Հայաստանում «Եվրոպական շաբաթ»՝ նվիրված Ռուսաստանին «քլնգելուն»

Հայաստանում «Եվրոպական շաբաթ»՝ նվիրված Ռուսաստանին «քլնգելուն»

Հայաստանում ոչ պաշտոնապես հայտարարված «եվրոպական շաբաթն» այս օրերին ձեռքի հետ վերածվեց նաեւ Հայաստանում իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին սուր քննադատության ենթարկելու շաբաթի: «Եվրանեսթի» ու Եվրախորհրդարանի մի շարք պատվիրակներ, այս օրերին ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, ամեն առիթով փորձեցին իրենց բացասական վերաբերմունքն ու կոշտ դիրքորոշումը հայտնել Ռուսաստանի ու այդ պետության վարած քաղաքականության նկատմամբ: Եվրոպացիների քննադատության հիմնական մեխը, իհարկե, ռուս-ուկրաինական հակամարտությունն էր: Դրան գումարվեց նաեւ մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով ամենամյա ֆորումի ժամանակ ռուս լրագրողի հնչեցրած հարցին Սերժ Սարգսյանի պատասխանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: Այստեղ էլ ՀՀ նախագահն էր վերջապես անթաքույց արտահայտել իր մտահոգություններն ու բացասական վերաբերմունքը բարեկամ եւ գործընկեր Ռուսաստանի այս քայլի վերաբերյալ, ինչը լուրջ քննարկումների առիթ տվեց:



Երեկ էլ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ամփոփիչ հանձնաժողովի բրիտանացի համանախագահ Սաջաթ Քարիմն առիթը բաց չթողեց՝ «քլնգելու» Ռուսաստանին: Նա նշեց, որ Ռուսաստանը եւ նրա վարած ագրեսիան լուրջ խնդիրներ են առաջացրել իրենց համար, եւ որ Ռուսաստանի այդ վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, ինչը խիստ մտահոգում է Եվրոպային: Խոսելով Հայաստանում ժողովրդավարության մասին, ինչը, ըստ նույն այդ հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, բացակայում է մեր երկրում, Քարիմն ակնարկեց, որ եթե Հայաստանի հարաբերություններն այս տեմպով շարունակվեն Ռուսաստանի հետ, ապա Հայաստանում կշարունակի տիրել ժողովրդավարության ու ժողովրդավարական արժեքների այս մակարդակը:



Մյուս կողմից պետք է նկատենք, որ, ի բարեբախտություն մեզ, Եվրոպան դեռ երես չի թեքել մեզանից ու նույնիսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ֆոնին էլ շարունակում է բանակցել, երկխոսել ու հարաբերությունների զարգացման լուրջ հեռանկարներ քննարկել՝ իհարկե, սեփական շահերն աչքի առաջ ունենալով: Եվրոպացիներն արդեն ավելի թափանցիկ են խոսում նաեւ Հայաստանի հետ եվրոպական ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին՝ չմոռանալով հիշեցնել, որ, չնայած Եվրասիական տնտեսական միության կազմում լինելուն, Հայաստանի հետ իրենք ունեն նաեւ տնտեսական խորը համագործակցային կապեր, զորօրինակ՝ GSP+համակարգը, որից եվրոպացիները մեզ չեն զրկել: Այս օրերին սկսեցին շրջանառվել նաեւ Հայաստանը ԵՏՄ-ից պոկելու հեռանկարի մասին տեսակետներ՝ չբացառելով, որ Հայաստանում անցկացված այս «եվրոպական շաբաթը» միգուցե նմանատիպ գործընթացի սկիզբ դնի:



Այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին: Վերջինս մեր դիտարկմանը, թե մեկ շաբաթ է, ինչ եվրոպացիները մեր երկրում սուր քննադատության են ենթարկում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, հնարավո՞ր է, որ Հայաստանը վերանայի իր հարաբերությունները ԵՏՄ-ի ու Ռուսաստանի հետ, ասաց. «Բացարձակ: Ինչպես նկատեցիք, Եվրախորհրդարանի մեր գործընկերների ներկայությամբ էլ կրկնեցի, որ Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի Դաշնության հետ իր ռազմավարական գործընկերությունը եւ հետայսու եւս շարունակելու է խորացնել այդ համագործակցությունը»: Նրա խոսքով՝ Հայաստանն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցությունը երբեք չի հակադրելու Եվրամիության, Միացյալ Նահանգների կամ այլ ուժային կենտրոնների հետ հարաբերություններին, եւ դրանք համադրելը մեր լավագույն շահերից է բխում:



«Այն, որ այսօր միջազգային հարթակներում, ցավոք սրտի, որոշակի կոնֆլիկտային իրավիճակ գոյություն ունի, Դուք գիտեք՝ Հայաստանի պաշտոնական մոտեցումն այսպիսին է, մենք ողջունել ենք գոյություն ունեցող խնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով լուծումը եւ Մինսկ-1, Մինսկ-2 գործընթացներում ձեռք բերված պայմանավորվածությունների ճանապարհով լուծելու օգտին ենք մենք հանդես գալիս»,-ասաց նա՝ ցավով նկատելով, որ Հայաստանը, որպես պետություն, առավել մեծ հնարավորություններ չունի, որպեսզի կարողանա միջնորդական ջանքեր գործադրել մեծ խաղացողների հարաբերությունները պարզեցնելու ուղղությամբ՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է, որ այդ խնդիրներն օր առաջ լուծում ստանան:



Անկախ պատգամավոր եւ նույն հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն էլ, ով մշտապես դեմ է եղել ԵՏՄ-ին անդամակցությանն ու կողմ՝ Եվրամիությանը, ասաց, որ դա եվրոպացիների կարծիքն է, եւ չի կարծում, թե նման քննադատությունները՝ ուղղված Ռուսաստանին, կարող են որեւէ բացասական ազդեցություն թողնել Ռուսաստանի գործընկեր Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վրա, եւ դա, ըստ էության, մեր երկրի դիրքորոշման հետ կապ չունի: «Դա իրենց կարծիքն է, իրենց դիրքորոշումն ու իրենց մոտեցումն է, որի վրա մենք չենք կարող ազդել: Ավելին, չեմ կարծում, որ դրանից Ռուսաստանն ազդվել կամ ազդվում է, որովհետեւ ամբողջ աշխարհում նույն մոտեցումներն իրենք հնչեցնում են»,-ասաց նա:



Իսկ մենք կարո՞ղ ենք դրանից ազդվել, եւ հնարավո՞ր է, որ այդ քննադատությունները՝ ուղղված Ռուսաստանին, որեւէ մեսիջ հաղորդեն մեզ, Մարուքյանն ասաց, որ կոնկրետ ինքը չի ազդվել, եւ իր համար պարզ է եվրոպացիների կարծիքը, մեսիջ հաղորդելու հարց չկա այստեղ: Հարցին՝ Հայաստանին ԵՏՄ-ից պոկելու գործընթաց Եվրոպայի կողմից ինքը նկատո՞ւմ է, ԱԺ անկախ պատգամավորն ասաց, որ ոչ, չի տեսնում. «Եվրոպացիներն ասում են, որ դա ձեր ինքնուրույն, սուվերեն որոշումն է, եւ դուք գիտեք, թե ինչ եք անում»: