Մենք չենք ստեղծվել երջանկության համար, երջանկությունից ավելի կարեւոր բաներ կան․․․Անդրեյ Տարկովսկի

Մենք չենք ստեղծվել երջանկության համար, երջանկությունից ավելի կարեւոր բաներ կան․․․Անդրեյ Տարկովսկի

Անդրեյ Տարկովսկի․ Մարդ, որը տեսել է հրեշտակին



Անդրեյ Տարկովսկին ծնվել է 1932թ․ Ռուսաստանի փոքրիկ գյուղերից մեկում։ Նրա հայրը եղել է հայտնի խորհրդային բանաստեղծ Արսենի Տարկովսկին, իսկ մայրը որպես սրբագրիչ աշխատել է հրատարակչությունում։ Հայրը լքել է ընտանիքը, երբ Անդրեյը ընդամենը երեք տարեկան էր: Նրանց ընտանիքը բավական աղքատ էր։ Փայտե տանը մշտապես ցուրտ էր եւ փողը ոչինչի չէր բավականացնում։ Անդրեյն ապրում էր կանանցի հոգատարության ու սիրո մեջ՝ տատիկի, քրոջ եւ մոր հետ։ Հետագայում նշանավոր կինոռեժիսորը կխոստովանի, որ առանց հոր դժվար էր, իհարկե, բայց այդ փաստը էական ազդեցություն է ունեցել իր բնավորություն ձեւավորման վրա։ «Այն ամենը ինչ ես ունեմ կյանքում, պարտական եմ մորս»,-ասել է Տարկովսկին։



Հետագայում, իր հայտնի «Հայելի» (1974 թ.) ինքնակենսագրական ֆիլմում Տարկովսկի նկարահանում է մանկության հուշերը, հոր հեռանալն ընտանիքից, կենցաղային դժվարությունները, շրջափակումը՝ Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) ժամանակ, միայնակ մոր կերպարը: Թերեւս Տարկովսկին հետագայում ներել է հորը, քանի որ առանց որեւէ չարության ու վիրավորանքի հոր մասին գրել է․ «Իմ կյանքում հայրս հսկայական դեր է ունեցել, քանի որ նա պոետ էր… Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել ե՛ւ նրա պոեզիան, եւ նրա տեսակետները ռուսական գրականության, եւ ընդհանրապես արվեստի մասին: Իմ հայրը, անկասկած, այսօր ամենամեծ ռուս պոետն է, հսկայական հոգեւոր լիցքով»։



1954-ին նա ընդունվել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոռեժիսուրայի բաժինը։ Ուսանողական տարիներին Անդրեյը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Իրմա Ռաուշի հետ, հետագայում ծնվում է նրանց որդին՝ Արսենին։ Շուտով նրանք ամուսնալուծվում են՝ պատճառը երիտասարդ մի աղջնակ էր՝ Լարիսա անունով, ով կինոռեժիսորի հետ աշխատում էր նրա «Անդրեյ Ռուբլով» ֆիլմի վրա։ Նրանք ամուսնանում են, հետաքրքիր է, որ Լարիսան ամբողջ կյանքում Տարկովսկու հետ «Դուք»-ով խոսեց, նա խելագարի պես սիրում էր Տարկովսկուն ու մահացավ անմիջապես նրան մահից հետո․․․թեեւ նրանց ամուսնական կյանքն էլ իդեալական չէր, կյանքի վերջին տարիներին ամուսինները հաճախ վիճում էին պատճառը՝ կինոռեժիսորի նոր սիրավեպն էր՝ նորվեգացի պարուհի Բերիտի հետ։ Երբ ծնվեց նրանց որդին, Տարկովսկին այլեւս չկար․․․



Ռեժիսորին համաշխարհային ճանաչում բերեց «Իվանի մանկությունը» ֆիլմը (1962 թ.)։ Հետագայում Տարկովսկու նկարահանած բոլոր ֆիլմերը մշակութային նշանակալի իրադարձություններ էին ոչ միայն Խորհրդային միությունում, այլեւ՝ նրա սահմաններից դուրս։ Նրա «Անդրեյ Ռուբլյով» կինոնկարը (1971 թ.) ներառվել է կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում: 1985 թվականին Տարկովսկին Շվեդիայում նկարահանեց իր վերջին «Զոհաբերություն» ֆիլմը։ Նույն թվականին բժիշկները նրա մոտ ախտորոշեցին թոքերի քաղցքեղ։ 1986 թվականի դեկտեմբերի 29-ին, 54 տարեկան հասակում, Փարիզում, մահանում է նշանավոր կինոռեժիսորը։ Նրա գերեզմանին գրված է․ «Մարդ, որը տեսել է հրեշտակին»։



ՀԳ․ «Ես բացարձակապես չէի կարողանա ապրել, եթե իմանայի իմ կյանքի մարգարեությունը։ Թերեւս կյանքը կորցնում է իր իմաստը, եթե իմանում ես` ինչպես այն կավարտվի: Ես, իհարկե, նկատի ունեմ սեփական ճակատագիրը: Այս իրողության մեջ կա ինչ-որ անհավանական, գերմարդկային մեծահոգությունն ինչ-որ մեկի, ում առջեւ մարդն իրեն մանուկ, խոցելի եւ միեւնույն ժամանակ պաշտպանված է զգում: Դա արված է, որ մեր գիտելիքները թերի մնան, որպեսզի չխեղենք անսահմանությունը, որպեսզի հույս ունենանք:
Չիմացությունը՝ ազնիվ է, իմանացությունը՝ գռեհիկ /Անդրեյ Տարկովսկի/




Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ