Ասել, որ օրենքը հենց ընդունվեց, լավ ֆիլմեր կլինեն` այդպես չէ

Ասել, որ օրենքը հենց ընդունվեց, լավ ֆիլմեր կլինեն` այդպես չէ

Նախագահի հանձնարարականով եւ մշակույթի նախարարի հրամանով «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված են կինոոլորտի առաջատար մասնագետները:
Նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի առաջին նիստը: Թե նիստի ընթացքում մասնավորապես ինչ հարցեր են առաջ քաշվել եւ քննարկվել ոլորտի մասնագետների կողմից, հետաքրքրվեցինք Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից, ով նույնպես ընդգրկված է հանձնաժողովում:



Մեզ հետ զրույցում Գեւորգյանը նշեց. քանի որ առաջին նիստն էր, քննարկել են միայն կազմակերպչական հարցեր, թե ինչ եւ ինչպես պետք է արվի, իսկ օրենքի նախագիծը դեռ չեն հասցրել քննարկել, բայց նախագիծն արդեն երկար տարիներ մշակում են, հիմքը կա, եւ այս փուլում պետք է ավելի ռեալ դառնա, որպեսզի մտնի Ազգային ժողով: Քննարկմանը ներկա են եղել դիստրիբյուտորներ, ռեժիսորներ, տարբեր մասնագետներ, ովքեր նախագծի շուրջ կրկին իրենց դիտողությունները, առաջարկները կանեն: Դրանք կքննարկվեն հաջորդ նիստին, որը տեղի կունենա օրերս. «Օրենքի նախագծի շառավիղը կա, եւ դրա շուրջ պետք է բոլոր կետերով՝ մեկ-մեկ, այնպես անենք, որ ոչ մի ոլորտ՝ լինի փառատոների, հովանավորների, թե հարկային արտոնությունների ոլորտը, քննարկվի, առաջարկներ արվեն, եւ դրանց հիման վրա կառուցվի փաստաթուղթ ու ներկայացվի Ազգային ժողով»:



Թե երբ նախագիծը կներկայացվի ԱԺ, ըստ Գեւորգյանի, քննարկումներն առնվազն մեկ ամիս կտեւեն, որից հետո կներկայացնեն ԱԺ, բայց ԱԺ-ում էլ օրենքը միանգամից չի ընդունվի, առանձին խմբակցություններում քննարկումներ կլինեն, իրենք էլ իրենց դիտարկումները, առաջարկությունները կանեն. «Կարեւորը, որ գործընթացն սկսվել է եւ շատ արագ լուծում կգտնի»:



Կինոկենտրոնի տնօրենը համոզմունք է հայտնում, որ այս անգամ «Կինոյի մասին» օրենքը չեն «քնեցնի», քանի որ նախնական համաձայնություններ կան, եւ մի ամբողջ խումբ է աշխատում, որպեսզի ոչ մի կետ դուրս չմնա նախագծից, կինոյի ոլորտում շատ խնդիրներ կան թե ցուցադրման, թե ֆինանսավորման, թե արտոնությունների հետ կապված: Ըստ այդմ, փորձելու են օրենքի նախագիծը լավագույնս ներկայացնել: Մասնավորապես ի՞նչ կտա օրենքը կինոգործիչներին: Շատ բան է տալու. «Արտոնություններ ֆիլմերի թե ցուցադրման եւ թե տարիքային իմաստով, կտա հարկային, մաքսային արտոնություններ, թե ինչպես պետք է ֆինանսավորվեն, թե եկամուտները, պետական միջոցներից բացի, ինչ միջոցներից կարող են գոյանալ, ինչ կարգով պետք է մասնակցենք եվրոպական կառույցներին: Օրենքը շատ անհրաժեշտ է եւ իրենց համար, եւ արտադրողների, ինչպես նաեւ վարձույթի, փառատոների, համատեղ արտադրությունների համար, այսինքն՝ շատ ու շատ խնդիրներ կան, որոնք մանրամասն պետք է քննարկվեն եւ բոլորի համար ավելի մատչելի, ընդունելի լուծումներ առաջարկվեն Ազգային ժողովում»:



Այն դիտարկմանը, թե հանդիսատեսը հույս ունենա՞, որ օրենքի ընդունումն ուղղակիորեն կանդրադառնա նաեւ լավ ֆիլմեր ունենալու վրա, Գեւորգյանը նկատեց, որ հարցադրումը պրովոկացիոն է, որովհետեւ լավ կինո ունենալու 1-ին գրավականը լավ ստեղծագործողն է, ոչ թե օրենքը. «Երբ Փարաջանովը «Նռան գույնն» էր նկարում, որը համարվում է աշխարհի լավագույն ֆիլմերից մեկը, այն ժամանակ չէին ասում, որ օրենքը տվել է այդ հնարավորությունը, ավելին՝ նրանք խանգարում էին, որ ֆիլմը նկարվի: Ուզում եմ ասել, որ, իհարկե, դա կնպաստի ավելի հեշտ աշխատելու, շփվելու, միջոցներ հայթայթելու, բայց ասել, որ օրենքը հենց ընդունվեց, լավ ու շքեղ ֆիլմեր կլինեն՝ այդպես չէ: Լավ ֆիլմերը պետք է ստեղծեն լավ ստեղծագործողները, բայց այս ամեն ինչը միայն նպաստելու է դրան, օրենքը չի մտնելու ստեղծագործողի ուղեղի մեջ, այլ միայն դաշտն է ստեղծելու, պայմանները»: