Քաղաքագրություն. Ս. Անանիա անապատի դպրոցը, Գյոյ-ջամիի մեդրեսեն

Քաղաքագրություն. Ս. Անանիա անապատի դպրոցը, Գյոյ-ջամիի մեդրեսեն

Խալֆայական տիպի սակավաթիվ «դպրոցները» չհաշված, մեզ հետաքրքրող դարերում կրթությունն ամբողջապես դեռևս գտնվում էր եկեղեցու ձեռքին։ Դպրոցները սովորաբար կից էին վանքերին և, մասամբ, եկեղեցիներին։ Հ. Արարատյանը հաղորղում է, որ Վաղարշապատ գյուղի 700 ընտանիքից (մոտ 3.500 բնակիչ) միայն 10 մարդ էր գրագետ, որովհետև վանական դպրոցներում սովորողների թիվը անչափ փոքր էր և այդ վանական դպրոցները նույնիսկ նվազագույն չափով չէին կարողանում մեղմացնել երկրում տիրող անգրագիտությունն ու տգիտությունը։ Սակայն չենք կարող ընդունել Վ. Ռ. Գրիգորյանի այն տեսակետը, թե «Երևանի խանությունում» XVIII դարի վերջերին «կար ընդամենը երկու փոքրիկ դպրոց», որոնց տակ նա հասկանում է Երևանի Գյոյ-ջամիին կից գործող մեդրեսեն և Էջմիածնի հոգևոր դպրոցը: Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այդ ժամանակներում նշվածներից բացի, դպրոցներ կային նաև ս. Ամենափրկիչ, Հովհաննու, Ուշիի և այլ վանքերում։ Գրեթե բոլոր վանքերում այդպիսի դպրոցներ կային։ Այդ պարզ երևում է թեկուզ Զաքարիա Ագուլեցու հետևյալ վկայությունից. «Յորժամ երթայր (Խոսրով խանը — Թ. Հ.) ի վանորայս, կոչէր զմանունս դպրոցաց, և. տայր երգել զշարական և տաղ»։



 Երևանում ևս Գյոյ-ջամիի մեդրեսեն միակ դպրոցը չէր: Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի ամենահայտնի դպրոցը գործում էր ս. Անանիա անապատին կից։ Այս դպրոցը, ինչպես կտեսնենք, հիմնել էր Մովսես Գ Սյունեցին վարդապետ ժամանակ, Ամիրգունա խանի օրոք, XVII դարի առաջին քառորդի վերջերին։ Այս դպրոցում է սովորել ու գործել Մելքիսեթ վարդապետը, այստեղ է որոշ ժամանակ սովորել նաև Ոսկան Երևանցին, որոնց մասին խոսք կլինի հետագայում։ Ս. Անանիա անապատի դպրոցը բարձր տիպի էր՝ նման Սյունիքի Մեծ Անապատի դպրոցին։ Սակայն, ըստ երևույթին, այն իր բարձրության վրա մնացել է կարճ, ժամանակով։ Դպրոցի հիմնադիր Մովսես վարդապետր Էջմիածնի լուսարար և ապա ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո ս. Անանիա անապատի դպրոցն աստիճանաբար կորցնում է իր նախկին նշանակությունը, վերանում է նրա միաբանությունը, իսկ վանքը վեր է ածվում սովորական եկեղեցու։



 



Մատենադարանի «Մեկնութիւն Հին և Նոր կտակարանաց» վերնագիրը կրող ձեռագրերից մեկի հիշատակարանում, որը վերաբերում է 1781 թվականին, նշվում է Երևանի Կաթողիկե եկեղեցուն կից բացված նորակերտ վարժարանի մասին. «Յիշատակ է Դաւիթ սրբազան կաթողիկոսին ի դուռն Երեւանու Կաթուղիկէ եկեղեցւոյ նորակերտ վարժարանին ի թուին 1230 (1781) եւ ի Դեկտ, ամսեանն», — ասված է այնտեղ։



 



Անուղղակի հիշատակությունները գալիս են ասելու, որ այդպիսի վարժարաններ կային նաև Պողոս-Պետրոս, Կոնդի ս. Հովհաննես և այլ եկեղեցիներում։ Դրանք, բացառյալ ս. Անանիա անապատի դպրոցի, տարրական վարժարաններ էին և կրոնի հիմունքների հետ միասին փոքրավորներին (մոնթերին) գրագիտություն էին սովորեցնում։ Ամենուրեք տարածված էին ծեծն ու մարմնական այլ պատիժները, ավանդվող առարկաների մեծ մասը կրոնական էր, իսկ մյուս մասի մեջ մտնում էին լեզուները։ Որոշ աշակերտների ավանդում էին տարրական գիտելիքներ աշխարհագրությունից, աստղաբաշխությունից և այլ գիտություններից, որոնց ավանդումը դարձյալ հարմարեցված էր կրոնական գաղափարախոսությանը: Երևանի մզկիթներին կից նույնպես տարբեր ժամանակներում և տարբեր տևողությամբ գործել են դպրոցներ, որոնցում սովորել են մահմեդական երեխաները։ Մզկիթներին կից դպրոցները կոչվել են մեդրեսեներ (ուսումնարան)։ Այստեղ երեխաները պատրաստվում էին հոգևորական դառնալու կամ ուղղակի ձգտում էին գրագիտություն սովորել և որոշ գիտելիքներ ձեռք բերել։ Մեդրեսեների ցածր դասարանի ուսուցիչները կոչվում էին մուդարիսներ, իսկ բարձր դասարանների ուսուցիչները՝ վայզեր։ Կային մզկիթներ, որոնց կից գործող դպրոցներում, սկզբից մինչև վերջ, ավանդում էին միևնույն ուսուցիչները՝ մուշտեիդները (муджтеид), որոնց մոտ աշակերտներ էին գալիս տարբեր տեղերից։



 



Երևանի մզկիթների մեջ համեմատաբար ամենից մեծ, մշտական ու կանոնավոր գործող ուսումնարանն ունեցել է Գյոյ-ջամին, որը դպրոցի համար ուներ հատուկ հարմարություններ։ Հայ և օտար շատ հեղինակներ այդ մզկիթի մասին խոսելիս միշտ անդրադարձեք են նրա ուսումնարանին՝ մեդրեսեին9։ Սակայն դրա ուսումնարանը, որ գոյություն ուներ XVIII դարի վերջերից, XIX դարի սկզբների դրությամբ պատկերավոր և մանրամասն նկարագրել է Հաքստհաուզենը։ Նա Խ. Աբովյանի ուղեկցությամբ դիտել է Գյոյ-ջամիի մեդրեսեի առօրյան և ահա թե ինչ է գրում դրա մասին. «Երկու աւուրք առաջ քան զայս՝ առաջնորդութեամբ նորան դարձեալ Աբովեանի տեսեալ էի զմզկիթն, որ շքեղապես և հոյակապ մինարէիւն և վայելչաշէն դրամբքն, կարեմ ասել՝ առաջին շինութիւնն է Երևանայ. առաջի մզկիթն են բազում շինուածք, յորս և դպրոցն նոցա և բնակարանք մոլլայից. ի մտնելն մեր յառաջանում նուագի ընդ պարիսպն մզկթի՝ տեսաք զի յարձակ պատըշգամբք միում նստէին երեսուն աշակերտք ըստ արեւելեան սովորութեան (ծալեալ ոտիւք), ի մէջ նոցա երկու ուսուցիչք նոյնօրինակ նստեալք, կոչէին աշակերտաց երկուս երկուս, և նստուցեալ առաջի իւրեանց համարս առնուին աշակերտք՝ որք պատմէին կամ ընթեռնուին զուսանելիսն, շարժէին անդադար զգլուխս իւրեանց յայսկոյս. մատեանք նոցա ձեռագիր են ի լեզու Պարսից ի գրելն ևս ի կիր առնուն տառս Պարսից, թէև ինքեանք Թաթարք ուսուցանեն աշակերտաց միայն զքանի մի թեթև առարկայս, որպէս զպատմութիւն Նազիր Շահին և այն. և ձեռագիր. ուսուցիչն այնչափ պարտի կրկնել զաւանդեալն, մինչեւ աշակերտք կարող լիցին մեքենաբար ըմբռնել զայն ի լեզու, միանգամայն անծանօթ ինքեանց, սմին իրի է՝ զի սոսկ ընթերցումն և ի գիր ամս ձիգս մաշէ զկեանս ողորմելի աշակերտին. յայլամ տեղւոջ նստեալ տեսաք զմոլլայ մի ծերունի. և առաջի նորա երկու դեռահաս պատանիք. նոքա ունկն դնէին և ինքն երկիւղածութեամբ ընթերցեալ զՂուրանն մեկնէն նոցա»10։



 



Գերմանացի ականատես ճանապարհորդի հուշերից բերված պարբերությունից երևում է, որ Գյոյ-ջամիին կից եղած ուսումնարանում չկային դպրոցի համար անհրաժեշտ տարրական պայմաններ (սեղան, նստարան, գրատախտակ և այլն), գրենական պիտույքներ և տպագիր դասագրքեր։ Թեպետև սովորողները ադրբեջանցի (թաթար) մանուկներ էին, սակայն ուսուցումը կատարվել է նրանց համար միանգամայն անհասկանալի պետական լեզվով՝ պարսկերենով։ Շատ անգամ աշակերտները ոչինչ չեն հաս֊ կացել իրենց դասերից և միայն դրանք մեխանիկորեն անգիր են արել։ Ուսումը տևել է երկար, աշակերտների համար ծանր պայմաններում։ Ուսման հիմնական նպատակը գրագիտություն սովորեցնելն էր և մի փոքր ծանոթություն տալը պատմությունից ու այլ առարկաներից։




Այդպիսին էին մեզ հետաքրքրող շրջանի Երևանի եկեղեցիներին ու մզկիթներին կից գործող ուսումնարանները։ Մի կողմ թողնելով գրանցում իշխող ավանդական արատավոր մեթոդները, ուսման ցածր որակը, դպրոցի համար ամենատարրական պայմանների բացակայությունը և այլ հանգամանքներ, պետք է ասել, որ այդ ուսումնարաններն իրենց ընդհանուր դրվածքով հնարավորություններ չունեին ընդգրկել քաղաքի մանուկների մեծագույն մասին։ Դրանցում սովորողները դպրոցական հասակ ունեցողների միայն մի չնչին տոկոսն էին կազմում։



 



Թ.Խ. Հակոբյան «Երևանի պատմություն»