականների կարծիքը, թե ինստիտուտի դիրքորոշումը եւ թե, որպես պատասխանատու, ակադեմիայի վավերացնող դիրքորոշումը: Նա նաեւ նկատեց, որ ինստիտուտի կարծիքը միշտ վճռորոշ է լինում, եւ դեռ չի եղել մի դեպք, որ հակասություն լինի, եւ ինստիտուտի առաջադրած ու ընտրված թեկնածուն այլ լինի: Ինչը նշանակում է, որ ընտրվում է հենց ինստիտուտի առաջադրած թեկնածուն: