Հայաստանյան պրեմիերա. Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանյան պրեմիերա. Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 8-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6-ը «Ողբերգական»։



Համերգը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։
Գուստավ Մալերը 1904-ի ամռանն իր նամակներից մեկում, անդրադառնալով Թիվ 6 սիմֆոնիային, գրում է. «Վեցերորդս պատրաստ է։ Կարծում եմ՝ ինձ հաջողվեց։ Հազար անգամ բա′ստա…»։ Դիրիժոր և մալերյան երաժշտության մեծ գիտակ Վիլեմ Մենգելբերգը, իր կարծիքը հայտնելով 6-րդ սիմֆոնիայի մասին, ասել է. «Դրանում ձայնի միջոցով փոխանցված է հսկայական ցնցող ողբերգություն, սարսափելի աղետի պայմաններում զոհված հերոսի տիտանական պայքար»։



Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատահական չէ ընտրված Մալերի «Ողբերգականը»։ Ապրիլին այլ ստեղծագործություն չէր կարող ներկայացվել։ «Ողբերգականն» ունի թեմատիկա, և այս ներկայացումը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումն է։



Սերգեյ Սմբատյանը նկատեց նաև, որ Մալերի 6-րդ սիմֆոնիան երաժշտական աշխարհի ամենաբարդ սիմֆոնիկ ստեղծագործություններից է, և նվագախումբը մշտապես դրական լիցքեր է ստանում՝ բարդագույն գործերը հաղթահարելուց։ Նա նաև ընդգծեց, որ Երիտասարդական նվագախումբն այսուհետև ավելի հաճախ կանդրադառնա Մալերին։