Կապանի քաղաքապետը մեկնել է Իսպանիա, դիտելու «Բարսելոնա»-ի խաղը

Կապանի քաղաքապետը մեկնել է Իսպանիա, դիտելու «Բարսելոնա»-ի խաղը

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, պարզվում է, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մեծ երկրպագու է: Նա մտերիմների հետ մեկնել է Իսպանիա եւ ներկա եղել Իսպանիայի առաջնության սուպերկլասիկոյին՝ Բարսելոնա-Ռեալ Մադրիդ խաղին, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի Բարսելոնա-Մանչեստր Սիթի հանդիպմանը: Քաղաքապետը մեկնել է մարտի 17-ին, վերադարձել օրերս, համենայնդեպս երեկ՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ նա շնորհավորանք է տարածել: Իսկ իսպանական անմոռանալի հանգիստը Աշոտ Հայրապետյանն անցկացրել է Hotel Spa Villa Olimpic Suites 4 աստղանի հյուրանոցում, այցելել է քաղաքի տեսարժան վայրեր, Opium գիշերային ակումբ եւ այլն: Բարսելոնայի Camp Nou ստադիոնում քաղաքապետը դիտել է մարտի 19-ին եւ 22-ին կայացած խաղերը՝ Բարսելոնա-Մանչեստր Սիթի, Բարսելոնա-Ռեալ, գոռացել է «գոլ» եւ ծածանել հայոց եռագույնը: Ի դեպ, այդ խաղերի տոմսերի արժեքը 140-1250 եվրո է, իսկ նրանք զբաղեցրել են առաջնակարգ տեղեր, որի միջին գինը 450 եվրոյի սահմաններում է: Մենք հասկանում ենք, որ Աշոտ Հայրապետյանի փառահեղ եւ շքեղ հանգիստը լավ աշխատելու գրավականն է: Մնում է հուսալ, որ այնքան, որքան նա սիրում է «Բարսելոնա» թիմը, գոնե դրա կեսի չափ կսիրի Կապանը եւ կլուծի քաղաքի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրները: