Ավանդական ջահերթից մինչեւ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա-ֆորում

Ավանդական ջահերթից մինչեւ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա-ֆորում

Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովն ինչ միջոցառումներ, հանդիպումներ է ծրագրել, ովքեր են ներգրավված լինելու դրանցում, ովքեր են գալու Հայաստան, հարցեր, որոնք այս օրերին հետաքրքրում են բոլորին, հատկապես որ ինֆորմացիոն առումով տեղեկատվությունը մեծ չէ եւ հասանելի չէ անգամ armeniangenocide100.org կայքում, որն ստեղծվել է, կարծես, հենց այդ խնդիրը լուծելու համար: 8 օր առաջ հարցում էինք ուղարկել armeniangenocide100.org կայքին՝ խնդրելով հանգամանալից տեղեկատվություն տրամադրել մի քանի հարցերի վերաբերյալ, բայց առնվազն 8 օր պահանջվեց (մի քանի անգամ հիշեցումներից հետո միայն), որպեսզի Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող կայքը պատասխանի հարցերին, որոնք դժվար է ամբողջականորեն պատասխաններ համարել, որովհետեւ թերի են, մակերեսային եւ կրկնում են հանձնաժողովի տարածած մամլո հաղորդագրությունները: Այնուամենայնիվ, ներկայացնում ենք դրանք առանց խմբագրման:



- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարտ եւ ապրիլ ամիսներին ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Երեւանում:



- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջիկա միջոցառումը կայանալու է մարտի 18-20-ին` «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա-ֆորում Երեւանում: Ապրիլին 22-23-ին Երեւանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում, որը հանցագործության մասին խոսելու հարթակ է լինելու: Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն: Նույն օրը Երեւանում կայանալու է System of a Down խմբի համերգը, նաեւ` ավանդական ջահերթ դեպի Ծիծեռնակաբերդ: Ապրիլի 24-ին արտասահմանյան ներկայացուցչությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում կանցկացվի ոգեկոչման հիմնական արարողությունը: Այլ միջոցառումների մասին հանձնաժողովը տեղեկատվություն կհրապարակի մարտ ամսի երկրորդ կեսին:



- Արդեն պա՞րզ է, թե պետական մակարդակով ապրիլի 24-ին որ երկրներից ինչ քաղաքական դեմքեր են ներկա լինելու Երեւանում:



- Միջոցառումների եւ բարձրաստիճան հյուրերի մասին տեղեկատվություն հանձնաժողովը կտրամադրի ապրիլ ամսվա առաջին տասնօրյակում:



- Որքա՞ն գումար է նախատեսվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպելու համար:



- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմում ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինություն, որը համակարգում է աշխատանքները: Միջոցառումների վրա հիմնականում ծախսվում են բարերարների կողմից տրված նվիրատվությունները: Հանձնաժողովը 100-րդ տարելիցից հետո միջոցառումների կազմակերպման համար ծախսված միջոցների մասին կներկայացնի հաշվետվություն:



- Տեղեկացրել էիք, որ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Խնդրում եմ նշել գումարի չափը, եւ կոնկրետ ինչին է ուղղվել գումարը՝ փրոմոշնի՞ն, ֆիլմի նկարահանումների՞ն:



- Հանձնաժողովն աջակցել է ֆիլմի փրոմոշնին:



- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը տեղյա՞կ էր, որ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ֆիլմ է նկարահանում Հայոց ցեղասպանության մասին եւ ի՞նչ դիրքորոշում ունի այդ ֆիլմի նկատմամբ:



- Հանձնաժողովը տեղյակ չի եղել այդ ֆիլմի նկարահանումների մասին եւ որեւէ կերպ չի աջակցել:



- Հավանաբար տեղյակ եք, որ «Անմոռուկի» պատկերով շապիկներ, «թիթեռնիկներ», կախազարդեր (բրիլոկներ) են պատրաստվում եւ վաճառքի պատվերներ ընդունվում: Պետական հանձնաժողովը ինչ-որ քայլեր ձեռք առնո՞ւմ է այդ ուղղությամբ:



- «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում եւ արտերկրում, ու դրա օգտագործումը պետք է արտոնված լինի: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը: Այսուհանդերձ, այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնակատերերը, ովքեր ցանկություն ունեն օգտագործել «Ամոռուկը» հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար, պետք է դիմեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինություն: