Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանի հայտարարությունը անկապ լինել, պարոն Շարմազանով

Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանի հայտարարությունը անկապ լինել, պարոն Շարմազանով

ՀՀԿ խոսնակ և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, ինչ վերադաձել է արտասահմանից, արդեն քանի օր է, փորձում է հասարակությանս համոզել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը կապ չունի Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների և հատկապես այն հայտարարության հետ, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը լավ չի նայվում մեր կողմից:



Ճիշտն ասած՝ ես չգիտեմ թե ով է այդ բաներն իրար կապել, բայց որ դրանց կապը միանգամայն հնարավոր է, չի կարելի ժխտել: Խնդիրն այս պահին, սակայն, Սերժ Սարգսյանի հայտարարության և իրավիճակի սրման կապը բացահայտելը չէ: Եթե կուզեք իմանալ՝ լավ է նույնիսկ, որ կապ լինի դրանց միջև: Ի վերջո մենք պե՞տք է բարձրաձայնեինք խնդիրը, թե՞ պետք է շարունակեինք լռել ու մեզ ձև տայինք, որ բոլորս Արտաշես Գեղամյան ենք, Խոսրով Հարությունյան կամ էլ մանավանդ Հայկ Բաբուխանյան:



Հիմա, ասեք տեսնեմ, ումի՞ց եք նեղացել, պարոն Շարմազանով: Մեր թվարկած տրիոն, եթե հիշում եք, երբ առաջին անգամ 4 միլիարդի զենքի գործարք կնքվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, օրը երկու անգամ հայտարարում էր, թե դա Ռուսաստանի և Ադրբեջանի առևտրային խնդիրն է, թե ռուսական զենքը Ադրբեջանը չի կիրառի մեր դեմ, թե այդ զենքի բանալիները Ռուսաստանն իր մոտ է պահում, թե Ադրբեջանը զենքը, միևնույն է, ուրիշից էլ կառներ, եթե Ռուսաստանը չվաճառեր: Ինչպիսի ապուշություն: Կարծում եմ, Ադրբեջանը նաև այս կարգի հայտարարություններն էր իր մոտ գրառում, ինչպես, ըստ Ձեզ, գրառում է այն հրապարակումները, թե Սերժ Սարգսյանի հայտարարության ու սահմանին իրավիճակի սրման միջև կապ կա; Թող գրառեն, թող լինի այդ կապը, որ զենք վաճառողն ու գնողը իրենց հաշիվ տան վերջապես, որ Ռուսաստանը հասկանա, որ չի կարելի զենք տալ ահաբեկիչներին, որ նրանք ընդունակ են այդ զենքը գնելով՝ Ռուսաստանին փաստի առջև կանգնեցնել իր ռազմավարական գործընկերոջ մոտ:



Ի վերջո պե՞տք է միջազգային հանրությանը հասկացնել, թե ինչու է Ադրբեջանն այդպես լկտիացել, ի՞նչ զենքով է վեր-վեր թռչում: Մեր զոհերը իզուր չպետք է անցնեն: Տղերքը կյանք չեն տալիս, որ մենք այստեղ ռուսալեզ սրիկաներ խաղացնենք ու ցույց տանք, թե ամեն ինչ OK է;



Պարոն Շարմազանով, իսկ չե՞ք բարեհաճի, արդյոք, բացատրել, թե ինչո՞ւ մեր ռազմավարական գործընկերն այդքան լոյալ պահեց իրեն, երբ Կարսում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահները կատարեցին Ռուսաստանը շրջանցող նոր գազամուղի հիմնարկեքը: Սա, ի դեպ, շատ կարևոր պահ է՝ մեր մեծ եղբոր վարքագծի մեջ: Արդյոք, ռուս-թուրք-ադրբեջանական հերթական գործարքն արդեն չի՞ կայացել մեր թիկունքում և դա չէ՞, արդյոք, սահմանին իրավիճակի սրման բուն պատճառը:



Հուսամ՝ այդպես չէ:



Էդիկ Անդրեասյան