ԵՏՄ-Արևմուտք առաջին շփումներն ու հայկական գործոնը

ԵՏՄ-Արևմուտք առաջին շփումներն ու հայկական գործոնը

Մարտի 10-ին Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ» հեղինակավոր հաստատության կողմից կազմակերպվել էր «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը եւ հետագա քայլերը» խորագրով քննարկում, ինչը զարմանալիորեն չարժանացավ հայկական փորձագետների ուշադրությանը, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ կարեւոր հայտարարություններով եւ մեսիջներով էր հագեցած այդ միջոցառումը:



Իսկ միջոցառումը հետաքրքրական էր մի շարք դրվագներով: Միայն այն հանգամանքը, որ այն կազմակերպվել էր ԱՄՆ մայրաքաղաքում եւ եվրոպական հեղինակավոր հաստատության կողմից, խոսուն փաստ էր առ այն, որ Արեւմուտքը ԵՏՄ-ին ճանաչելու եւ հասկանալու կարիք ունի եւ առաջինն է ձեռք մեկնում նոր ձեւավորվող այս կառույցին, ակնկալելով համարժեք պատասխան:



Այս տեսանկյունից բավականին ադեկվատ էր նաեւ Ռուսաստանի պատասխանը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Վաշինգտոն էր գործուղվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ով համարվում է Մաքսային միության հիմնական ճարտարապետը եւ կազմակերպության երկրորդ դեմքը: Այս քայլով Ռուսաստանը պատասխան ազդակ է ուղարկում Արեւմուտքին՝ հասկացնելով, որ պատրաստ է սկսել ճանաչողական գործընթացը:



Կարեւոր էր, որ Եվրոպական ինստիտուտը բավականին հետաքրքիր ձեւաչափ էր ընտրել միջոցառման անցկացման համար: Հաշվի առնելով Վաշինգտոնի լարված հարաբերությունները Մոսկվայի եւ Մինսկի հետ, ինչպես նաեւ Ղազախստանի ոչ միանշանակ ընկալումն Արեւմուտքում, ընտրվել էր ամենահարմար թեման՝ Հայաստանը, իսկ որպես հիմնական բանախոս էր հրավիրվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Ակնհայտ է, որ ԵՏՄ համարյա բոլոր անդամ պետություններից ԱՄՆ-ն եւ Եվրոպան այս պահին քիչ թե շատ բարիդրացիական հարաբերություններ ունեն հենց Հայաստանի հետ: Իսկ եթե հաշվի առնենք հայ համայնքի ազդեցությունը Վաշինգտոնում եւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը բավականին սերտ համագործակցել է ՌԴ երկու վարչապետերի հետ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացում, ապա ակնհայտ է դառնում, որ Արեւմուտքը բավականին ճիշտ է ընտրել իր ռազմավարությունը:
Այս միջոցառումը, փաստորեն, կարեւորագույն քաղաքական մեսիջների փոխանակման հարթակ է հանդիսացել: Նախ միջոցառմանը, բացի ՀՀ դեսպանից, ԵՄ ներկայացուցիչներից եւ ամերիկյան կողմից, մասնակցել են նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Սովորաբար վերջիններս միասնական ճակատով հանդես չեն գալիս, խուսափելով ասոցացվել Ռուսաստանի հետ՝ Արեւմուտքի կողմից առավել բացասական վերաբերմունքի չարժանանալու նպատակով: Սա, հավանաբար, առաջին դեպքն է, որ ԵՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները երրորդ երկրում միասնական են ներկայանում ինչ-որ միջոցառման:



Միջոցառման մասին հասանելի տեղեկատվությունն ուսումնասիրելով՝ կարելի է հստակ ասել, որ միջոցառման մեխը Տատյանա Վալովայայի հետեւյալ երկու հայտարարություններն են եղել: Առաջին, ներկայացնելով ԵՏՄ ապագան՝ նա հայտարարել է, որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումն անխուսափելի է, եւ որ ԵՏՄ-ն 14 պետություններից (մասնավորապես` Իսրայելից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Նոր Զելանդիայից եւ այլն) ստացել է ազատ առեւտրի մասին պայմանագիր կնքելու առաջարկություն: Այս հանգամանքը կարելի է դիտարկել որպես ԵՄ-ին ուղղված համագործակցության բաց առաջարկ եւ ակնարկ առ այն, որ ԵՏՄ-ն բաց է բոլոր տեսակի քննարկումների համար եւ զարգացման մեծ հեռանկար ունի:



Երկրորդ կարեւոր հայտարարությունն արդեն վերաբերել է ԵՏՄ-Արեւմուտք հարաբերությունների հեռանկարին եւ դրանցում Հայաստանի դերին: Վալովայան, անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներում ՀՀ դերակատարությանը, նշել է, որ թեեւ Հայաստանը ԵՏՄ այլ անդամներին զիջում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով, սակայն պետական կառավարման եւ գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծման առումով նա այդ կառույցում առաջատար է: ԵՏՄ-ն կիրառում է անդամ պետությունների լավագույն փորձը, եւ Հայաստանի ձեռքբերումները, ըստ նրա, շատ կարեւոր են: Վալովայան կարեւորել է նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի ունեցած կառուցողական համագործակցությունը: Ընդգծելով թե Արեւմուտքի եւ թե Մերձավոր Արեւելքի երկրների հետ ունեցած Հայաստանի բարեկամական հարաբերություններն ու համագործակցության փորձը` նա հայտարարել է, որ Հայաստանը կարող է այն կապող հարթակ հանդիսանալ Արեւմուտք-Արեւելք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով: Ըստ նրա, «հարթակ» բառն այս պարագայում շատ ավելի գերադասելի է, քան «կամուրջ» բառը, քանզի կամրջով անցնում գնում են, իսկ հարթակի վրա՝ հաստատուն կանգնում:



Միանշանակ է, որ Վալովայան առաջարկում է՝ որպես միջնորդ, Հայաստանը դիտարկել ԵՏՄ-ի եւ Արեւմուտքի շփումներում, եւ ակնհայտ է, որ այս պատասխանատու հայտարարությունն ուղիղ համաձայնեցված է Կրեմլի հետ, որտեղ Հայաստանի նման դերին դեմ չեն: Իսկ եթե հաշվի առնենք Տիգրան Սարգսյանի պատասխան հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների ձեւաչափ հաստատել, եւ որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի ԵՏՄ անդամ երկրների տնտեսական արդիականացման եւ տնտեսությունը բազմազան դարձնելու համար, իսկ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հարուստ փորձը կարող է այդ առումով բավականին օգտակար լինել, ապա հասկանալի է դառնում, որ Հայաստանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել դառնալ ԵՏՄ-Արեւմուտք կապող օղակ:



Թե ինչպես կզարգանան ԵՏՄ-Արեւմուտք հարաբերությունները, կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններից, որոնք ցայսօր շարունակում են լարված մնալ մանավանդ Ուկրաինայի ապագայի շուրջ անհամաձայնությունների, ԱՄՆ-ի կողմից ուկրաինական բանակին զենքի հնարավոր մատակարարման եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման ֆոնին: Սակայն ակնհայտ է, որ կողմերը պատրաստ են համագործակցության եզրեր գտնելու եւ շփումները խորացնելու գործում օգտագործել փոքր Հայաստանի մեծ պոտենցիալը: Այլ հարց է, թե արդյոք ՀՀ իշխանություններն ունա՞կ են նման հարթակ ստեղծելու եւ ԵՏՄ-Արեւմուտք հարաբերություններում էական դեր խաղալու տեսանկյունից:



Գառնիկ  ԳԱԼՍՏՅԱՆ