Հիմնական պայքարը վարչապետի ու փոխվարչապետի միջև է

Հիմնական պայքարը վարչապետի ու փոխվարչապետի միջև է

ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությունների առաջադրումների փուլն արդեն ավարտված է, ու առաջիկայում թեժ պայքար է սպասվում: Արցախի ընտրությունն ունի հետաքրքրություն առաջացնող հանգամանք. այն տեղի է ունենալու գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտին, այսինքն՝ խորհրդարանի ընտրությունը լինելու է նոր նախագահի ընտրության նախերգանքը, եւ այդ առումով կլինի որոշիչ, թե որ ուժերը կմտնեն խորհրդարան, որ ուժերը մեծամասնություն կկազմեն: Արցախում ձեւավորված իշխանության պատկերից էլ հասկանալի կդառնա, թե Հայաստանում առաջիկա ընտրություններով ինչ իշխանություն ենք ունենալու:



Արցախի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 կուսակցություն՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիքը», ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի համամասնական ցուցակը ղեկավարում է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ընդդիմադիր «Շարժում 88»-ը՝ ԼՂՀ պատգամավոր, ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ղեկավարությամբ, Կոմկուսը, «Ազգային վերածնունդը»՝ Հայկ Խանումյանի, եւ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը՝ Գարիկ Գրիգորյանի ղեկավարությամբ, որի ստեղծման կնքահայրը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է: Կոմունիստական, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը` 34, «Ազատ հայրենիքը»` 50, «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը 6 թեկնածու են ներկայացրել: Ընդդիմադիրների ցուցակների թվից տպավորություն է ստեղծվում, որ այստեղ մեծ հավակնություններ չունեն:



Ի դեպ, ԼՂՀ ԱԺ համամասնական տեղերը 22-ն են, մեծամասնականը՝ 11-ը: ԼՂՀ բոլոր ընտրատարածքներում, ընդհանուր առմամբ, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 քաղաքացի, նրանցից 27-ը՝ ինքնառաջադրումով, թեպետ տեղեկություններ կան, որ Արցախի վարչապետն ու ԱԺ ղեկավարը տարածքներն այնպես են բաժանել իրար մեջ, որ նույն տարածքում մրցակիցներ չլինեն՝ ճիշտ հայաստանյան ընտրությունների պես. այստեղ էլ անցած ընտրություններին ՀՀԿ-ն իր, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի մեջ էր բաժանել, ավելի ճիշտ՝ որոշել, թե ով որտեղ է հաղթելու: Արցախում մեծամասնական մրցապայքարում ակտիվություն է ցուցաբերում նաեւ «Շարժում 88»-ը:



Այդուհանդերձ, տեղեկություններ կան, որ ԱԺ տեղերն արդեն նախապես բաժանվել են, եւ հայտնի է, թե խորհրդարանն ինչ տեսք է ունենալու, կրկին Հայաստանի պես: Համաձայն այդ լուրերի, վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակցությունը 12 տեղ կզբաղեցնի, ԱԺ նախագահինը, հավանաբար, մեկով պակաս՝ 11, ՀՅԴ-ն՝ մոտ 5, գուցե մեծամասնականով եւս 2, 5 տեղ էլ, ասում են, կունենա Վիտալի Բալասանյանի «Շարժում 88»-ը, որը համարվում է Արցախի ընդդիմադիր ընդգծված ուժը: «Շարժում 88»-ի համամասնական ցուցակում Վիտալի Բալասանյանից հետո երկրորդը Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդվարդ Աղաբեկյանն է: Ի դեպ, Ղարաբաղում պնդում են, որ Բալասանյանը Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ կապեր ունի, եւ պրոքոչարյանական ուժերն էլ աջակցում են նրան: Արցախում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 99 հազար է, անցողիկ շեմը 6 տոկոսն է: Ո՞րն է Արցախի ընտրությունների ինտրիգը, եթե ամեն ինչ արդեն հայտնի է, ամեն ինչ արդեն բաշխված է: Եվ պայքարն էլ հիմնականում ընթանում է իշխանության մաս կազմողների, նաեւ իշխանության թեւերի միջեւ:



Մեր տեղեկություններով, ամենաթեժ պայքարն ընթանալու է վարչապետի «Ազատ հայրենիքի» եւ փոխվարչապետի ՀՅԴ-ի միջեւ: Սա նաեւ ադմինիստրատիվ լծակներին տիրանալու պայքար է, քանի որ եթե վարչապետի թիմը մեծամասնություն լինի՝ մեծ ինտերվալով, կառավարությունն էլ կձեւավորի իր հայեցողությամբ: Ապագա նախագահն էլ ստիպված կլինի հաշվի նստել այս ուժի հետ: