«Ժառանգությունը» հանդես կգա սահմանի միջադեպերը կանխելու առաջարկներով

«Ժառանգությունը» հանդես կգա սահմանի միջադեպերը կանխելու առաջարկներով

«Ժառանգություն» կուսակցությունն իր վարչության առաջիկա նիստում կքննարկի շփման գոտու միջադեպերը, որոնք կանխելու վերաբերյալ առաջարկներ կներկայացնի Պաշտպանության նախարարությանը եւ գիտնականներին։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին Ազատության հրապարակում ամեն ուրբաթ անցկացվող հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:



«Գիտնականները կոնկրետ հայտարարություններ են արել, որ կարող են ստեղծել այն տեխնիկան՝ դետեկտորները, որոնց միջոցով հնարավոր կլինի թշնամու դիվերսիոն հարձակումները նախապես բացահայտել, բայց մինչեւ օրս դրանք մնացել են օդի մեջ, եւ լուրջ քայլեր չունենք իրականացված: Ադրբեջանի կորուստները չեն կարող փարատել մեր ցավերը. դրա համար իշխանությունը զավթած Հանրապետական կուսակցությունն իր ղեկավարներով, իր գեներալներով եւ օլիգարխներով ամպագոռգոռ արտահայտություններ անելու փոխարեն պարտավոր է օր առաջ քայլեր անել այս ուղղությամբ»,- ասել է Սանասարյանը։



Չնայած Ազատության հրապարակի ամենշաբաթյա հանդիպումներն այս պահին արդյունավետ չեն, «Ժառանգությունը», ըստ Սանասարյանի, շարունակելու է հավաքները Ազատության հրապարակում, մինչեւ իր նպատակին հասնելը՝ միավորել ժողովրդին երկրում իրավիճակ փոխելու համար։



Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր եւս ներկա չէր հանդիպմանը: Նա Միացյալ Նահանգներում է։