Էքսկլյուզիվ երջանկություն

Էքսկլյուզիվ երջանկություն

Ազգային ժողովի անպարտաճանաչ եւ հանրությանը կա՛մ իրենց «հերոսություններով» հայտնի, կա՛մ էլ բոլորովին անհայտ պատգամավորները, ովքեր ԱԺ նիստերին գրեթե չեն մասնակցում, մասնակցելիս էլ ընդամենը գալիս գրանցվում, քվեարկում եւ կես ժամ չանցած «թռնում են» ու երբեւէ մի բառ անգամ ասած չկան ԱԺ ամբիոնից, հանկարծ կարող են հայտնվել ԱԺ հանձնաժողովների նիստերին: Թե ինչ հանձնաժողով է դա, կամ ինչու են իրենք անդամակցում եւ անդամակցել են, որ ինչ անեն, դժվար թե իմանան, բայց մարդաքանակ, կարեւորը, ապահովում են: Հատկապես՝ քվեարկությունների ժամանակ: Երեկ, օրինակ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նիստից ուրախ-զվարթ դուրս եկան հենց վերը նշված կատեգորիայի մի խումբ պատգամավորներ, որոնց հանդիպելն այդ նիստին մեզ անկեղծորեն զարմացրեց: Նրանց թվում էին գեներալական հայտնի զույգը՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, «Քեթրին գրուպի» Արթուր Ստեփանյանը եւ ԲՀԿ-ի նախկին «պարծանք» Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: Հանուն արդարության պետք է նշենք, որ գեներալներ Սեյրանն ու Մանվելը ԱԺ նիստերին գրեթե պարտաճանաչ գալիս են ու մոտավորապես 17 րոպե անց պարտաճանաչ էլ լքում օրենսդիր «խրամատը»: Նրանք նաեւ առավելություն ունեն շատերի նկատմամբ նրանով, որ այս ընթացքում մարդա մի-մի անգամ ելույթ են ունեցել ԱԺ ամբիոնից: Արթուր Ստեփանյանն էլ է երբեմն ԱԺ միջանցքներում ու դահլիճում երեւում՝ կրկին մինչեւ 17-20 րոպե: Իսկ, ահա, «քրեական աստղ» Յուվեցի Կարոյին դատարաններից բացի նաեւ Ազգային ժողովում բռնացնելը էքսկլյուզիվ «երջանկություն է» շատերի համար: Ու հիմա խիստ տարօրինակ էր, որ նրանք, ԱԺ նիստերը թողած, որոշել էին հանկարծ պաշտպանության հարցերի հանձնաժողովի, որի անդամ են իրենք, նիստին մասնակցել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր դասալիքների՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ