ԲՀԿ-ի ֆինանսավորման հարցը դեռ հստակ չէ

ԲՀԿ-ի ֆինանսավորման հարցը դեռ հստակ չէ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Աբրահամ Մանուկյանը երեկ մեզ վստահեցնում էր, որ մարտի 18-ին տեղի ունեցած իրենց խմբակցության նիստին ինքը չի մասնակցել, որովհետեւ լավ չէր զգում, «ուրիշ պատճառ չկար»: Հիշեցնենք, որ դա այն «խորհրդանշական» օրն էր ԲՀԿ-ի համար, երբ պետք է ընտրեին խմբակցության նոր ղեկավար ու քարտուղար: Եվ, ինչպես որ սպասվում էր, խմբակցության ղեկավար ընտրվեց կուսակցության ղեկն ստանձնած Նաիրա Զոհրաբյանը, ում հետ, ըստ մամուլի հրապարակումների, լարված են Մանուկյանի հարաբերությունները, եւ չի բացառվում, որ «լավ չզգալու» պատճառը հենց դա է եղել:



ԲՀԿ-ի հետ հարաբերություններն էլ, ըստ նրա, «լրիվ նորմալ, բարիդրացիական են»: Իսկ կշարունակի՞ նույնկերպ աշխատել կուսակցության եւ խմբակցության նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, Մանուկյանն ասաց. «Բոլոր ընկերների հետ շարունակում եմ իմ աշխատանքը»:



Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե իր եւ Զոհրաբյանի միջեւ կոնֆլիկտն սկսվեց այն բանից, որ Մանուկյանն ինքն էր ցանկանում ստանձնել կուսակցության ղեկավարի պաշտոնը, պարոն Մանուկյանն ասաց. «Նման առաջարկներ եղել են հենց առաջին օրերից, բայց ես ինքս հրաժարվել եմ»: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ով է ֆինանսավորելու ԲՀԿ-ն, ինչպես է իր գոյությունը պահպանելու նորացված կուսակցությունը, եւ արդյոք իր վրա ֆինանսական որեւէ պարտավորություն դրվա՞ծ է, թե՞ ոչ: «Ոչ մի պարտավորություն: Խմբակցությամբ, ամբողջ կուսակցության քաղխորհրդով կհավաքվենք, կորոշենք, դա կարա լինի անդամավճարների կարգով, կարա լինի անհատ գործարարների ներդրած գումարների հաշվին»,-ասաց նա՝ նշելով, որ այս պահին դեռեւս հստակ մեկի վրա դրված չէ կուսակցության ֆինանսավորման հարցը:



Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ հրաժարվե՞լ է կուսակցությունը ֆինանսավորելուց, Մանուկյանն ասաց, որ Ծառուկյանը ԲՀԿ-ի հետ որեւէ առնչություն այս պահին չունի: Դիտարկմանը, թե նա, չնայած իր հայտարարածին, շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ԲՀԿ խմբակցության անդամ, Մանուկյանը հստակ պատասխան չտվեց. «Եթե համագումարը լսել եք, ինքը հստակ ասել է»: