Կարեն Աղամյանը՝ ԵՏՄ-ի օգուտների մասին

Կարեն Աղամյանը՝ ԵՏՄ-ի օգուտների մասին

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը դրական տեղաշարժ է նկատում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից հետո ստեղծագործական միություններին ընձեռված հնարավորությունների շնորհիվ: Նկարիչների համար դա իրենց ցուցահանդեսների նկարները ԵՏՄ անդամ պետություններ առանց մաքսատուրքի տեղափոխելու հնարավորությունն է:



«Երբ պետք է ինչ-որ նկար արտահանել եվրոպական որևէ երկիր որևէ ցուցահանդեսի մասնակցելու կամ վաճառելու, նկարիչը պարտավոր է Ֆրանսիայի մաքսատանը որոշակի գումարներ վճարել, քանի որ նա ապրանք է ներմուծում: Նույնը նաև Ամերիկայում և այլ երկրներում է: Ճիշտ է, հաճախ դրան ուշադրություն չեն դարձնում, բայց դա խնդիր է, որը միշտ կա»,– ասել է նա:

«Իսկ այժմ մենք ձերբազատված ենք ամբողջ ԱՊՀ երկրների տարածքում, Ռուսաստանում, ես կարող եմ տանել իմ նկարները ցուցահանդեսի, առանց որևէ մաքսատուրք վճարելու»,- ավելացրել է Կարեն Աղամյանը։

ՀՀ նկարիչների միության նախագահը համոզված է, որ առաջիկայում կտեսնենք շոշափելի դրական այլ արդյունքներ ևս, իսկ ամենակարևորը այն է, որ ըստ արվեստի գործչի` դարերով Ռուսաստանի` համաշխարհային նշանակություն ունեցող մշակույթի հետ սերտ կապը, հայկական մշակույթի համար ամենափայլուն արդյունքներն է գրանցել, իսկ ասվածի վկայությունն է, ըստ նրա, 20-րդ դարի ամբողջ ընթացքում մեր սերտ համագործակցությունը:



Կարեն Աղամյանի խոսքով՝ խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում հայերն ունեցել են մշակութային արժեք ներկայացնող այն անձերը, որոնցով մինչև այսօր հպարտանում ենք:



«Նորը մենք դեռ չունենք: Կարող ենք հիշել` Սարյան, Խաչատրյան և այլն: Սա եղել է այդ դաշնության միջոցով, գուցե, ուրիշ կերպ է կոչվել, բայց իրականում այդպես է եղել: Այնպես որ, ես դրան շատ լավատեսորեն եմ նայում»,- ասել է Կարեն Աղամյանը: