Ֆրունզե Դովլաթյան․ Մեր կինոյի հսկա ընկուզենին․․․

Ֆրունզե Դովլաթյան․ Մեր կինոյի հսկա ընկուզենին․․․

1966 թվական, Կաննի կինոփառատոն։ Կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը գեղեցիկ ֆրակներով աշխարհի ամենապատվավոր կինոփառոտոնում պատվով ներկայացնում են «Բարեւ, ես եմ» կինոնկարը, որտեղ հայ կինոարվեստը ու հայ մարդը բարձրության գագաթին են․․․
Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927թ.-ի մայիսի 26-ին Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում: Ծնողները շուտ են մահացել։ Հետագայում արդեն ալեհեր Դովլաթյանը, խոր հոգոցով կասի․ «Կարոտով մնացինք, շատ կարոտով մնացինք․․․»։ Դեռևս 15 տարեկան պատանի` նկարահանվել է «Դավիթ - Բեկ» (Մանսուր իշխան), ապա «Անահիտ» (արքայազն Վաչագան) ֆիլմերում: 1942-1953 թթ. Ֆրունզե Դովլաթյանն աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1947-ին ավարտել է այդ թատրոնի թատերական ստուդիան` աշակերտելով Արմեն Գուլակյանին: Մոսկվայում նկարահանել է «Մեր քաղաքի առավոտը» ֆիլմը, որը Վիեննայի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: 1959-1964 թթ. աշխատել է Մոսկվայի Գորկու անվան կինոստուդիայում:
1966-ին Ֆրունզե Դովլաթյանը էկրան է բարձրացնում «Բարև, ես եմ» ֆիլմը, որ շրջադարձային կետ էր հայկական կինոյի պատմության մեջ։ Կա մի զվարճալի հուշ կապված այս ֆիլմի նկարահանումներից, պատմում է Ֆրունզե Դովլաթյանը․ «Բարեւ, ես եմ» կինոնկարում պետք է ուրիշ դերասան խաղար, նույնպես հայ։ Այնպես ստացվեց, որ փորձերի ժամանակ, ես նրան ընտրեցի որպես դերակատար, ոչ թե Ջիգարխանյանին։



Նկարահանումների սկզբում ես այնպիսի հիասթափություն ապրեցի, որ աչքերիս առաջ անընդհատ Ջիգարխանյանն էր գալիս։ Ես մտածեցի՝ այս ինչ հիմարություն արեցի։ Մի հասարակ պատմություն պատմեմ․ Ֆատեւեայի հետ համբուրվելու տեսարանի ժամանակ, ես նկատում եմ, որ այս տղան համբուրվելուց առաջ նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Շրթունքները մի մետր առաջ է տանում ու գնում դեպի Ֆատեեւան։ Ես ասում եմ՝ լսիր համբուրվելու համար պետք չէ նախապատրաստվել, համբույրը ինքնստինքյան պետք է ստացվի։ Իսկ Ֆատեւեան ո՜նց էր հոգնել այդ համբույրներից։ Մի վեց հազար անգամ ես ցույց տվեցի ինչպես է պետք համբուրվել, մի քանի անգամ Ալիկ Յավուրյանը։ Ֆատեւեան դարձավ սրբապատկեր, նկարահանման հրապարակում էլ մարդ չմնաց որ չհամբուրեր նրան․․․իսկ էդ տղան էլի էր շրթունքները առաջ գցում ու առաջ գալիս։ Եկավ Ջիգարխանյանը․․․եկավ տղամարդը ու հենց առաջին դուբլից ստացվեց, նկարահանեցինք»։



Ջիգարխանյանն իր հերթին հետաագայում սիրով է հիշելու Դովլաթյանին․ «Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից»։



60-70-ականների Երեւան էր, Խորեն Աբրահամյան եւ Ֆրունզե Դովլաթյան, երիտասարդ, վառ գաղափարներով ու համարձակ։ Նրանք օրերով կարող էին քայլել քաղաքում, ուղղակի մտնել մի տեղ մի կտոր հաց ուտել։ Այս ընկերության ու երկարատեւ զրույց-քննարկումի արդյունքում սակայն մի նոր որակի հայկական կինո էր ստեղծվում։ «Երկունք» ֆիլմում Աբրահամյան-Մյասնիկյանի մասին Ֆրունզե Դովլաթյանն ասել է․ «Ինչո՞ւ ընտրեցի հենց Աբրահամյանին։ Նա այն դերասաններից չէ, որոնք բավարարվում են ձեռք բերածով։ Շատ բծախնդիր է արածի նկատմամբ։ Կարծում եմ, որ դերասանի ստեղծած կերպարը կմնա մեր կինոպատմության մեջ որպես պատմահեղափոխական ֆիլմերի լավագույն հերոսներից մեկը»։ Ֆրունզե Դովլաթյան-Խորեն Աբրահամյան ընկերները փրկեցին նաեւ «Սարոյան եղբայրները» ֆիլմը, եթե իրենց վրա չվերցնեին այս ֆիլմի աշխատանքները, մենք հերթական անգամ կունենային «կոմունիստական» տրաֆարետային մի կինո, որտեղ մարդը պետք է բացակայեր եւ իշխեր գաղափարախոսությունը։ Սակայն, լավագույն ընկերները, ինքնամոռաց սկսեցին աշխատել, գրեթե ամբողջությամբ փոխվեց սցենարը, եւ դաշնակը առաջին անգամ սովետական էկրանին երեւաց ոչ թե դավաճանի պիտակով, այլեւ՝ մարդու, որն ունի գաղափարներ, զգացմունքներ, հայրենասիրություն։



«Երեւանյան օրերի խրոնիկա» ֆիլմը /1972թ/, նկարահանելուց հետո իսկական «ոդիսաական» ապրեց, ֆիլմից «կտրվեց» ու անխճաբար այրվեց երկրորդ սերիան․ «Ֆիլմն այլանդակեցին․․․»,-հետո ասելու էր Ֆրունզե Դովլաթյանը, որին առաջին ինֆարկտը խփել էր հենց այդ օրերին․․․
Ֆրունզե Դովլաթյանը վերջին երկու, ֆիլմերը եղան «Մենավոր ընկուզենի»-ին եւ «Կարոտը»։ Կինոռեժիսորը մահացել է 1997 թվականի, օգոստոսի 31-ին, Երեւանում։
Հ․Գ․ Տարիներ անց, «Հայֆիլմի» ու հայկական կինոյի մեծ անկումի տարիներին, արդեն ծերացած տաղանդավոր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն, ով իր ուսերին պատվով «կրեց» ու տարավ մեր լավագույն ֆիլմերը, սրտի ցավով կասի․ «Հայֆիլմը» վաճառվելու է․․․լիներ Ֆրունզիկը այս հարցին մի ուրիշ լուծում կտրվեր, բայց նա չկա․․եւ ««Հայֆիլմը» չի լինելու, ահա ինչումն է ցավը․․․եւ այսպիսի կինեմատոգրաֆ այլեւս երբեք չի լինի Հայաստանում․․․»։



Աշխեն Քեշիշյան