10 դիտարկում Ֆատիհ Ակինի «սպի» ֆիլմի մասին

10 դիտարկում Ֆատիհ Ակինի «սպի» ֆիլմի մասին

Առաջին… Երեկ, Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված Ֆաթիհ Ակինի «Սպի» ֆիլմը դիտելու ժամանակ ու դրանից հետո, անվերջ հարց էր ծագում. «Լավ, ո՞րն է ռեժիսորական մտահղացման թիրախը, սրանով ի՞նչ էր ուզում ասել»:



Երկրորդ… Մինչ ֆիլմի դիտումը մի քանի հոդված արդեն կարդացել էի, լսել էի տարատեսակ կարծիքներ՝ թե դրական, թե բացասական, նաեւ լսել էի, որ, «ամեն ինչ մի կողմ դրած, բայց ֆիլմն իսկապես գեղեցիկ է»: Եթե հոլիվուդյան ֆիլմի միջին կլասի առոգանությունն ու ռիթմը, դրան բնորոշ էսթետիկական պատկերահանումները գեղեցկության ընկալման լրջագույն չափորոշիչներ են, ապա «Սպի»-ն գեղեցիկ ֆիլմ համարվելու բոլոր հնարավորություններն ունի:



Երրորդ… Ֆիլմը դիտելիս այնպիսի տպավորություն էր, որ Ակինը մանրակրկիտ ուսումնասիրել է մեր հասարակության ստվար հատվածի` Հայոց մեծ եղեռնի հանդեպ ունեցած նույն յուրատիպ վերաբերմունքը: Այս ֆիլմում եւս կային գլխատումներ, անապատներ, բռնաբարություն… կային արցունքներ, եւ դահլիճում եւս մերթընդմերթ արտասվելու ձայներ էին լսվում: «Սպի»-ն լեցուն էր սենտիմենտային շեշտադրումներով եւ ամեն կերպ սիրվել էր ուզում:



Չորրորդ… Ֆիլմը դիտելիս տպավորություն էր, թե ֆիլմ չես դիտում, այլ հետեւում ես ֆիլմին բնորոշ հատկություններով մի պատմության, որ ծայրեծայր կանխատեսելի է: Երեւի Ակինի համար ձեւի եւ բովանդակության կանխատեսելիությունն այլեւս խնդիր չէ:



Հինգերորդ... Ֆիլմի սյուժեն է` ջարդից հրաշքով փրկված հայ մարդու պատմությունը, որի ձայնալարերը կտրված են, խոսելու ունակություն չունի, փնտրում է ու գտնում կորած դուստրերին: Այս պատմության անհաջողությունը, կարծում եմ, իրացման անկատարության ու պարզունակության մեջ է, թեպետ, իհարկե, կարելի էր ավելի հետաքրքրական պատմություն գտնել:



Վեցերորդ... Ֆիլմը մի մեծ կլիշե էր վատ իմաստով Ցեղասպանության կլիշեի մասին:



Յոթերորդ... Բոլոր կինոքննադատական խորիմաստ վերլուծություններն ու մտորումներն այս ֆիլմին ավելի մեծ քաշ են հաղորդում, իսկ ֆիլմն իր առջեւ որեւէ սանդղակ չէր էլ դրել:



Ութերորդ… Կարծեմ Սկորսեզեն «Սպի» ֆիլմի մասին ասել է, որ «հիմա նման ֆիլմ չեն նկարում»: Բայց դե, Ֆաթիհ Ակինը նկարել է հենց այն ֆիլմը, որը, թվում է, մակերեսային է, թվում է՝ ոչ մի նոր միտք, ոչ մի հետաքրքիր գաղափար չի բերում, բայց հայտնվում է ուշադրության կենտրոնում միայն պատմաքաղաքական համատեքստի շնորհիվ եւ, իհարկե՝ սրտառուչության: Եվ կարելի է ասել` «Սպի»-ն հերթական ժամանակակից ֆիլմերից է, որը համալրում է շուկան:



Իններորդ… Նայել եմ Ակինի մյուս ֆիլմերը… Ցավոք, «Սպի»-ն նրա ամենաանհետաքրքիր ֆիլմն է:



Տասներորդ… Երեւի բոլոր հայերը Ցեղասպանության թեմայի համար են նայելու այս ֆիլմը… իսկ ոչ հայերին ի՞նչն է հետաքրքրելու ֆիլմում…