Էս ինչ խուտուտչիների, КВН- շչիկների տարափ է մեր գլխին թափել

Էս ինչ խուտուտչիների, КВН- շչիկների տարափ է մեր գլխին թափել

«Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ մեկ ամիս է, ինչ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որն օրենքը մշակելուց հետո այն պետք է ներկայացնի ԱԺ՝ հաստատման: Այդ առիթով երեկ լրագրողների հետ հանդիպման էին եկել կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի կարծիքով, կինոյի մասին օրենքն անհրաժեշտություն է, որը բավականին կհեշտացնի հայկական կինոարտադրությունը, մասնավորապես կընձեռի համատեղ ֆիլմարտադրությունների, արտադրական եւ հետարտադրական պրոցեսների, ֆիլմերի տարածման հնարավորություն: Բացի այդ, ըստ նրա, կարիք կա, որ այսօր Հայաստանում ստեղծվի նաեւ արտոնագրային սիստեմ, այսինքն, լինի ինչ-որ կառույց, որն իրավունք կտա, թե վարձույթում ինչ ֆիլմեր ցուցադրվեն: Այս առաջարկն օրենքում կընդգրկվի, թե ոչ, դեռ պարզ չէ: Իսկ 293 մլն դրամ ֆինանսավորումը, որ տրվում է պետության կողմից, մեկ ֆիլմի բյուջե էլ չի կազմում: Դա նշանակում է, որ ոչ միայն պետպատվերը պետք է շատանա, այլ պետք է լինի հատուկ ծրագիր՝ պետպատվերով ֆիլմեր նկարահանելու:



Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ հիշեց 90-ականների կինոգործիչների հանդիպումն այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, ով ասել էր, որ նրբերշիկ ու կինո արտադրողը պետք է լինեն նույն հարկային դաշտում. «Մեր կինոն կամաց-կամաց դարձավ նրբերշիկ: Մյուս կողմից էլ, մենք ականատես եղանք թվային հեղափոխությանը, որը ողջունում եմ, բայց դա բերեց նրան, որ յուրաքանչյուր շքամուտքում հայտնվեցին 6 ռեժիսոր, 75 դերասան, կինոարտադրությունն էժանացավ՝ դարձավ ավելի մատչելի, դրան գումարվեց կրթական խնդիրը»: Ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր նաեւ Հրանտ Բագրատյանը, նշելով. «Կարելի՞ է մի հատ ապացույց ներկայացնել, թե ես նման բան եմ ասել: Եվ սա այն դեպքում, երբ ես առաջինն եմ եղել, որ պարտավորվեց կինոյի պետական պատվեր իջեցնել պատերազմի ծանր տարիներին»:



Ըստ Բաղդասարյանի, կինոյի մասին օրենքը պետք է նպաստի մասնավոր ներդրումներին, բայց կա մի վտանգ, որ այդ ցածրորակ ֆիլմերը կօգտվեն դրանից, որովհետեւ գռեհկությունն ու անճաշակությունն իրավաբանական կատեգորիաներ չեն. «Այսօր մենք ունենք հանդիսատեսի դեգրադացված մի զանգված, որն սպառում է տարօրինակ մի բան՝ վճարելով 2 հազար դրամ մի ֆիլմի համար, որ իրեն պետք է վճարեն այդքան, որ գնա նայի»: Նա նկատեց, որ չնայած միշտ դեմ է եղել գրաքննությանը, բայց այսօր կարծում է, որ պետք է ստեղծել մի մարմին, որը լիցենզիա կտա ոչ թե ֆիլմերին, այլ այդ ֆիլմերը նկարողներին:



Դերասան Միքայել Պողոսյանն էլ խնդիրն այսպես ձեւակերպեց. «Ընդհանրապես, ո՞վ է այսօր ֆիլմ նկարում, որպես օրենք, նրանք, ովքեր գումարներ են հայթայթում, բայց մի՞թե դրանց մեջ մտնում են արժանավորները, բնականաբար՝ ոչ: Էս ի՜նչ խուտուտչիների, КВН-շչիկների տարափ է մեր գլխին թափել: Ես սկզբում դա ողջունում էի, բայց երբ դա սկսում է հեռուստատեսություն, հետո թատրոն, հիմա էլ կինեմատոգրաֆ ներխուժել… եթե «Սուպեր մաման» 1 մլն գումար է աշխատել, ինչի՞ մասին ենք մենք խոսում, ասեցի գնամ էդ ֆիլմը նայեմ, 15 րոպեից փախա: Արմենչիկի ֆենոմենն ինչո՞ւմ է, որովհետեւ նա վճարում է, ու մեր ամենալավ երաժիշտները գնում թիկունք են կանգնում Արմենչիկին: Նույնն սկսվում է մեր կինոյի մեջ՝ ամենալավ կամերաներով են նկարում, ամենալավ օպերատորներին են վերցնում, ինչ դերասան ուզում են՝ փողը տալիս են, գնում նկարահանվում են եւ արդեն չափանիշ են ստեղծում հայ կինոյում: Սրա մեջ է աբսուրդը»:



Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նույնպես կողմ է օրենքին, բայց լավ կլինի, որ այդ օրենքի ստեղծմանը մասնակցեն կինոգործիչները: Ըստ նրա, դա պետք է լինի արտոնությունների եւ սահմանափակումների մի օրենք, որը թույլ չի տա ամեն մարդու մուտքը կինո եւ պատահականությունները կինոյում. «Չի կարելի մայթն ավլել եւ լցնել էկրան, որովհետեւ, ամեն ինչից բացի, հեռուստատեսությունը նաեւ զենք է»: Սերիալների հարցում Ալեքսանդր Խաչատրյանը կարծում է, որ մենք հիանում ենք ռուսական սերիալներով, որովհետեւ նրանք բաժանում չեն դնում սերիալի եւ գեղարվեստական ֆիլմի միջեւ. «Կա մի կարեւոր գործոն՝ լավ ու վատ արված գործ», մինչդեռ մեզ մոտ մոտեցումն այդպես չէ, շատ հաճախ սցենարին հասցնում ես ծանոթանալ սենյակից մինչեւ տաղավար ընկած հատվածում՝ սեփական փորձով դա գիտի:



Բացի Գեւորգյանից, մյուս բոլոր բանախոսները նշեցին, թե տեղյակ չեն օրենքից, ու թե ինչ է նախատեսվում դրանով, բայց Գեւորգյանը շտապեց պարզաբանել՝ նշելով, որ հիմա օրենքը մշակվում է, եւ 10-15 օրից՝ առաջին տարբերակը պատրաստ լինելուն պես, կուղարկեն բոլոր ռեժիսորներին, պրոդյուսերներին. «Բոլորի կարծիքը հաշվի ենք առնելու, այնպես չի, որ միանգամից Ազգային ժողով կներկայացնենք»: Գեւորգ Գեւորգյանը դժվարանում է պատասխանել, թե արդյոք օրենքը կլինի՞ զսպող մեխանիզմ անորակ ֆիլմերի արտադրության համար, բայց փաստ է, որ չի կարող սահմանափակել որեւէ մեկին, ով իր հեռախոսով կուզենա ֆիլմ նկարել: Միքայել Պողոսյանն էլ նկատեց, որ այսօր մեր երկրում պատգամավորներն անգամ կինո են նկարում: Մինչդեռ իրենք չարչարվում են, ֆիլմ նկարում, եւ հետո այդ գումարի մեծ մասը հարկերի ձեւով գնում է պետությանը: Բանախոսները համաձայնեցին, որ օրենք ունենալը, այն ընդունելը եւ աշխատեցնելը տարբեր բաներ են: Հակառակ դեպքում փայլուն Սահմանադրություն ունենք, որը, չգիտես ինչու, չի աշխատում: