Դոկտոր-պրոֆեսորի պատմական անդրադարձը

Դոկտոր-պրոֆեսորի պատմական անդրադարձը

Գաղտնիք չէ, որ անգրագիտությունն ու դիլետանտությունը մեր երկրում վերածվել են չվերահսկվող եւ ահագնացող երեւույթի: Ավելին, տխուր այս իրողությունը դարձել է մեր առօրյայի մշտական ու անփոփոխ մի մասը: Դրանում համոզվելու համար բավական է միայն փոքր-ինչ քայլել Երեւանի փողոցներով՝ ուղղագրության սխալներն ամենուր են. հայտարարությունների ցուցանակներին, խանութների ցուցափեղկերի ետեւում, շենքերի մուտքերի շուրջբոլորը, պատերին, սյուներին եւ նույնիսկ մայրուղիների հսկա գովազդներին:



Բայց, անտարակույս, մեր լեզվի՝ մեր ոսկեղենիկ հայերենի ներկայիս անմխիթար վիճակի գլխավոր ցուցիչը հեռուստատեսությունն է:



Այսօր, առանց բացառության, բոլոր հեռուստաալիքներից ամեն օր սխալ ուղղագրություն եւ, դրա հետ միասին, սխալ ուղղախոսության անսպառ «գոհարներ» են հորդում: Հաղորդավարների մեր հերոս ահել-ջահելներն ասում-խոսում են ինչ պատահի. «սենց», «հլը», «համ էսպես, համ էնպես», «մոտիկացավ», «կկապնվենք»… հեռուստատեսային այս բառամթերքին մեր ականջները վաղուց արդեն վարժվել են: Փոխառնված բառերի ծ-ավորումը հեռուստաեթերում կարծես համընդհանուր նորմի է վերածվել՝ բոլորը, մեկը մյուսին հետեւելով, ասում են՝ «ծեխնիկա» «կոլեկծիվ», «տակծիկա» եւ այլն:



Մնում է ավելացնել «առաջի», «վերջի» ձեւերը (լեզուս չպտտվեց ասեմ բառերը): «Առաջին», «վերջին» բառերի փոխարեն այս ձեւերն է գերադասում արդի մեր հաղորդավարների (լինեն դրանք թեկուզ «Շողակաթի»-ի հոգեւոր այրերը) եւ սրանց հյուրերի 99%-ը:
Բայց մի՞թե բարձիթողի այս տոտալ իրավիճակը հենց լեզվին է վերաբերում: Նույնպիսի վիճակում է հայտնվել այսօր մասնագիտական ամեն մի բնագավառ, գիտելիքի ցանկացած ոլորտ, մասնաճյուղ: Ահա մի այսպիսի ցցուն օրինակ եմ ցանկանում ստորեւ ներկայացնել (որից ավելի լավը, երեւի, հնարավոր էլ չէ բերել): Խոսքն այստեղ դարձյալ հեռուստատեսությանն է վերաբերում, որը մեր դարում, ինչ խոսք, դարձել է անվիճելի թիվ 1 ԶԼՄ-ն:



Մեզանից շատերին է ծանոթ արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը՝ հարգարժան մի անձնավորություն, բարեկիրթ, խորիմաստ եւ միաժամանակ համեստ ու զուսպ անհատ, ով վիրտուալ կերպով տիրապետում էր իմացության սեփական բնագավառին: Մարդ, որն ունի գիտամանկավարժական հարուստ կենսագրություն, իրականացրել է պետական-հասարակական ակտիվ գործունեություն, զբաղեցրել ՀՀ ռադիոհեռուստապետկոմի նախագահի պաշտոնը: Եվ այսօր էլ Հովհաննիսյանն ակտիվորեն զբաղվում է սիրած մասնագիտությամբ եւ զուգահեռաբար հանդես գալիս հեռուստատեսությամբ՝ վարելով մեկից ավելի հաղորդաշար:
Չեմ թաքցնի՝ ես ինքս էլ, երբ ժամանակ եմ ունենում, դիտում եմ Հովհաննիսյանի հաղորդումները, որոնցում ինձ հաճույք է պատճառում նրա կիրթ եւ հղկված խոսքը: Հարգարժան դոկտոր-պրոֆեսորն այդ հաղորդումների շրջանակներում մեզ է փոխանցում տարողունակ գիտելիքներ ոչ միայն արվեստի, այլեւ ճանաչողության բազմապիսի մյուս ոլորտներից, որոնք, անտարակույս, հարստացնում են իմ իմացության պաշարը գիտության, կյանքի եւ մարդ-արարածի մասին: Բայց վերջերս «Հոգեւոր հայրենիք» հաղորդաշարի (որը հեռարձակվում է «Հանրային» հեռուստաալիքով) մարտի 17-ի կրկնության ժամանակ իմ կողմից հիշատակված բանախոսի բերանից լսում եմ բաներ, որոնք զարմանքի ու տարակուսանքի զգացումներ առաջացրին իմ մոտ: Հովհաննիսյանը զուգահեռներ էր անցկացնում իր հայրենիքի եւ համաշխարհային պատմությունների միջեւ: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը:



Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսորն իր զուգահեռներն սկսեց հետեւյալ միտքն արտահայտելով. «Արեւմուտքում նոր պատմությունն սկսվում է 1789թ.-ից, դա Նապոլեոնի դարաշրջանն է…»: Բայց մի՞թե սույն արտահայտությունը ճշմարիտ է: Որքանո՞վ է բանախոսի միտքը նույն այդ պատմության տեսանկյունից արդարացի: 1789թ.-ն, հիրավի, սկզբնավորեց նոր պատմության ժամանակափուլը, քանզի այդ թվականին սկսվեց ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունը, որը պատմության հետագա ընթացքի վրա թողած արմատական փոփոխությունների համար ստացել է նաեւ «դասական» բնորոշումը:



Ի՞նչ կապ ունի 1789 թ.-ն Նապոլեոնի հետ. վերջինս, իր դիկտատուրան հաստատելով, մեկընդմիշտ վերջ տվեց հեղափոխությանը, այն ամենին, ինչ հիշեցնում էր այն: Իսկ դիկտատոր Բոնապարտն իշխանության է եկել 1799թ.-ին, ուստի Նապոլեոնի դարաշրջանը, եթե կարելի է այդպես արտահայտվել, սկսվել է ոչ թե 1789թ.-ին, այլ՝ 10 տարի անց:



Մինչդեռ հարգարժան պրոֆեսորը, բացելով իր խոսքը նոր պատմության մասին, չանդրադարձավ եւ նույնիսկ չհիշեց վերոհիշյալ հեղափոխության մասին:
Այնուհետեւ Հովհաննիսյանը, հետադարձ հայացք նետելով նախորդ դարաշրջանի վրա, նշեց փաստեր, որոնք… ուղղակի խոսում են պատմության չիմացության մասին: Նախ, թույլ տվեց ոչ ճիշտ բնորոշում՝ օսմանյան սուլթան Սուլեյման 1-ինին բնութագրելով «Ահեմ» մականվամբ: Ներողություն, բայց այդ հզոր սուլթանը պատմությանը նման բնորոշմամբ ծանոթ չէ. վերջինս հայտնի է «Սուլեյման Մեծ», «Սուլեյման Փառահեղ կամ Հոյակապ», նույնիսկ «Սուլեյման Կանունի» մակդիրներով, բայց ոչ «Սուլեյման Ահեղ» հորջորջմամբ: Այսպիսի բնութագրությամբ պատմության մեջ է մտել Սուլեյմանի հայրը՝ Սելիմ 1-ին սուլթանը, այն է՝ «Սելիմ Յավուլ»:



Լավ, ընդունենք, թե մարդն անունները շփոթել է: Բայց հենց նույն նախադասության մեջ այդ մարդը թույլ է տալիս մեկ ուրիշ, այս անգամ՝ ավելի որոշակի վրիպում. ըստ մեր պրոֆեսորի, հիշատակված սուլթան Սուլեյմանը 1553թ.-ին ուղերձով դիմել է ֆրանսիական թագավոր Ֆրանցիսկ 1-ինին: Ինչպե՞ս դա կարող էր լինել, երբ այդ թվականին վերջինս այլեւս կենդանի չէր, Ֆրանցիսկ 1-ինի կառավարման տարիներն են՝ 1515-1547 թթ.:
Հաջորդիվ Հովհաննիսյանն իր հեռուստատեսային ելույթում նշեց, որ 1806 թ.-ին օսմանյան լծից ազատագրվել է Սերբիան, իսկ 1821թ.-ին՝ Հունաստանը: Եվ դարձյալ մի նախադասության մեջ միանգամից երկու պատմական սխալ. նախ, պատմությանը քիչ թե շատ ծանոթ ամեն ոք գիտի, որ թուրքական լուծը հույներն ավելի շուտ են թոթափել, քան բալկանների սլավոն ժողովուրդները: Հունաստանն ազատագրվել է ոչ թե 1821, այլ 1829թ.-ին, 8-ամյա երկարատեւ ու արյունալի պայքարից հետո, իսկ պետական անկախության էլ հասել է 1830թ.-ին, 1821 թ.-ն ընդամենը ազատագրական պայքարի սկզբնաթիվն է: Ինչ վերաբերում է Սերբիային, ապա սա անհամեմատ ուշ է ազատագրվել՝ 1878թ.-ին, վերջին ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, եւ 1806թ.-ն, ինչպես տեսնում ենք, այդ երկրի ազատագրման ու անկախացման հետ որեւէ կապ չունի:



Ի դեպ, նկատենք, որ օտարի լծից ազատագրման այս օրինակները Հովհաննիսյանը ներկայացնում էր՝ դրանք հարաբերական համեմատության մեջ դիտարկելով սեփական ժողովրդի անցած պատմական ուղու հետ, այն իմաստով, որ, ահա, տես, հարգելի հեռուստադիտող, թե մենք՝ հայերս, աշխարհաքաղաքական պատճառներով որքան ենք ետ մնացել պատմական զարգացման արեւմտյան չափանիշներից: Հավանաբար, դա այդպես է, բայց այդ դեպքում արդարացի հարց է ծագում. որքանո՞վ են տեղին եւ հիմնավոր հարգարժան պրոֆեսորի անցկացրած այդ պատմական զուգահեռները: Դատենք ինքներս՝ տվյալ համեմատությունը բանախոսի կողմից անցկացվում էր Արեւելյան Հայաստանի ազատագրման եւ այն Ռուսական կայսրության մեջ մտնելու պատմական հայտնի իրադարձության տեսանկյունից: Սույն իրադարձությունը, ինչպես գիտենք, տեղի է ունեցել 1828թ.-ին: Ուստի այս թվականի համեմատությամբ որքան ավելի վաղ է տեղի ունեցել հույների եւ սերբերի ազատագրումը, եւ այս առումով որքան են հիշյալ ժողովուրդները հաջողել պատմական առաջընթացի ասպարեզում: Այս տեսանկյունից, ինչպես տեսնում ենք, Հովհաննիսյանի բերած զուգահեռները պարզապես համոզիչ չեն:



Հարություն ԳՐԻԳՈՐՅԱՆ