Եվրոպացի պատվիրակները Հայաստանից գիրացած կմեկնեն

Եվրոպացի պատվիրակները Հայաստանից գիրացած կմեկնեն

Պարզվում է՝ Հայաստան ժամանած եվրոպացի պատվիրակներին այստեղ այնքան լավ են հյուրասիրել, որ դիետայի վրա նստած ու հատուկ սննդակարգով ապրող «խեղճ» եվրոպացիները երկու-երեք օրում գիրացել են այնքան, որ շորերը փոքրացել են նրանց վրա: Երեկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության համանախագահ Սաջաթ Քարիմը, օրինակ, հանձնաժողովի վերջին նիստում շնորհակալություն հայտնելով հայկական կողմին՝ հանձնաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու եւ հյուրընկալության համար, հումորով նկատեց. «Ձեր հյուրընկալությունն այնքան լավն էր, որ երբ ես վերադառնամ Միացյալ Թագավորություն, ստիպված եմ լինելու նոր կոստյումներ գնել, որովհետեւ իմ հետ բերածների մեջ արդեն չեմ տեղավորվում»:



Հայկական կողմից համանախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցինք՝ այդ ի՞նչ են հյուրասիրել մեր եվրոպացի բարեկամներին, որ երկու օրում այդպես գիրացել են: Ֆարմանյանը, սակայն, հյուրասիրության մեջ կարեւորեց ոչ թե նյութականը, այլ հոգեւորը: «Որեւէ հատուկ հյուրասիրություն չի եղել, կարծում եմ՝ կարեւորը ոչ թե հյուրասիրության բովանդակությունն է, այլ ոգին եւ սիրտը, որ մենք դնում ենք այդ հյուրասիրության մեջ»,-ասաց նա:



Նշենք, որ այս շաբաթ Հայաստան ժամանած եվրոպացի պատվիրակներին, բացի երեկ նախագահականում տրված ճաշից, նաեւ մի քանի անգամ ընթրելու են տարել: Ընտրությունը կանգ է առել երկու ռեստորանների՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի եւ մերձծառուկյանական հանրահայտ «Օջախի» վրա, որտեղ «համով հաց են տալիս»: Ի դեպ, «Ֆլորենս» ռեստորան է կառուցվել նաեւ Ստեփանակերտում: Նշենք նաեւ, որ «Եվրանեսթի» պատվիրակությունը Հայաստանից կմեկնի կիրակի օրը, մինչ այդ նրանց դեռ պետք է ծանոթացնեն Հայաստանի տեսարժան վայրերին:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ