Եվգենի Կիսինի մենահամերգը Երեւանում

Եվգենի Կիսինի մենահամերգը Երեւանում

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կհյուրընկալվի Հայաստանին՝ եւս մեկ անգամ հանդիպելու հայ երաժշտասերներին: Ապրիլի 2-ին «Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի դաշնակահարի մենահամերգը: Ծրագրում կհնչեն Բեթհովենի Սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆեւի Սոնատ թիվ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաեւ մազուրկաները, Լիստի Ռակոցի քայլերգը: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգեւների, հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ:



«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով, Եվգենի Կիսինը մեր երկրի եւ փառատոնի լավագույն ընկերն է. «Երբ առաջին անգամ նա եկավ Հայաստան, մեկնելու ժամանակ խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ: Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով: Այս տարի այդ ծրագիրը նա նվագում է աշխարհի ամենամեծ բեմերում: Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին»:



Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: