«WEB ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

«WEB ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

Ամփոփվեց «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը, որի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: Փառատոնի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Չորրորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Փառատոնի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միհրան Ստեփանյանը, կինոպրոդյուսեր Յուլյա Գրիգորյանցը եւ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, արդյունքներն ամփոփեց մարտի 26-ին՝ մեկ ամիս շարունակ դիտելով webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 42 ֆիլմերը:



«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23 000 դիտում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից (թվարկվածներն առաջին հինգ երկրներն են՝ ըստ դիտողների թվի):
««WEB ԾԻՐԱՆ» համահայկական օնլայն կինոփառատոնը եզակի հնարավորություն է ընձեռում սկսնակ կինոգործիչներին ցուցադրելու իրենց տաղանդը, գրավելու հանրության, ինչպես նաեւ ֆիլմարտադրողների ուշադրությունը եւ հետաքրքրությունն իրենց ստեղծագործությունների հանդեպ` ունենալով ինտերնետի հնարավորությունները՝ որպես հիմնական գործիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեր երիտասարդ կինոգործիչներին մաղթում է հաջողություններ եւ ծրագրերի իրականացում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը՝ լուսնի վրա» ֆիլմը, որի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Գլխավոր մրցանակակիրը պարգեւատրվել է 400 000 ՀՀ դրամով:
Սահմանված էին նաեւ երկու խրախուսական մրցանակ եւ «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Առաջին խրախուսական մրցանակին արժանացել է Նահապետ Սարգսյանի «Էխո» ֆիլմը (օպերատոր` Վահե Տերտերյան): Երկրորդ խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանի «Գորգեր» ֆիլմը (օպերատոր՝ Գաբրիել Միրաքյան):
«Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվեց Անի Հակոբյանին`«Ուղերձ» ֆիլմի համար, որը դիտել էր 3 366 օգտատեր:



Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:
«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված են եղել նաեւ ֆիլմեր, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս համատեքստում փառատոնի հատուկ դիպլոմին է արժանացել Սասնուհի Մանուկյանի «Տատս» ֆիլմը:



«WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնի գլխավոր նպատակներից մեկը կինոարտադրության ոլորտում մուլտիմեդիա համակարգերի զարգացումն է եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության խրախուսումը: Այս համատեքստում փառատոնի դիպլոմին է արժանացել Նարե Գալստյանի «Ես եմ» դիպլոմային ֆիլմը, որը նկարահանված է հեռախոսով: