Կայացան Համազգային պետական թատրոնի պատմության մեջ ամենամեծ հյուրախաղերը

Կայացան Համազգային պետական թատրոնի պատմության մեջ ամենամեծ հյուրախաղերը

Ս. թ. փետրվարին Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում և Կանադայում։ Սփյուռքահայ հանդիսատեսին ներկայացվեցին «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։

Ս․ թ․ փետրվար ամսին կայացան Համազգային պետական թատրոնի պատմության մեջ ամենամեծ հյուրախաղերը՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Հյուրախաղերն իրականացվեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ։
Համազգային թատրոնի հյուրախաղերի մեկնարկը տրվեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության կազմակերպմամբ: Շուրջ տասն օր Նորթ Հոլիվուդի Էլ Փորթալ թատրոնի ճակատային մասում փակցված էր «Համազգային թատերական փառատոն» վերնագրով հայտագիրը։ Հենց այս թատրոնում փետրվարի 3-8-ը ներկայացվեցին Համազգայինի «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։
Թատրոնի այս տարվա հյուրախաղերի առանցքում Հայոց Մեծ եղեռնի հարյուրամ-յակին նվիրված «Շխոնց Միհրան» ներկայացումն էր (հեղինակ՝ Մկրտիչ Խերանյան, բեմադրիչ՝ Դավիթ Հակոբյան)։ Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի մասին պատմող այս հուզիչ պատմության «գլխավոր հերոսներն» են Կարոտը, Հիշողությունների անվերջ պտտվող անիվը և, միևնույն ժամանակ, չմարող Հույսը, ապրելու ու արարելու հայ մարդու Ուժը։



Դպրոցականների համար նախատեսված «Ամենալավ տունը» ներկայացմանը զուգահեռ մշակվել էր հատուկ ծրագիր։ Տասը դպրոցների աշակերտներ հայրենասիրության գաղափարն իր մեջ կրող այս ներկայացումը դիտելուց հետո թեմատիկ շարադրություն էին գրում՝ թղթին հանձնելով իրենց մտքերն ու զգացումները թեմայի շուրջ։
Համազգային թատրոնի լոսանջելեսյան հյուրախաղերը մեծ արձագանք գտան տեղի հայ համայնքի մշակութային կյանքում։ 11 ներկայացումներին ընդհանուր առմամբ ներկա գտնվեցին շուրջ 3850 հանդիսատես։ Ներկայացումներն անցան լեփ-լեցուն դահլիճներում՝ ջերմ ծափողջույնների ներքո։



Հյուրախաղերը բազմիցս լուսաբանվեցին ԶԼՄ-ներով․ մասնավորապես, առանձին ռեպորտաժով հյուրախաղերը մեկնաբանեց Հայլուր լրատվականը, հատուկ անդրադարձներ եղան Հորիզոն հեռուստաընկերությամբ և US Armenia-ի հեռուստաընկերության առավոտյան ծրագրի ուղիղ եթերով, ARTN Շանթ հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց հարցազրույց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ։



Լոս Անջելեսից խումբն ուղևորվեց Սան Ֆրանցիսկո, որտեղ Համազգային հայ կրթական և մշակութային միության «Նիկոլ Աղբալյան» մասնաճյուղի հրավերով փետրվարի 15-ին հանդես եկավ «44 աստիճանի վրա» ներկայացմամբ։ Հայրենադարձության ցավոտ թեման արծարծող այս թատերախաղի գլխավոր հերոսները հենց Սան Ֆրանցիսկոյից են, և ներկայացումը սպասված էր տեղի հայ համայնքի կողմից։ Խաչատուրյան հայկական համայնքային կենտրոնի ավելի քան 300 հանդիսական հյուրընկալող Սարոյան սրահը լեփ-լեցուն էր։ Ներկայացումից անմիջապես հետո Համազգային թատրոնն առաջարկ ստացավ շարունակել համագործակցությունը, և իր հետագա ուղևերություններում անպայման ընդգրկել Սան Ֆրանցիսկո քաղաքը։



Ամերիկյան շրջագայությունից հետո թատրոնն ուղղություն վերցրեց դեպի Կանադա։ Այս ուղևորության կազմակերպման մեջ իր օժանդակությունն ուներ նաև Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը։
Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի Սուրբ Հակոբ Վարժարանի Բաստրմաճյան սրահում, Համազգային հայ կրթական և մշակութային միության Մոնրեալի «Սանահին» մասնաճյուղի կազմակերպմամբ, փետրվարի 21-ին ներկայացվեց «Փրկության կղզի», իսկ փետրվարի 22-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումը։ Տեղի հայ համայնքի շրջանում լայն արձագանք գտած այս ներկայացումները դիտեցին շուրջ 600 հանդիսական։



Փետրվարի 23-ին թատերախումբը մեկնեց Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաք։ Այստեղ, Համազգային հայ կրթական և մշակութային միության «Գլաձոր» մասնա-ճյուղի կազմակերպմամբ, Հայ երիտասարդական կենտրոնի «Համազգային թատերասրահում» փետրվարի 27-ին թատրոնը հանդես եկավ «Փրկության կղզի», իսկ փետրվարի 28-ին և մարտի 1-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումներով։ Երեք ներկայացումներին ներկա գտնվեցին շուրջ 1320 հանդիսատես։



Փետրվարի 19-ին խումբն այցելեց Կանադայում ՀՀ դեսպանատուն՝ մասնակցելու ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի կազմակերպած հյուրընկալությանը, որին ներկա էին համայնքի մշակութային և հասարակական ակտիվիստները։ Հանդիպումը լուսաբանվեց Ռոջերս հայտնի հեռուստատեսության կողմից։ Ելույթ ունեցան դեսպան Ա․ Եգանյանը և թատրոնի տնօրեն Վ․ Մկրտչյանը: Դեսպան Եգանյանը և իր կինը ներկա գտնվեցին Մոնրեալում տեղի ունեցող երկու ներկայացումներին։
Բացի մի շարք տեսարժան վայրերի այցելություններից, Համազգայինի թատերախումբը թե՛ Մոնրեալում, թե՛ Տորոնտոյում այցելություններ ունեցավ հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ, ծանոթացավ սփյուռքի հայկական մարմինների հետ, ինչպես նաև Կանադայի ազգային առաջնորդարանում հանդիպում ունեցավ Տեր Մեղրիկ Փառիկյանի հետ։



Համազգային թատրոնի կանադական հյուրախաղերը հիրավի նշանակալի երևույթ էին տեղի հայ համայնքի մշակութային կյանքում։ Թատերախումբն արժանացավ ջերմ ընդունելության և դրվատանքի խոսքերի։ Հյուրախաղերը լուսաբանվեցին ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ սոց․ կայքերով և այլ ԶԼՄ-ներով։
Ամերիկահայ և կանադահայ համայնքում Համազգային թատրոնի այս հյուրախաղերը գնահատվեցին որպես նշանակալի քայլ հայրենիք-սփյուռք մշակութային կապի ամրապնդման գործում։



---------------------------------
Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991թ. ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից: Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ: 2000թ. կատարվեց սերնդափոխություն՝ թատերախումբ մտան տաղանդավոր երիտասարդներ` Տաթև Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Նարինե Գրիգորյանը, Վարշամ Գևորգյանը, Արմինե Պողոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Կարեն Խաչատրյանը, Գագիկ Մադոյանը և ուրիշներ: Թատրոնին յուրահատուկ շունչ են հաղորդում ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և քանդակագործ-նկարիչ Դավիթ Մինասյանը: 2009թ. թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը, ով նոր ընթացք է հաղորդել Համազգային թատրոնի գործունեությանը:



Համազգային թատրոնի նպատակներն են՝ կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին, ունենալ հավասարակշռված խաղացանկային քաղաքականություն՝ որոշակիորեն առանձնացնելով ժամանակակից հեղինակներին, երիտասարդ ուժերի եռանդն ուղղել հայաստանյան թատերական կյանքը թարմացնելու և ակտիվացնելու գործին: