Պետպատվեր չի իջեցվել, բայց շատերն են Կոմիտասին նկարել

Պետպատվեր չի իջեցվել, բայց շատերն են Կոմիտասին նկարել

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ), որում ներկայացված ստեղծագործությունները ցուցահանդեսի ավարտից հետո նվիրաբերվելու են նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտին:



Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ազգային պատկերասրահը եւ Աշխարհի հայ նկարիչների միությունը, որի համանախագահ Ղազար Միրզոյանը նշեց, որ ներկայացված 80-ից ավելի աշխատանքներից ընտրվել են 20-ը, որոնք անմիջականորեն արծարծել են Կոմիտասի թեման: «Ամենադժվար բանն ամենածանոթ բանը նկարելն է: Կոմիտասը կրկնակի դժվար է հատկապես մեզ համար, որովհետեւ երաժշտության մեջ մեր Մաշտոցն է: Նկարիչներից ամեն մեկը ներկայացրել է իր Կոմիտասին: Կային շատ նկարներ, որ թեմա չէին արծարծում, բայց նկարը նվիրվում էր Կոմիտասի 145-ամյակին, այդպիսի նկարները դուրս են մնացել»,-նշեց Միրզոյանը, ապա հավելեց, որ իր համար կարեւորն այն է, որ նկարիչն առանց թելադրանքի, առանց պետության պատվերի է նկարել Կոմիտաս, իր հոգու թելադրանքով:



Պատկերասրահի արդեն նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանն էլ իր բացման խոսքում նշեց, որ պետությունը, ինչպես ժամանակին, հիմա էլ պետք է պատվերներ տա նկարիչներին, ապա, դիմելով հանդիսատեսի շարքերում կանգնած Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, հորդորեց, որ, օրինակ, մի 3 պատվեր կարող էր ինքը տալ, մի 3 պատվեր՝ ուրիշը, ու այդպես կունենայինք ցուցահանդես, որը պատիվ կբերեր մեր կերպարվեստին: Քաղաքապետն էլ իր հերթին հակադարձեց Միրզոյանին, թե ինքն իր հետ արդեն 8 նվեր բերել է, այն է՝ Էջմիածին քաղաքը ցուցահանդեսին մասնակցել է 8 նկարիչների 8 նկարներով, դրան գումարած անձնական հավաքածուից Սիմոն Գալստյանի դիմանկարը: Միրզոյանն այստեղ էլ նկատեց, որ եթե նա այդ նկարները գնած լիներ ու նվիրեր, նոր կողջուներ դա: